13/06/2025

Գործող իշխանությունը «մեզնից խլել է տոները»՝ մայիսյան եռատոնի կորստի մասին և ոչ միայն

Գործող իշխանությունը «մեզնից խլել է տոները», խոսում են մայիսյան եռատոնի կորստի մասին: Ֆորմալ առումով, իհարկե, այդպես է. չկա Արցախ, Ստեփանակերտում տոնախմբություններ և զբոսախնջույքներ չեն կազմակերպվում, լրատվամիջոցները հայրենասիրական հրապարակումներ չեն անում, հեռուստաէկրաններից հայտնի և ոչ այնքան անհայտ դեմքերը սերունդներին գերված Արարատը վերադարձնելու պատգամ չեն տալիս:

Բայց ի՞նչ ասել է «եռատոն», արարողակարգ, որ աշխարհի ոչ մի երկիր չի տեսել, չունի և չի ունենալու, որովհետև պետությունն ունենում է ազգային մեկ տոն: Եթե հիմք է ընդունվել Շուշիի ազատագրումը, ապա այն փաստացի տեղի է ունեցել մայիսի 8-ին:

Ո՞վ և ինչո՞ւ է ռազմական հաջողության օրը համապատասխանեցրել ֆաշիզմի դեմ հաղթանակած խորհրդային օրացույցին: Եթե խոսքը Պաշտպանության բանակի կազմավորման մասին է, ապա դա փաստացի տեղի է ունեցել Շուշիի ազատագրումից ավելի քան չորս ամիս հետո՝ 1992-ի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման առաջին տարեդարձի օրը, իսկ ֆորմալ ձևակերպվել ավելի ուշ:

Իսկ առհասարակ, եթե ղարաբաղյան Շարժման, ինքնապաշտպանական պատերազմի բուն նպատակը Հայաստան-Արցախ միավորումն էր, իսկ դա այդպես է և ամրագրված է ԼՂԻՄ Մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի և 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստի որոշումներով, ապա որպես հաղթանակի օր պետք է նշվեր մայիսի 18-ը:

1992 թվականի այդ օրն են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատագրել Լաչինը և բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ցամաքային ճանապարհը: Շուշիի ազատագրումը ԼՂ-Հայաստան միավորման ճանապարհի առաջին քայլն է, հռչակագրված նպատակն իրականություն է դարձել Զաբուխի ձորի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատմամբ:

Այդ ֆիզիկական-փաստացի միավորումն է շուրջ երկու տարի սնուցել Լեռնային Ղարաբաղը: Այլապես 1992 թվականի հունիս 12-ին Գյանջայի դեսանտային դիվիզիայի զրահատեխնիկայի, հրետանու և օդուժի ներգրավմամբ Ադրբեջանի կազմակերպած հուժկու հակահարձակումը, որի հետեւանքով օգոստոսի կեսերին թշնամին արդեն գրեթե Ստեփանակերտի մատույցներում էր, կավարտվեր Շուշիի վերագրավմամբ և հայ բնակչության կամ ֆիզիկական բնաջնջմամբ, կամ տոտալ բռնատեղահանությամբ:

Ո՞վ և ինչո՞ւ է Շուշիի ազատագրման ռազմագործողությունը խորհրդանշորեն կապել խորհրդային զորքերի կողմից Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելու հետ, ո՞վ և ինչո՞ւ է կեղծել Պաշտպանության բանակի «ծննդյան վկայականը», զուտ ազգային զորամիավորման ստեղծումը կապել խորհրդային զինված ուժերի համար սակրալ նշանակության օրվա՝ մայիսի 9-ի հետ:

Եվ ինչո՞ւ մայիսի 18-ը ոչ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոնացույցում չի ընդգրկվել անգամ 1998 թվականի «իշխանափոխությունից» հետո:

Ամեն ինչ, կարծես, արվել է, որպեսզի հատկապես Լեռնային Ղարաբաղում ներշնչվի, որ Շուշիի ազատագրումը, Պաշտպանության բանակի ստեղծումը, ինքնապաշտպանական պատերազմի ռազմական հաջողությունները պայմանավորված են «հավերժ Ռուսաստանի հետ» ընտրությամբ, ազգային հպարտության համար պարտական ենք Ռուսաստանին:

Այս «տրամաբանությամբ» էլ գործող իշխանությունը մեղադրվում է «ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելու» մեջ: Ավելին, համարվում է, որ դրանով «հայերը պատերազմ են սադրել»:

Ենթատեքստով դա նշանակում է, որ «մեզ հաղթանակ Ռուսաստանն էր տվել, նա էլ մեզնից ետ վերցրեց, երբ փորձեցինք ասել, որ դա մեր հաղթանակն է»: