Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին էսկալացիայի պատճառը, ինչպես հայտնի է, Հնդկաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչությունն էր, որին զոհ է գնացել երկու տասնյակից ավելի մարդ:
Միջադեպը կարող էր լայնածավալ պատերազմի առիթ հանդիսանալ, եթե Միացյալ Նահանգները չմիջամտեին և կողմերին հրադադարի համաձայնության չբերեին:
Ռազմական բախումների օրերին Թուրքիան հրապարակային աջակցություն է հայտնել Պակիստանին: Միջազգային մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Անկարան անգամ ռազմական աջակցություն է ցուցաբերել Իսլամաբադին:
Ադրբեջանը, թեև Պակիստանի հետ ունի ռազմավարական համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, Իսլամաբադին բացահայտ աջակցություն չհայտնեց, բայց Բաքվի մամուլի հրապարակումները միանշանակ հակահնդկաստանյան էին:
Մայիսի 19-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Վուգար Նաջաֆլին, Ջամալ Գեզալովը, Թոֆիգ Յուսիֆլին և Դադաշ Հաշիմովը 2024 թվականին լքել են հանրապետության տարածքը և թաքնվել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լեռնային անտառածածկ տարածքներում:
Պարզվել է, որ նրանք «մարտական պատրաստություն են անցել և մասնակցել զինված հակամարտություններին՝ լինելով միջազգային ահաբեկչական խմբավորման կազմում»: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում «այդ անձինք արտասահամանյան երկրում ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու»:
Պարզվել է, որ նրանց ահաբեկչական գործունեությունը ֆինասնավորել են Ադրբեջանի քաղաքացիներ Միջ Ջավադ Հուսեյինլին և Թուրալ Աղաևը, որոնք նույնպես ձերբակալված են:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հաստատված հրադադարի պայմաններից գլխավոր է համարվում այն, որ Իսմաբադը պարտավորվել է իր տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները չեզոքացնել: Նյու-Դելիի գլխավոր փաստարկն այն է, որ այդ խմբավորումները Քաշմիրում խաղաղ բնակչության համար սպառնալիք են:
Ադրբեջանի ՊԱԾ-ը փաստացի խոստովանում է, որ ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք ձերբակալվել են այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից:
Հաշվի առնելով Ադրբեջանի և Պակիստանի ռազմավարական համագործակցությունը, որ, ամենայն հավանականությամբ, ներառնում է նաև հատուկ ծառայությունների գործունեության ամենատարբեր ոլորտները, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի ահաբեկիչները ձերբակալվել են Պակիստանում և ուղղակի արտահանձնվել Բաքվին:
Ըստ երևույթին, Քաշմիրում ահաբեկչությանն ադրբեջանցիների ներգրավվածության մասին հավաստի տեղեկություններ են ունեցել նաև Հնդկաստանի հատուկ ծառայությունները:
Ասվածի անուղղակի վկայություն կարելի է համարել փաստը, որ Հնդկաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում նաև՝ Նյու-Դելիում, Ադրբեջանի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվել, իսկ կառավարությունը դադարեցրել է ադրբեջանական ծագման ապրանքների ներմուծումը:
Բացառված չէ, որ Ադրբեջանի ահաբեկիչ քաղաքացիները ձերբակալվել և Բաքվին են արտահանձնվել հենց Հնդկաստանի կառավարության պահանջով:
Աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակ էր հետապնդում Հնդկաստանի և Պակիստանի միջև լայնածավալ պատերազմ հրահրելուն ուղղված քաշմիրյան ահաբեկչությունը, եթե մարտական գործողությունները շարունակվեին, Ադրբեջանն ի՞նչ քայլերի կարող էր դիմել, կմիանա՞ր Իսլամաբադին ռազմական աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի որոշմանը:
Այս կարգի հարցադրումներին ուղղակի պատասխան հազիվ թե հնարավոր է գտնել: Փաստ է, որ ԱՄՆ հետևողական միջամտությամբ պատերազմը կանխվել է, իսկ հաջորդ օրերին բելուջները վերստին բարձրացրել են Պակիստանից անջատվելու և անկախ պետություն ստեղծելու հարցը: Բելուջիստանը բաժանված է Պակիստանի և Իրանի միջև: Գուցե դրանո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հետաքրքրությունը:
Բաց մի թողեք
Իրանի առաջնորդը ընտրել է իր ժառանգորդներին
Եկեղեցին եւ ժողովուրդը. Ով իրավունք ունի խոսել ժողովրդի անունից
Ադրբեջանը ևս մի աստիճանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում