Սերբիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները, չնայած Բելգրադի կողմից պաշտոնապես հայտարարված չեզոքությանը, շարունակում են Ուկրաինային սպառազինություններ մատակարարել:
Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ-Նովոստին, ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրությամբ:
Գերատեսչությունը մանրամասնություններ է վկայակոչել: Ըստ այդմ, որպեսզի «քողարկվի հակառուսական գործունեությունը, այդ ձեռնարկությունները գործածում են վերջնական գնորդ և միջնորդ երկրների կեղծ սերտիֆիկատներ»,- ասված է ՌԴ ԱՀԾ հաղորդագրության տեքստում:
Այդ երկրների թվում են ՆԱՏՕ-ի անդամ Չեխիան, Լեհաստանը և Բուլղարիան, ինչպես նաև աֆրիկյան պետություններ: Ըստ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հավաքագրած տեղեկությունների՝ Ուկրաինայի սպառազինելու հարցում Սերբիայի ներդրումը կազմում է համազարկային կրակի ռեակտիվ կայանքների և հաուբիցների հարյուր հազարավոր արկեր, ինչպես նաև հրաձգային զենքի միլիոնավոր փամփուշտներ:
«Նման մատակարարումները հազիվ թե կարելի է հիմնավորել մարդասիրական նկատառումներով: Դրանք մի ակնհայտ նշանակություն ունեն՝ սպանել և խեղել Ռուսաստանի զինվորականներին և քաղաքացիական բնակչությանը»,- ամփոփել է ՌԴ ԱՀԾ-ն, որի տարածած տեղեկատվությունն, անկասկած, առաջին հերթին քաղաքական է:
Այդ է վկայում Ռուսաստանի ԱԳՆ «ուղեկից» հայտարարությունը, որով Մոսկվան հույս է հայտնում, որ Սերբիան հավատարիմ կմնա Ուկրաինային սպառազինություններ չմատակարարելու հանձնառությանը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը Սերբիային հորդորել է սպառազինությունների արտահանման հարցում զգոնություն ցուցաբերել, որպեսզի Արևմուտքին ծառայող «կեղտոտ ձեռքերտ չկարողանան օգտվել խաբուսիկ սխեմաներից և չվարկաբեկեն Բելգրադին և սերբական ռազմաարդյունաբերությունը»:
Դիվանագիտական խոսույթն, ինչպես ասում են՝ տրված է, որպեսզի քողարկվի բուն ասելիքը: Ռուսաստանի համար Ուկրաինային սերբական սպառազինությունների մատակարարումը զուտ ռազմական առումով կրիտիկական նշանակություն չունի: Ավելի կարևոր է Ուկրաինայի հարցում Բելգրադի քաղաքական դիրքորոշումը:
Եվ եթե ՌԴ ԱՀԾ-ն հրապարակայնացրել է ունեցած տեղեկատվությունը, նշանակում է այդպես է հրահանգավորել անձամբ նախագահ Պուտինը, և ուղերձի անմիջական հասցեատերը Սերբիայի նախագահ Վուչինչն է:
Այս իրավիճակն ուշագրավ է նաև այն առումով, որ անցյալ տարի միջազգային մամուլում տեղեկություն էր հայտվել Սերբիայի մոտ 700 միլիոն դոլարի սպառազինություններ Ադրբեջանին վաճառելու մասին: Խոսքը հիմնականում ինքնագնաց հրետանային միջոցների մասին է, որ Սերբիայից առաքվել էին Արաբական Միացյալ էմիրություններ:
Տեսակետ կար, որ այդ սպառազինությունները վերամատակարարվել են Ուկրաինային: Այդ առթիվ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է, որ մատակարարած սպառազինությունների վերջնական հասցեի համար Բելգրադը պատասխանատվություն չի կրում, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը միջնորդի դերակատարություն է ունեցել:
ՌԴ ԱՀԾ տնօրեն Նարիշկինն անցյալ շաբաթ հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանին: Նարիշկինը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով: Պուտինը նրան կհանձնարարի՞ հաջորդիվ «մերկացնել» նաև Իլհամ Ալիևին:
Բաց մի թողեք
Իրանն արագ բացահայտեց ու պատժեց «Մոսադին», իսկ դրանք 2020-ին նաև Արցախում էին
Նոր ողբերգություն․ ԱՄՆ ու Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը պայմանավորվում են ինչն ինչպես անել
Բաքվի նոր հոգեխանգարումը՝ իբր իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տվյալներ են փոխանցում Իսրայելին