«Եկեղեցին շարունակում է Հայաստանի Հանրապետությունում մնալ ամենակազմակերպված կառույցը, դա Փաշինյանը իր կաշվի վրա զգացել է։ Նա տեղյակ է նաև հոգևոր կառույցի հետագա պլանների մասին և գիտի, որ թե՛ փողոցում, թե՛ ընտրություններին իր դեմ հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ կա։
Գարեգին Բ-ի օրհնությամբ են կազմվում և շարունակում կազմակերպվել տասը հոգանոց խմբերը՝ իրենց կորդինատորներով և անելիքի հստակ պատկերացմամբ։ Սրբազան պայքարի սխալները հաշվի առած՝ հոգևոր աշխարհը կրկին դուրս է գալու քաղաքական մեծ «մարտի», Փաշինյանն էլ կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում՝ օգտագործելով իր համար մեկ զենքը՝ մուտիտը»,- ֆեյսբուքի անձնական էջում գրում է Արցախի Ազգային ժողովի պատգամավորը։
2007 թվականի մարտի 14-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մասին» օրենքը, որ սահմանում է եկեղեցու կառուցվածքը, իրավունքները և հանրային գործունեության շրջանակները:
Եկեղեցին, ըստ այդմ, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի: Նա ունի օրենքով վերապահված ավելի կարեւոր գործառույթներ: Օրինակ՝ կարող է հիմնադրել կամ հովանավորել նախակրթարաններ, տարրական, միջնակարգ և ավատ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հայաստանում Գևորգյան և Վազգենյան ճեմարաններից բացի եկեղեցին այլ ուսումնական հաստատություն հիմնադրե՞լ է կամ գոնե մեկ նախակրթարան կամ ինչո՞ւ բարձրագույն ուսումնական հաստատություն չի ստեղծել:
Օրենքը եկեղեցուն արտոնում է հոգեւոր ներկայացուցիչներ ունենալ զորամասերում, քրեա-կատարողական հաստատություններում, այդ թվում՝ քննչական մեկուսարաններում: ՀԱԵ-ն քրեա-կատարողական հիմնարկներում, քննչական մեկուսարաններում ներկայացուցիչներ ունի՞, զբաղվո՞ւմ է պատիժը կրող անձանց հոգևոր կարիքների սպասարկմամբ, նրա հոգևոր հայրերը քննչական մեկուսարաններ այցելո՞ւմ են:
Օրենքը, ընդ որում, հոգեւորականին ազատում է դատապարտյալի, կասկածյալի, մեղադրյալ հոգևոր խոստովանությունը նախաքննության մարմնին տրամադրելու պարտավորվածությունից:
Ի՞նչ է նշանակում «հոգևոր աշխարհը դուրս է գալիս քաղաքական մեծ «մարտի»» կամ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստեղծվել են խմբեր, որ, ինչպես հասկացվում է Արցախի ԱԺ պատգամավորի գրառման տրամաբանությունից, իշխանափոխություն են նախապատրաստում:
Այսինքն, հոգևոր դասը Կաթողիկոսի գլխավորությամբ Հայաստանի գործող իշխանությանը «սրբազան պատերա՞զմ է հայտարարել»: Բայց դա հակաօրինական նախաձեռնություն է, որովհետև Հայաստանի սահմանադրությամբ և պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորող օրենքով ՀԱԵ հոգևոր սպասավորը քաղաքականությամբ չի կարող զբաղվել:
Ոչ ոք, իհարկե, Կաթողիկոսին կամ թեմակալ առաջնորդին չի կարող արգելել, որ նա ծիսակատարության ժամանակ հավատացյալներին քարոզ կարդա կամ նույնիսկ բանադրի իշխանությանը, բայց երբ խոսվում է տասը հոգանոց ընդհատակյա խմբեր ձևավորելու և քաղաքական «մեծ մարտի» նախապատրաստվելու մասին, դա արդեն երկրի սահմանադրական կարգին ուղղակի սպառնալիք է:
Արցախի Ազգային ժողովի պատգամավորը որքանո՞վ է իրազեկված՝ այլ հարց է: Բայց նա ավելի կարևոր «բացահայտում է անում», ըստ որի Բագրատ սրբազանին «մարտադաշտում մենակ թողնելու» ժամանակն անցել է, որովհետև «ոնց որ մոսկովյան արգելակն այլևս չկա»:
Ստացվում է, որ Գարեգին Բ.-ն խմբեր է ձևավորում և քաղաքական «մեծ մարտի» է նախապատրաստվում Մոսկվայի հրահանգավորմա՞ն: Սա լուրջ դիտարկում է: Օրերս Հայաստանում եկեղեցի-պետություն դիմակայությանն անդրադարձել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», որի փորձագետ, հայ-ռուսական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը Գարեգին Բ.-ին անվանել է նախկին իշխող վերնախավի վերջին ներկայացուցիչ, որին «Փաշինյանը փորձում է հեռացնել»:
Հայաստանի քաղէլիտայի, ինստիտուցիոնալ ընդդիմության համար պետք է վիրավորական լինի, երբ այլ երկրի փորձագետն Ամենայն հայոց կաթողիկոսին նույնացնում է նախկին իշխանությունների հետ: Այդ բնութագիրքն անարգանք է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին, որովհետև նրա հովվապետին ճանաչում է որպես աշխարհիկ դեմք:
Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ եկեղեցուն, նրա հովվապետին մղելով իշխանության դեմ «մեծ մարտի», հայաստանյան ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը փաստացի հայտարարում է ինքնալուծարման մասին:
Դա միջազգայնորեն թուլացնում է Հայաստանի դիրքերը, հարվածում նրա իմիջին, քանի որ այդպիսով բացահայտվում է, որ իշխող կուսակցությունը քաղաքական այլընտրանք չունի, Հայաստանի երկրորդ ընտրությունը կրոնապետությունն է:
Բաց մի թողեք
Էրդողանը կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, իսկ Իրանը կկապիտուլացվի՞
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների, Իրանը սպառնում է պատասխանել․ Լուսանկար
Իրանաիսրայելական առճակատման ֆոնին ակտիվացել է իրանական վերջին միապետի որդին՝ գահաժառանգ արքայազն Ռըզա Փեհլեւին