«Մեզ համար նրանց նպատակները միանշանակ են. եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք և՛ մեր զինծառայողների, և՛ սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց են: Փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը և իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի՝ արդեն մի քանի ամիս պարբերական բնույթ կրող կրակոցների առնչությամբ ասել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը:
Փաստացի, Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը մի կողմից հայտարարում է, որ հակառակորդը փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել Հայաստանի զինծառայողներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին, բայց «մենք ուշադրություն չենք դարձնում» դրան: Խնդիրն այն է, որ այս հայտարարությունն անողը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է:
Երբ այդօրինակ հայտարարություն անում են քաղաքական գործիչները, դրանք, իհարկե, կարող են արժանանալ տարբեր գնահատականների, բայց խոշոր հաշվով տեղավորվում են քաղաքական գործչի ամպլուայի շրջանակում:
Բայց այն, ինչ հայտարարում է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը, բացարձակապես չի տեղավորվում և չի կարող տեղավորվել պետության թիվ մեկ զինվորականի կարգավիճակից բխող տրամաբանության շրջանակում:
Ընդ որում՝ հարկ է նկատել, որ Հայաստանի թիվ մեկ զինվորականի համար «նորմ» է դարձել լրագրողների հետ շփումներում հայտարարություններ անելը, որոնք անգամ քաղաքական գործիչների պարագայում կարող են առաջացնել որոշակի տարակույսներ, իսկ բարձրաստիճան զինվորականի պարագայում գործնականում պետք է բացառվեն:
Այո, կան բազմաթիվ նրբություններ, կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի բալանսի, աշխարհաքաղաքական բավականին նուրբ և հեղհեղուկ իրողությունների, ռիսկերի, մարտահրավերների առումով, որոնք ոչ միարժեք տիրույթ են տեղափոխում Ադրբեջանի կրակոցների հանդեպ Հայաստանի պետական դիրքորոշման հարցը:
Բայց այդ ամենով հանդերձ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Հայաստանի Հանրապետության թիվ մեկ, բարձրագույն զինվորականը պարզապես իրավունք չունի անել հայտարարություններ, որոնց հեռավոր տողատակում անգամ կարող են նշմարվել «անզորության», առավել ևս հակառակորդի սադրանքներն արդարացնելու միտված երանգներ կամ տոներ:
Եթե հնարավոր չէ արտահայտել բարձրագույն զինվորական կարգավիճակին ու կոչմանը համարժեք գնահատական, ապա լռելը՝ թերևս հնարավոր է: Եվ տվյալ պարագայում՝ անհրաժեշտ: Որովհետև ինքնին թերևս «լիուլի բավարար» է այն խեղճությունն ու ենթակայությունը, որ առկա է քաղաքական իշխանության խոսույթում:
Դա արտահայտել նաև բարձրաստիճան զինվորականների շուրթերով, կլինի արդեն չափազանց՝ մեղմ ասած: Առավել ևս, որ ընդհանրապես խիստ հազվադեպ է հնարավոր տեսնել պետությունների ԶՈՒ ԳՇ պետերի «բրիֆինգներ», այն էլ ոտքի վրա, երբ գործնականում իրավիճակները կարող են լինել անկանխատեսելի:
Մի՞թե բարդ է ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարության նվազագույնը վարքագծային այդ հարցը պետական կարգավորման ենթարկելը:
Բաց մի թողեք
Ռուսաստանը քցում է Իրանին, ինչպես Հայաստանին
Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից, Բաքու՞ն
Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը