17/06/2025

Որեւէ փաստաթղթի ստորագրումը, ինչպես եւ՝ Կիրանց գյուղում պատի կառուցումը նման ռեսուրս չի ստեղծում

«Շանս չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Այսինքն՝ կարող ենք վստահ լինել, որ 100%-ով Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կփարատվեն, եւ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի», – այսպիսի միտք է արտահայտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որքան ես գիտեմ՝ միջազգային հարաբերությունների պատմության մեջ նման մոտեցումն իսկապես «աննախադեպ» է. որեւէ պետության ղեկավարի գործառույթն է, կասեի անգամ՝ առաքելությունն է՝ փարատել սեփական քաղաքացիների, ոչ թե հակառակորդի մտահոգությունները:

Նախօրոք խոստանալ, որ դու կբավարարես որեւէ (նույնիսկ՝ ոչ թշնամական) երկրի պահանջները՝ դա, անշուշտ, նոր խոսք է դիվանագիտության մեջ: Պահանջներ առաջ քաշողը պարզապես հիմարի մեկը պետք է լինի, եթե չընդլայնի իր պահանջների ցանկը: Եթե որեւէ մեկն ասում է՝ «դու ինձնից ակնկալում ես հարյուր ռուբլի, բայց եթե պետք է, ես կտամ հազարը», ապա շատ հավանական է, որ դիմացինը կուզի նաեւ միլիոնը:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, ինչպես նաեւ՝ իր հետ միասին դիմի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հայտով: Բայց քանի որ այս երկու պահանջները, Փաշինյանի հավաստմամբ, արդեն իսկ «Ադրբեջանի գրպանում են», նա փաստացի խոստանում է «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո փարատել նաեւ այլ մտահոգությունները, օրինակ, թողնել, որ Հայաստանի Հանրապետություն գան բնակվելու 300 հազար ադրբեջանցիներ:

Չնայած պարզ է՝ եթե մեր երկիր տեղափոխվի անգամ 10 ադրբեջանցի, եւ ինչ-որ պատճառով նրանցից մեկի քթից արյուն գա, դա կլինի Ադրբեջանի համար casus belli՝ պատերազմի պատրվակ՝ «հայրենակիցների անվտանգությունը պաշտպանելու» ձեւակերպմամբ: Տեւական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր չէ՝ այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը ռազմական եւ/կամ քաղաքական ռեսուրս ունի Հայաստանի վրա հարձակվելու: Որեւէ փաստաթղթի ստորագրումը, ինչպես եւ՝ Կիրանց գյուղում պատի կառուցումը նման ռեսուրս չի ստեղծում:

Ինչպես ստեղծել այդ ռեսուրսը, եւ արդյո՞ք դա այս պահին գոնե տեսականորեն հնարավոր է՝ խոսակցության այլ թեմա է: Բայց հայտարարել, որ «մենք կփարատենք ձեր բոլոր մտահոգությունները»՝ հաստատ այդ ռեսուրսը ստեղծելու ուղղությամբ ճիշտ քայլ չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