Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Զեկույցը, ըստ էության, ծավալուն հաշվետվություն է դատախազության՝ անցած տարվա աշխատանքի մասին եւ հագեցված է թվախեղդ ձեւակերպումներով ու թվային համադրություններով, փաստական տվյալներով, տեղ-տեղ էլ մանիպուլյատիվ թվացող, խրթին մեկնություններով, որոնք հազիվ թե ընկալելի լինեն միջին վիճակագրական ընթերցողի համար:
Զեկույցին անդրադառնալուց, անշուշտ, ձեռնպահ կմնամ՝ խնայելով առողջությունս, բայց ՀՀ դատախազության գործունեության ցանկով գերակա համարվող առաջին երկու կետի շուրջ դատողություններ.
Ահա թե որոնք են դատախազության օրակարգի զույգ առաջնահերթ թեմաները. ա/ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, պետությանը վերադարձված գույքերն ու դրամական միջոցները եւ բ/ Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի հսկողությունից մինչեւ պատիժների եւ հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն:
Ապօրինի ծագման գույքի կամ, այլ կերպ ասած, «նախկինների» թալանի վերադարձը եւ կոռուպցիայի դեմ պայքարը այն թեմաներն են, որոնց կարգավորման խոստումներով էր Նիկոլ Փաշինյանը 2018-ին եկել իշխանության: Հիմա վաղուց անցել են խոստումներն ի կատար ածելու ժամկետները, սակայն այդ ուղղությամբ գործնական ոչ մի քայլ չի արվել:
Ավելին՝ անցած բավական երկար ժամանակաընթացքում թալանի վերադարձի խնդիրը մատնվել է մոռացության, իսկ կոռուպցիան ոչ միայն ծաղկել-փթթել է, այլեւ ստացել է համակարգային բնույթ: Փաստերը բազմաթիվ են ու շատերին լավ հայտնի, բավական է հիշատակել ՔՊ իշխանության օրոք հիմնադրված «ԱՆԻՖ» ՓԲԸ-ն, որն այսօր հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում:
Ասում են՝ «ԱՆԻՖ»-ի (լրիվ անվանումը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ») մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել, որի մասին Հիմնադրամի ներկայիս ղեկավարությունը տեղյակ չէ, իսկ մասնաճյուղի կողմից իրականացված որեւէ ծրագիր գետնի վրա գոյություն չունի:
Ի դեպ՝ հիմնադրման օրվանից մինչեւ 2023թ. նոյեմբեր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր: Թե ուր են չքացել պետական բյուջեից հիմնադրամին փոխանցված միլիարդները, ոչ ոք չգիտի՝ անգամ պարոն Ավինյանը: Իրավապահները մոտ երկու տարի քրքրում են այս քրգործը, բայց ոչ մի մեղադրյալ, կասկածյալ ու ձերբակալված անձ ցայսօր «ջրի երես» դուրս չի եկել:
Ակնհայտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի եւ կոռուպցիայի դեմ պայքարի թեմաները պատահականորեն չեն հայտնվել Գլխավոր դատախազության օրակարգի ավանգարդում: Եվ չի բացառվում, որ դրանում խառն է վարչապետի աշխատակազմի կամ անձամբ հենց վարչապետի մատը:
ԱԺ ընտրությունները՝ լինեն արտահերթ, թե հերթական, սարերի ետեւում չեն: Խոստմնազանցության իմաստով Փաշինյանի դիրքերն աննախադեպ խոցելի են: Նա ոչինչ չունի ասելու իր ընտրողին, դրա համար մտածում է ապագա ընտրարշավից առաջ այդ երկու հիմնախնդիրը գոնե թեժ պահել՝ տպավորություն ստեղծելով, թե խոստումների կատարման ուղղությամբ, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվում է:
