«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհանգստություն ստեղծի սահմանային գոտում։ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ ձգտում է խաղաղության պայմանագրի կնքմանը և փորձում է կանխել սահմանային էսկալացիաները»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի այն հայտարարությանը, որ Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, թե իրական վտանգ կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է կրկին սրվել՝ պատգամավորը նկատեց՝ յուրաքանչյուր գերտերություն իր շահերն ունի, և չես կարող ասել, թե նման հայտարարություններն ինչ հիմք ունեն։
«Հայաստանի իշխանությունն ասում է այն, ինչ կա և դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի»,- ասաց նա։
Խաչատրյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի գործողություններին սահմանային գոտում՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհանգստություն ստեղծի. «Ցավոք սրտի, նրանք սահմանային հատվածներում բնակչություն չունեն։ Եվ եթե նրանք կրակում են կամ զորավարժություն են անցկացնում, դա լսվում է մեր գյուղերում։ Ցանկացած կրակոց, իհարկե, անհանգստացնում է»:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լուծում տալ այդ խնդիրներին: «Օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տրվի. եթե կնքվի, չեն կրակի»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում բանակային ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերով։
Պատգամավորը շեշտեց, որ հայկական կողմն ունի համարժեք պատասխան գործողությունների հնարավորություն, սակայն ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է բացառել էսկալացիան. «Մեր ԶՈՒ-ն ադեկվատ գործողություններ է իրականացնում, և էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել»:
Խաչատրյանը նաև նշեց, որ ներկայում սահմանային լարվածության նախերգանք չկա։
Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց