Հանրապետական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով դիմում է «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությանը, որպեսզի խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրի ՀՀԿ Խորհրդի որևէ բանիմաց անդամի և սկսի խորհրդարանում գործող վարչապետի անվստահության գործընթաց:
Ինչպես հայտնի է, վարչապետի անվստահության գործընթաց սկսելու համար իրավականորեն պարտադիր է ներկայացնել վարչապետի նոր թեկնածու: Փաստացի, ՀՀԿ-ն դե ֆակտո հանրապետական «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկում է նոր վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ անդամի և սկսել Փաշինյանի անվստահության գործընթաց, որը բնորոշվում է «իմպիչմենտ»:
Այս թեման արդեն շաբաթներ շրջանառվում է ընդդիմության տիրույթում, ինչի արդյունքը եղել է այն, որ ավելի շատ անվստահություն է դրսևորվել ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ երկրորդ և երրորդ նախագահների համակիրների միջև, քան անվստահություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
ՀՀԿ քայլը, թերևս, սրելու է ներընդդիմադիր այս մրցակցությունը, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պայքարը: Հատկանշական է, որ ՀՀԿ այս քայլը տեղի է ունենում վարչապետ-եկեղեցի կամ վարչապետ-կաթողիկոս «թեմայի» պայմաններում:
Ընդ որում՝ դա քայլ է, որը կարող է «շեղել» մեդիահոսքը այդ թեմայից: Այդ պարագայում կստացվի, որ ՀՀԿ-ն դե ֆակտո օգնության է հասնում Ամենայն Հայոց կաթողիկոսին: Մյուս կողմից հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հենց ՀՀԿ գործողությունը կանխարգելելու համար էլ սրել է եկեղեցու՝ Կաթողիկոսի թեման, և, կարծես թե, հետևողակաորեն փորձում է այն պահել «առաջնագծում»:
ՀՀԿ քայլը Փաշինյանի համար «կանխատեսել» թերևս դժվար չէր, քանի որ «իմպիչմենտի» թեման շրջանառության մեջ էր արդեն տևական ժամանակ, և դրան զուգահեռ էլ Սերժ Սարգսյանը խոսել էր, որ ունեն մինչև 2026 թվականի խորհրդարանի ընտրություն որոշակի «արտահերթ» գործողությունների ծրագիր:
Իհարկե, միամիտ կլինի մտածել, թե Սերժ Սարգսյանն այնքան միամիտ է, որ պատկերացնում է, թե «Պատիվ ունեմ» խմբակցությամբ վարչապետի անվստահության գործընթաց սկսելը կարող է բերել անհրաժեշտ թվով ձայների, որոնք պետք են նախ հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու, իսկ հետո նաև հարցը հավանության արժանացնելու համար:
Առավել ևս, որ խորհրդարանի երկու պատգամավոր էլ՝ նախկին ՔՊ-ական Աղազարյանն ու Ասլանյանը, արդեն իսկ իրենց հերթին են առաջադրել վարչապետի թեկնածու և հայտարարել անվստահության գործընթաց սկսելու մասին, թեև դեռ չեն հավաքել որևէ այլ ստորագրություն:
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, սակայն հաշվարկված է թերևս ոչ թե անհրաժեշտ ստորագրություն հավաքելու «միամտությամբ», այլ նախաձեռնությունն ինքնին տեղավորված է թերևս այլ հաշվարկների շրջանակում:
Բաց մի թողեք
Գերմանիայի հասցեին Մոսկվայի սպառնալիքները Արևելյան Եվրոպայի երկրներին վախեր ներշնչելու համար են
Ռուսաստանի լռությունը Բաքվում պարտվողական ու «պերճախոս» է
Գերմանիայի կանցլերի ու ԱՄՆ բիզնեսմեն նախագահի դիրքորոշումները չեն համընկնում