Գերմանիայում 1949 թվականից ի վեր առաջին անգամ տապալվել է նոր կանցլերի ընտրությունը, որ իրականացվում է խորհրդարանում: Ֆրիդրիխ Մերցը, որը Քրիստոնեա-դեմոկրատների և Քրիստոնեա-սոցիալիստների դաշինքի և Սոցիալդեմոկրատների միջև կոալիցիայի թեկնածուն է, չի կարողացել առաջին անգամից ընտրվել կանցլեր:
Նրան անհրաժաշետ 316 ձայնից պակասել է 6 ձայն: Ընդ որում, հատկանշականն այն է, որ կոալիցիայի ուժերը համախառն ունեն առավել, քան բավարար ձայներ:
Նրանք, ընդհանուր առմամբ, խորհրդարանում ունեն ավելի քան 400 մանդատ, սակայն փաստորեն չեն կարողացել Մերցի համար ապահովել անհրաժեշտ 316-ը: Սա, իհարկե, վկայում է Գերմանիայում քաղաքական իսկապես խորքային ճգնաժամային իրադրության մասին, որը՝ չնայած փետրվարին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությանն ու նոր կոալիցայի մասին համաձայնությանը, իր խորքում թերևս շարունակում է պահպանվել:
Դրա հետևանքն է թերևս, որ փաստացի երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ հնարավոր չի լինում կանցլեր ընտրել առաջին փորձից: Իհարկե, Գերմանիայի խորհրդարանում դա միակ «աննախադեպ» իրողությունը չէ, որ արձանագրվում է երկրորդ համաշխարհայինից ի վեր:
Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը աջ-պահպանողական ուժ է՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը, ի դեպ, վայելում է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի լիակատար և բավականին ակտիվ աջակցությունը:
Դեռևս փետրվարին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ այդ կուսակցությանը բացահայտ աջակցություն հայտնեց վարչակազմի առանցքային դեմքերից մեկը՝ Իլոն Մասկը, որն, իհարկե, այժմ, կարծես թե, այլևս պաշտոնյա չէ, սակայն, շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի վարչակազմի «ոչ պաշտոնական խոսնակ»:
Խորհրդարանի ընտրությունից անմիջապես առաջ էլ Մյունխենի անվտանգության համաժողովում փոխնախագահ Վենսը իր սկանդալային ելույթում Գերմանիային հորդորեց ձեռնպահ մնալ քաղաքական մրցակիցների դեմ պայքարի «հակադեմոկրատական» քայլերից:
Սա ուշագրավ հանգամանք է, որովհետև բառացիորեն մի քանի օր առաջ էլ՝ փաստորեն կանցլերի ընտրությունից շատ կարճ ժամանակ առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր արել, կարելի է ասել սկանդալային գրառում Իքսում:
Ռուբիոն գրել էր, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է հատուկ ծառայություններին լիազորել ընդդիմության հանդեպ ավելի խիստ հետախուզման հնարավորությամբ՝ դա համարելով «տիրանիա»:
Ռուբին նշել էր, թե Գերմանիայի համար վտանգը ոչ թե ԱԳՀ կուսակցությունն է, այլ միգրանտների մեծ հոսքը: Բեռլինը արձագանքել էր ԱՄՆ պետքարտուղարին՝ նրա գնահատականը համարելով անընդունելի:
Ահա այդ ֆոնին, ընդամենը 3-4 օր անց Գերմանիայի խորհրդարանում՝ 1949 թվականից ի վեր առաջին անգամ տապալվում է առաջին փորձից կանցլերի ընտրությունը: Սա գուցե նշանակում է, որ Գերմանիայի քաղաքական իսթեբլիշմենտում բաժանարար գծերը լոկ այսպես ասած կուսակցական չեն՝ իշխանություն-ընդդիմություն տրամաբանությամբ, այլ անցնում են, թերևս, նաև կառավարող կոալիցիայով, հետևաբար կարող են լրջորեն դրսևորվել ցանկացած այլ պահի:
Իսկ պահերը Գերմանիայում և Գերմանիայի շուրջ թերևս ունեն «ակտիվանալու» միտում, պայմանավորված, իհարկե, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակնառու բարդությամբ, միևնույն ժամանակ, իհարկե, ավելի լայն իմաստով Գերմանիայի առաջ լրջորեն կանգնած է այսպես ասած «նոր Եվրոպայի» կամ այլ կերպ ասած՝ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության խնդիրը, որն, իհարկե, իրենից ենթադրում է շատ ավելի բարդ ու բազմաշերտ իրողություն, քան պարզապես ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունը:
Բաց մի թողեք
Երևանն ինչու է անարձագանք թողնում Պեկինի առաջարկը
Ռուսաստանին ի՞նչ է սպասում հետկոնֆլիկտային փուլում
Ինչո՞ւ Լուկաշենկոյի քայլերը Հայաստանի իշխանությունների դժգոհությունը չեն հարուցել