18/10/2025

Եթե ինձ առաջարկեին՝ միանշանակ չէի համաձայնի․ Բախշյան

Ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում Հանրային խորհրդի նոր կազմի հետ հանդիպում ունեցավ՝ փակ դռների ետեւում։ Մասնակիցների հեռախոսները հավաքել էին` արտահոսքից խուսափելու համար։

Նոր խորհուրդը պետք է ստեղծի քաղաքականապես չեզոք 7 անդամից կազմված փաստահավաք հանձնաժողով, որը պետք է քննի Հայաստանում անկախացումից մինչեւ 2023 թ․ մարդու իրավունքների խախտումներն ու 2-3 տարում զեկույց ներկայացնի։ Սակայն հարց է առաջանում` որքանո՞վ այդ աշխատանքը կարող է արդյունավետ եւ անաչառ լինել, եթե ՀԽ նոր անդամները բացառապես իշխանական անձինք են` Դանիել Իոաննիսյան, Գայանե Աբրահամյան, Սոսի Թաթիկյան, Ժիրայր Ոսկանյան, Ռուբեն Բաբայան եւ այլք:

Այս մարդկանց հարցազրույցները եւ հրապարակային ելույթները լսելը միայն բավական է՝ վստահորեն ասելու համար, որ նրանք ՔՊ-ի գաղափարների կրողն են, նրա քաղաքականությունն արդարացնողները, նույնիսկ եթե ՔՊ անդամներ չեն: Մայիսին խորհուրդը նիստեր ու քննարկումներ է ունեցել, սակայն միայն անշառ թեմաների մասին: ՀԽ-ն կազմաքանդելու նպատակը թերեւս հենց դա էր, որ այն կարեւոր հարցեր չքննարկի, փոխարենը քննարկի, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարցը:

Մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Մասնակցել են ՀԽ նախագահ Արա Խզմալյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել են անչափահասների հոգեկան առողջության խնդիրները, մասնավորապես` հոգեբանների, մարզերում համապատասխան մասնագետների բացակայության հարցը, որի հետեւանքով 55 հազար երեխայի հաշվարկով առկա է ընդամենը մեկ հոգեբույժ։ Քննարկվել են նաեւ դեղորայքի շուկայի, պետական գնումների, բժիշկների պաշտպանվածության, վիճակագրական տվյալների ձեւավորման եւ այլ հարցեր։ Նշենք, որ ՀԽ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը «Զինվորի տուն» կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն է: Դրանից մեկ օր առաջ էլ տեղի է ունեցել պետական գնումների խնդիրներին նվիրված ՀԽ նիստ: Մասնակցել են ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործրարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային գնումների փորձագետ Արմենուհի Բուռնազյանը, պետական գնումների փորձագետներ: Նշենք նաեւ, որ 1-in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը, որն օրեր առաջ Սերգեյ Լավրովի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բղավում էր․ «Լավրով՝ մարդասպան», նույնպես ՀԽ անդամ է: Նկատենք, որ եթե որեւէ ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողը բողոքի ակցիայի մասնակցեր` պլակատը ձեռքին, իշխանական շրջանակներն իրար հերթ չտալով՝ դասեր կտային ու ծախված կանվանեին նրան:

Անահիտ Բախշյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նոր խորհրդի կազմն իր համար լրիվ անծանոթ է, նշեց, որ թեպետ գիտի նոր անդամների անունները, սակայն նրանցից միայն մեկին` Հայկուհի Մինասյանին է անձամբ ճանաչում: Հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեք Հանրային խորհրդի նոր կազմից, եթե Ձեզ առաջարկեին լինել խորհրդի անդամ, կհամաձայնեի՞ք, Բախշյանը նշեց․ «Քանի որ ծանոթ չեմ կազմին, կդժվարանամ ասել, թե ինչպես կաշխատեն, սակայն եթե ինձ առաջարկեին, միանշանակ՝ չէի համաձայնի: Ես 2020 թվականից խորհրդի անդամ չեմ, չեմ էլ ցանկանում լինել»:

ՀՀ առաջին օմբուդսմեն, ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանն էլ նկատեց, որ նոր Հանրային խորհրդի կազմն այնքան հեռու է հանրությունից, որ մարդիկ անգամ չգիտեն, որ խորհուրդը նոր կազմով վերսկսել է աշխատանքը: «Հանրային խորհրդի առաջնահերթությունները պետք է լինեն այն թեմաները, որոնք լայն քննարկվում են հանրության մեջ, հենց դրա համար էլ այդ կառույցը կոչվում է Հանրային խորհուրդ, այլ ոչ թե, ասենք, ինչ-որ կուսակցության խորհուրդ: Ենթադրվում էր, որ այդ հարթակը գոնե մասնակի պետք է անդրադառնա հանրային դժգոհություններին, նման խորհուրդ ստեղծելու մտադրությունն այն է եղել, որ հարթակը ծառայի հասարակությանը, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում այժմ, դժվարանում եմ ասել, թե ինչպիսի աշխատանքներ կկատարվեն հետագայում»,- ասում է Ալավերդյանը: