Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանվել ադրբեջանական նավթի վաճառքով զբաղվող Coral Enery Croup ընկերության տնօրենների խորհրդի դեմ:
Փաստաթղթում ասված է, որ ընկերությունը «գործունեություն է ծավալում էներգետիկայի ոլորտում, որ Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի»:
Բրիտանական կառավարության հրապարակած ծանուցագրում նշված են Ահմեդ Քերիմովը, Թահիր Գարաևը, Անար Մադաթլին, Թալաթ Սաֆարովը և Էթիբար Էյուբը, որոնք «մասնակցել են Ռուսաստանի կառավարությունից շահույթ ստանալուն կամ նրան նման աջակցություն են ցուցաբերել»:
Բրիտանական կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 100 լցանավի, այդ թվում ադրբեջանական «Զանգեզուրի» դեմ: Հետաքննող լրագրողները պարզել են, որ այդ լցանավը պատկանում է ASCO ընկերությանը, որի հարյուրտոկոսյա սեփականատեր է հանդիսանում Ադրբեջանի կառավարությունը:
Ըստ դիտարկումների, անցյալ տարվա ընթացքում «Զանգեզուրը» 11 անգամ մտել Ռուսաստանի Պրիմորսկ նավահանգիստ և բեռնաթափվել Թուրքիայի Նեմրութ նավահանգստում, որտեղ Ադրբեջանն ունի STAR նավթավերամշակման գործարան, որի արտադրանքն ամբողջովին իրացվում է Եվրամիության անդամ երկրներում: Ըստ մասնագետների, այդ արտադրանքի «ավելի քան 90 տոկոսն ստացվում է ռուսաստանյան հում նավթի վերամշակումից»:
«Ակնկալվում էր, որ Ադրբեջանը եվրոպական երկրներին նավթամքերքների մատակարարման հարցում կփոխարինի Ռուսաստանին, բայց տեսնում ենք, որ նա վերածվել է Եվրոպա պուտինյան նավթի առաքման բաց ետնադուռ: Այդ առևտուրը շրջանցում է Եվրամիության պատժամիջոցները, ինչի հաշվին ադրբեջանական վարչախումբը միլիարդներ է վաստակում»,- ասել է Clobal Witness ընկերության ներկայացուցիչ Ջոնաթան Նորոնյա-Հանտը:
Ավելի հստակ է արտահայտվել Բրիտանիայի կառավարությունը, որի պաշտոնական կայքում ասված է, որ պատժամիջոցները «հարված են Պուտինի մերձավոր շրջապատի կողմից վերահսկվող ստվերային ցանցին, որի նավթի վաճառքից ստացվող միջոցները Կրեմլին ապահովում են Ուկրաինայի դեմ ապօրինի պատերազմում»:
Բրիտանացի փորձագետներից մեկի գնահատմամբ՝ նավթառեյդերային ընկերության տնօրենների բանկային հաշիվների սառեցումը, «Զանգեզուր» և ևս չորս ադրբեջանական լցանավերի դեմ պատժամիջոցները Լոնդոնի կողմից «Ադրբեջանի իշխող վարչախմբի ուղղությամբ նախազգուշական կրակոցներն են»: Նա համոզված է, որ եթե Ադրբեջանը «լուրջ հետևություններ չանի, ապա նրա էներգետիկ դիվանագիտությունը կհանդիպի առարկայան խոչընդոտների»:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկացնում են, որ BP-ն հրաժարվել է գնել նավթամթերքներ, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված են ռուսաստանյան ծագման հում նավթից:
Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ բրիտանական պատժամիջոցներ սահմանելուց անցել է մեկ շաբաթ, բայց Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ մեկնաբանությամբ դեռևս հանդես չեն եկել: Այդ թեման բացակայում է նաև մամուլի հրապարակումներում:
Այս ֆոնին աչքի է զարնում մայիսի 16-ին Տիրանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպայի խորհրդի նախագահ Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Լայենի հետ: Վերջինս չորս տարի առաջ այցելել է Բաքու, կողմերն ստորագրել են էներգետիկ համագործակցության համաձայնագիր:
Ըստ այդմ, 2027 թվականին Ադրբեջանը Եվրամիություն արտահանվող գազի տարեկան ծավալները պետք է հասցնի 20 միլիարդ խորանարդ մետրի: Նման ծավալների հասնելու սեփական հնարավորություն Ադրբեջանն առայժմ չունի: Եվրամիությունը կհամաձայնի՞ ադրբեջանականի անվան տակ փաստացի ռուսաստանյան գազ գնել:
Բաց մի թողեք
Ադրբեջանի կողմից նոր կետեր են թելադրվում, որոնք Հայաստանի իշխանությունն արագ ընդունում է
Նաթանյահուն «հոտ է առել» և որոշել է միանալ Լաչինի եռյակին
Մի՞թե Ադրբեջանը «Սարդոստայնի» մասնակից է