Բայց թարսի պես խորհրդարանական ընդդիմությունը հենց կոռուպցիայի թեմայով է սկսում ու ավարտում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանները՝ փորփրելով նրա ամենազգայուն վերքը՝ կոռուպցիան, որի վերացման խոստում տվել է, բայց խոսքին տեր չի կանգնել: Ավելին՝ ինքն է թիմի հետ միասին հայտնվել կոռուպցիայի հորձանուտում:
Դրանից էլ իր մոտ ջղագարության հասնող բռնկումներ են սկսվում, հենց որ կոռուպցիայի անունը մեջտեղ են բերում: Հուսով էր, որ «կիրթ» գործընկերը կստորագրի խաղաղության բաղձալի «թուղթը»: Բայց, ավաղ, չի ստացվում: Բոլոր կողմերից ձախորդությունները վրա են տվել: Անգամ յուրայիններն են ինչ-որ ակնարկներ նետում, որոնց մեջ հանդիմանանքի թաքնված շեշտեր է տեսնում:
ԱԺ-ում Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթում անդրադարձ եղավ ատելության խոսքի, խուլիգանության, բռնության կոչի, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումներին:
Աննա Վարդապետյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, ինչը երեւում է յուրաքանչյուր քրգործից, յուրաքաչյուր քրգործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր մեղադրական եզրակացությունից:
«Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետեւում են մարդիկ… Դուք նրանց վարքագծային մոդելն եք եւ, ըստ այդմ, կարծում եմ՝ պետք է ունենալ ինքնավերահսկողություն եւ բարձրացնել հարցեր՝ առանց անձնական վիրավորանքների»,- ընդգծել է նա:
Որ ճիշտն ասենք՝ գլխավոր դատախազն իրավացի է, երբ ինքնավերահսկողության կոչ է անում, հորդորում՝ զերծ մնալ միմյանց անձնական վիրավորանք պատճառելուց: Է՛հ, նրան լսողն ո՞վ է: Ազգային ժողովի նիստերը «բոլոլայի» են վերածվել՝ հուրախություն մեր չուզողների:
Նախկինում էլ խորհրդարանում վեճեր, բախումներ լինում էին, բայց դրանք հիմնականում գաղափարների ու սկզբունքների շուրջ էին: Հիմա բաժանարար գծեր են քաշել՝ «մենք-նրանք», «ղարաբաղցի-հայաստանցի», եւ հարմար տեղավորվել իրենց դիրքերում: Կռիվ է, որ տալիս են՝ լեզվակռվից մինչեւ ձեռնամարտ:
Կռիվ սադրողն ու դրան տոն տվողներն էլ պետության առանցքային դեմքերն են՝ վարչապետը, ԱԺ խոսնակը, նրա տեղակալները եւ այլք:
Անկռիվ անցած օրը իշխող քաղաքական ուժի համար կորսված օր է: Ասում են՝ ՔՊ-ի մոտ գարնանային սրացումներ են, որոնք չեն մարում: Թվում է՝ երբեմնի գաղջը իր տասնամյա անցյալից վերադարձել է տասնապատիկ խտացված, մռայլին մոտարկված գույներով ու ելեւէջներով:
Տեսնողը զարմանում է՝ այս ե՞րբ հայոց խորհրդարանի մթնոլորտը ողողվեց այսքան մաղձով, չարակամությամբ, ատելության խոսքով: Հատկապե՛ս ատելության խոսքով: Մեկ բան ակնհայտ է՝ չարիքը գալիս է գլխավորապես մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը կամ «վարքագծային մոդելը», ինչպես պատկերավոր բնութագրել է տիկին դատախազուհին, բոլորիս մտքով անցնող անձն է:
Նա՛, ով Ազգային ժողովի նիստերին ամեն անգամ գալիս է հատուկ «բոլոլա» սարքելու մարմաջով: Ինչը նրան ամենալավն է հաջողվում:
Բաց մի թողեք
Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից, Բաքու՞ն
Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը
Ի՞նչ արդյունք են քողարկում ստանդարտ արձանագրումները