Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Իլհամ Ալիևին Անկախության տոնի առիթով հղած շնորհավորական նամակում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Իսրայելի միջև երկխոսության ձևավորմանը նպաստելու համար:
Նաթանյահուի այդ շնորհակալությունը փոքր-ինչ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն, որ հենց Թուրքիան փաստորեն թույլ չտվեց նրան այց կատարել Ադրբեջան, որը ծրագրվում էր մայիսի 7-11-ը:
Էրդողանը թույլ չտվեց, որ Նաթանյահուի օդանավը թռչի Թուրքիայի տարածքի վրայով, ինչից հետո հայտնի դարձավ, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Նաթանյահուի այցը: Ալիևին հղած նամակում նա այդ կապակցությամբ հայտնում է, որ պատրաստ է Ադրբեջանին հարմար ժամանակ իրականացնել այցը:
Ըստ ամենայնի` Նաթանյահուն ակնարկում է, որ պատրաստ է պայմանավորվել Էրդողանի հետ, իհարկե, Ալիևի միջոցով: Շաբաթներ առաջ եղավ տեղեկություն, որ Սիրիայի հարցով շփումներ են ունենում Թուրքիայի ու Իսրայելի ներկայացուցիչները՝ Ադրբեջանում:
Նաթանյահուն, հավանաբար, այդ շփումների համար է շնորհակալություն հայտնում Ալիևին, սակայն էական նշանակություն ունեցել է թերևս ԱՄՆ քաղաքականությունը: Դոնալդ Թրամփը Սիրիայի հարցով հատուկ բանագնաց նշանակեց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին, որը նաև հայտարարել է, որ ԱՄՆ փոխելու է Սիրիայի հարցում իր քաղաքականությունը, որ վարել է վերջին հարյուր տարին, քանի որ այն եղել է անարդյունավետ:
Ըստ էության՝ եթե խոսվում է Սիրիայի հարցում քաղաքականության մասին, դա թերևս նշանակում է քաղաքականություն Մերձավոր Արևելքում ընդհանրապես:
Այստեղ Թրամփը մի կողմից շոշափելի դեր է հատկացնում արաբական երկրներին, մյուս կողմից՝ Սիրիայի հարցում, կարծես թե, գլխավոր գործընկեր է ընտրում Թուրքիային, ինչի մասին է վկայում հենց այդ երկրում ԱՄՆ դեսպանին հատուկ բանագնաց նշանակելը: Նաթանյահուն կարծես ժամանակի ընթացքում ավելի է «շնորհազորկվում» Թրամփի մոտ:
Մի կողմից նա չի կարողանում Թրամփին համոզել Իրանի դեմ ուժային գործողությունների հարցում, մյուս կողմից Թրամփը քայլ առ քայլ փոխում է ռեգիոնը, և Իսրայելը գուցե առայժմ շատ հեռվից, բայց թերևս զգում է ԱՄՆ վերաբերմունքի փոփոխությունների սառը շունչը:
Այդ ֆոնին, Նաթանյահուի մոտ գուցե հույսեր է արթնացրել «զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը՝ ուղղված Իրանին: Թուրքիայի նախագահը Իրանին կոչ էր արել աջակցել «միջանցքի» ստեղծմանը: Իրանը, կարծես թե, գոնե հրապարակավ չի «նկատել» այդ կոչը:
Իսկ այն հնչել էր Լաչինում Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան եռակողմ գագաթնաժողովից հետո: Օրերս Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին Իսրայելը կանոնավոր կերպով սպառազինություն է մատակարարել Բաքու:
Նաթանյահուն, ըստ ամենայնի, ինչ-որ «հոտ է առել» և որոշել է միանալ ու եռյակը դարձնել «քառյակ», ինչպես հինգ տարի առաջ Արցախի դեմ պատերազմում, իհարկե, հիմնական հաշվարկում ինչպես միշտ թիրախ դիտարկելով Իրանը:
Բաց մի թողեք
ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը
Էրդողանը մտավախություն ունի, որ իսրայել-իրանյան պատերազմը իր ձեռքից տանո՞ւմ է Մերձավոր Արևելքը
Սամվել Կարապետյանը նորից հայտարարություն է տարածել, նրա խցի մոտ հսկողություն է սահմանվել