Ռուսաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Մոսկվան ավարտել է Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման սկզբունքների մասին իր հուշագրի մշակումը, բայց այն հասկանալի պատճառներով հանրային քննարկման չի ներկայացվի:
Դիվանագետի խոսքերով՝ Ռուսաստանը ներկայացրել է մի քանի նախապայմաններ, այդ թվում Մոսկվան եվրոպական երկրներից գրավոր պարտավորություն է պահանջում, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չեն լինի:
Ռուսաստանյան սկզբունքներից մեկն էլ վերաբերում է Ուկրաինայի ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանության երաշխիքներին:
Նույն օրը, երբ հայտնի է դարձել, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ուկրաինական կարգավորման բանակցությունների վերսկսման հետ կապված հարցեր, թուրքական «Անադոլուն» անոնսավորել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Կիև այցը, որ տեղի կունենա մայիսի 29-30-ին:
Հղելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, «Անադոլուն» մանրամասնել է, որ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Զելենսկու, վարչապետ Շմիգալի, արտգործնախարար Սիգիբայի, պաշտպանության նախարար Ումերովի հետ:
Թվարկած պաշտոնյաների հետ Ֆիդանի բանակցությունները միանգամայն ընկալելի են. նա Մոսկվայից երեք օր առաջ է վերադարձել, Ռուսաստանի տպավորությամբ Ստամբուլը մնում է Ուկրաինայի հետ բանակցությունների ամենահարմար հարթակը, ինչից հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը կարեւորում է Թուրքիայի նախագահ Էրդողանին և որոշակիորեն վստահում նրա միջնորդությանը:
Իսկ ահա Կիևում Ֆիդանի հանդիպումների երկրորդ ժամանակացույցը բավական արտառոց է: «Անադոլուն» տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն Ուկրաինայի առաջնորդի և այլ պաշտոնյաների հետ քննարկելու է նաև Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության օրենսդրական կարգավորման ընթացքը, ինչից միանշանակորեն հասկացվում է, որ Կիևը Ղրիմի իրավական կարգավիճակի հարց է քննարկում, որ պետք է օրենսդրական կարգավորում ստանա:
Խոսքն Ուկրաինայի սահմանադրության փոփոխությա՞ն, թե Գերագույն ռադայի կողմից Ղրիմի մասին նոր օրենք ընդունելուն է վերաբերվում՝ պարզություն առայժմ չկա:
Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպելու է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ Մուստաֆա Ղրիմօղլուի, Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռուֆաթ Չուբարովի և Ուկրաինայի գագաուզական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի դեմ պատերազմն, ինչպես հայտնի է, Մոսկվան ներկայացնում որպես այդ երկրի ռուս և ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանություն, քանի որ Կիևում «իշխանազավթում է տեղի ունեցել, և նեոնացիստները ոչնչացնում են ռուսական ինքնությունը»:
Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է Կիևում ևս մեկ անգամ հավաստիացնել, որ իր երկիրը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի օկուպացիան չի ճանաչում:
Ըստ էության, Անկարան խոսքից, քաղաքական հայտարարություններից անցնում է գործնական քայլերի: Պարզ է, որ Ղրիմի թաթարների և գագաուզների իրավունքների հարցը դրվելու է Ռուսաստանի հետ պայմանագրի ուկրաինական սկզբունքների մասին հուշագրի տեքստում:
Ուկրաինայի սահմանադրությամբ Ղրիմն ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ: Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը հատուկ ուղերձով անդրադարձել էր Ղրիմից թաթար բնակչության բռնատեղահանության 81-րդ տարելիցին և վստահեցրել, որ նրանց խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է:
Ռուսաստանը պնդում է, որ Ղրիմի բնակչությունն «իրացրել է ազատ ինքնորոշման իրավունքը և միավորվել Ռուսաստանին»: Ակտուալացնել Ղրիմի թաթար բնակչության և գագաուզական համայնքի հարցը՝ Անկարան փաստացի հակակշիռ է ստեղծում:
Այդ հարցում Էրդողանն ունի Կիևի աջակցությունը: Ո՞րն է նպատակը, Պուտինի հիմնական «խաղաքարտը մարե՞լ», թե՞ փորձել հասնել Ղրիմի նկատմամբ Թուրքիայի «պատմական իրավունքի» ճանաչմանը:
Բաց մի թողեք
Քաղաքական բանաձևի դրույթները որքանո՞վ են ներգրվում իսրայելա-ադրբեջանական իրական հարաբերություններին
ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը
Էրդողանը մտավախություն ունի, որ իսրայել-իրանյան պատերազմը իր ձեռքից տանո՞ւմ է Մերձավոր Արևելքը