17/06/2025

«Համարժեք արձագանքը կլիներ այն, որ շան տեղ չդնեինք»․ Միքայել Սրբազան

«Համարժեք արձագանքը կլիներ այն, որ շան տեղ չդնեինք»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ի պատասխան Փաշինյանի գրառումների։

Երկրի ղեկավարը, հիշեցնենք, այսօր մի քանի ստատուս է գրել եկեղեցականների մասին, որը հանրային տիրությում մեծ աղմուկ եւ վրդովմունք է առաջացրել։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,-գրել է Փաշինյանը։ Ապա մի քանի րոպե անց եւս մեկը․ «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։ Հետո՝ էլի մի քանի գրառումներ է արել այս թեմայով։
Շիրակի թեմի առաջնորդը շեշտում է՝  նրանք ո՞վ են, որ եկեղեցականների վրա հարձակում գործեն․ «Մենք էլ մտել ենք խրամատները, բունկերներն ենք իջել, վախեցել ենք, գնում եմ Վրաստանի սահմանը անցնեմ, հանձնվեմ վրացիներին»,-ծաղրում է սրբազանը։

Խոսելով Փաշինյանի մասին, սրբազանն ասաց․ «Այդ մարդը անհավասարակշիռ, հոգեկան հիվանդ է, քանի անգամ կարելի է ասել։ Իրեն հեչ չվերաբերող հարց է, թե եկեղեցականներից քանի հոգի են հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Մեզ վերաբերում է՝ ինքը պաշտոնապես ամուսնացած է, թե չէ, մնացածն իրեն վերաբերող հարցեր չեն։ Բամբասանքների հիման վրա չես կարող ճանապարհ գնալ։ Թող անուն ազգանուն տա, մենք իրենը տալիս ենք»։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւս ստատուս է գրել ուղղված հոգեւորականներին, որում նրանց մեղադրում է մանկապղծության մեջ եւ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին է վիրավորում։ «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,-գրել է նա։

Սրբազանի խոսքով՝ իր ասածը (խոսքը մանկապղծության մասին է՝ Լ․ Ս․) քրեորեն պատժելի արարք է, ու եթե դա ճիշտ է, ուրեմն մարդը պիտի բանտում լինի․ «Բա դուք պետություն եք, ո՞նց եք թույլ տալիս, որ նման մարդը բանտում չլինի։ Ծիծաղելի է դա։ Փաստեր ունեք, նշանակում է՝ գիտեք ու թաքցնում եք»։