Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Օրբելի փողոցում գտնվող Ֆիզիոթերապիայի վերականգնողական կենտրոնում, որն այժմ կոչվում է Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, բունտ է հասունացել։
Հրապարակ թերթը գրել է․ Բուժառուներից մեկը մեզ պատմեց, որ բուժանձնակազմը չի աշխատում, քանի որ 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Հիվանդները գիշերն անցկացնելու են առանց հերթապահող բժշկի։ 90 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը, հիշեցնենք, 2 տարի առաջ մասնավորեցվեց՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն այն աճուրդի դրեց եւ վաճառեց 3 միլիարդ 265 միլիոն 160 հազար դրամով, որից հետո թվում էր, թե կենտրոնը երկրորդ կյանք պետք է ստանա` նորոգվի, ժամանակակից տեխնիկա ու մեթոդներ ներդրվեն, սակայն սկսվեց անկում, եւ աշխատավարձ վճարելու խնդիրները դարձան մշտական։ Սկզբում ղեկավարությունը հարկադիր պարապուրդի ուղարկեց աշխատակիցներին, հետո ընդհանրապես սկսեց աշխատավարձ չտալ։
Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ չգիտենք, թե հաստատության տեր-տիրականն ով է, միայն լսել ենք՝ «Էլիտա» անունն են տվել։ Շենքը սեփականացրել է «Արմենիկում կլինիկական կենտրոն» ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը։
Եվ, ըստ տեղեկությունների, Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը կարող է առհասարակ դադարել գործելուց, եւ դրա տեղում կլինի կա՛մ հյուրանոց, կա՛մ բազմաբնակարան շենք։ Եվ, ըստ էության, այս իրավիճակով ղեկավարությունը տանում է դրան, մինչդեռ այստեղ մոտ 150 բուժառու է բուժում ստանում, ավելի քան 100 աշխատակից կա, հարուստ ավանդույթներ։ Ինստիտուտի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որի հեռախոսահամարը ողջ օրն անջատված էր։
Առողջապահության նախարարություն դիմեցինք` հասկանալու, թե ինչ կարծիքի են ստեղծված իրավիճակի կապակցությամբ, եւ ինչ ճակատագիր է սպասվում ինստիտուտին։ Մեզ ասացին, որ այն մասնավոր ընկերություն է, այսինքն՝ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ընկերությունում։ Մենք փորձեցինք նաեւ կապ հաստատել Վիոլետա Սարգսյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Ակնհայտ է, որ սխալ է եղել այսպիսի հարուստ պատմություն ունեցող կենտրոնի սեփականաշնորհումը, եւ պետք է պարզել, թե սեփականաշնորհման ժամանակ ինչ պայմաններ են առաջադրված եղել կենտրոնին, եւ ինչու դրանք չեն պահպանվել, ով է պատասխան տալու հերթական հաստատությունը ոչնչացնելու եւ պետական միջոցները փոշիացնելու համար:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի