17/06/2025

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում «կլքի՞» Եվրոպային

Փոխանակած հուշագրերի ուսումնասիրությունից հետո Մոսկվան և Կիևը կհամաձայնեցնեն բանակցությունների նոր փուլի կազմակերպումը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որպեսզի ուսումնասիրեն հուշագրերի այն նախագծերը, որ փոխանակել են, կողմերին ինչ-որ ժամանակ է պետք: Կախված այն բանից, թե կողմերը որքանով պատրաստ կլինեն, նրանք կհամաձայնեցնեն բանակցությունների հերթական փուլի նոր ժամկետները»,- մանրամասնել է Պեսկովը և հավելել, որ բանակցությունների «որևէ ինստիտուցիոնալացված հաջորդականության պետք չէ սպասել, ամեն ինչ կախված կլինի յուրաքանչյուր նոր փուլի կողմերի պատրաստակամությունից»:

Կրեմլի պաշտոնական խոսնակի վերջին ձևակերպումից հասկացվում է, որ բանակցությունների շարունակականության հարցում Մոսկվան լուրջ վերապահումներ ունի: Բացառված չէ, որ Ռուսաստանն ինչ-որ պահի առհասարակ սառեցնի դիվանագիտական շփումները:

Այս առումով ուշագրավ դիտարկում է արել բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահ Պուտինի խորհրդական Մեդինսկին: Նա ասել է, որ Ստամբուլում կողմերն «անկեղծորեն և բաց ներկայացրել են իրենց պատկերացումները», և հետագա քննարկումների իմաստն այն է, թե «որտե՞ղ և ինչպե՞ս կգտնվի վերջնական կարգավորումը»:

Ռուսաստանի հետ բանակցությունների մասին ընդգծված հոռետեսական տպավորություն է փոխանցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան: Նրա ներկայացմամբ՝ Ռուսաստանը «չի պատասխանել այն առաջարկություններին, որ Ուկրաինան ներկայացրել է Ստամբուլի հանդիպումից առաջ, դրանց չի անդրադարձել նույնիսկ այն բանից հետո, երբ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների սեղանի շուրջ այդ մասին հարցրել է ուղղակի»:

Սիգիբան բացահայտել է, որ Ռուսաստանի պատվիրակության նման դիրքորոշումը թույլ չի տվել շոշափել որևէ քաղաքական հարց, քննարկումները ծավալվել են հումանիտար խնդիրների շուրջ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ողջունել է մարդասիրական բնույթի պայմանավորվածությունները, բայց կարծիք է հայտնել, որ հնարավոր էր «հասնել ավելի առարկայական արդյունքների»:

Դատելով Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակության կեցվածքից՝ որ «հնացած վերջնագրերի կրկնություն էր», Ուկրաինայի արտգործնախարարը եզրակացրել է, որ Մոսկվան «պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի»: Սիգիբան գործընկեր երկրներին հորդորել է Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառել:

«Մենք պետք է սպանություններին վերջ տանք: Եթե ընթացիկ բանակցությունները նման արդյունքի չբերեն և խաղաղության հասնելու առաջընթաց չապահովեն, ավելի ակնհայտ կդառնա, որ պետք է կազմակերպել առաջնորդների հանդիպում»,- ամփոփել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Ակնհայտ է, որ Կիևը դիվանագիտական ելքեր է փնտրում, որպեսզի հաղթահարի Ռուսաստանի վերջնագիրը մերժելու ծանրագույն փորձությունը: Կիևն այդ քայլին չի կարող գնալ, եթե չունենա ԱՄՆ-ի աջակցությունը: Իսկ Վաշինգտոնը, որքանով հասկացվում է նախագահ Թրամփի կեցվածքից, Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելուց հետեւողականորեն ձեռնպահ է մնում:

Այս ֆոնին Ուկրաինային նոր սպառազինություններ տրամադրելու կամ նրա տարածքում դրանց արտադրությունը կազմակերպելու մասին եվրոպական «եռյակի» հայտարարությունները գործնականում ոչնչով չեն փոխում «գետնի վրա իրավիճակը». Ռուսաստանը, չնայած հսկայական կորուստներին, շարունակում է ռազմական գործողությունները:

Միջազգային հեղինակավոր փորձագետները գտնում են, որ առաջիկա ամիսներն ուկրաինական ռազմաճակատում «ամենաթեժն են լինելու», իսկ բանակցությունները կարող են «վերսկսվել միայն հոկտեմբերին»:

Եվրոպան մինչ այդ Ուկրաինան պահելու ներուժ և քաղաքական կամք կցուցաբերի՞: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում «կլքի՞» Եվրոպային: