Ռուսաստանի պետական և իշխանամերձ լրատվամիջոցները գրեթե on-line ռեժիմով լուսաբանում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը: «Նեզավիսիմայա գազետան» նույնիսկ հարկ է համարել տեղեկացնել, որ այժմ Էջմիածնում զանգերը ղողանջում են:
Ո՞ւմ «մահն են գուժում» Էջմիածնի զանգերը՝ ռուսաստանյան լրատվամիջոցը, իհարկե, չի մանրամասնում, բայց գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ ռուսաստանյան պետական հեռուստաալիքներով տարածվող քարոզչությունը, որի «պսակը» Սեմյոն Բաղդասարովի հայտարարությունն էր, թե Հայաստանին «սպասում է Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը», բավական խոսուն է:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը դադարեցվել է ոչ թե իրանցիների հանդեպ Դոնալդ Թրամփի «մարդասիրական վերաբերմունքի» պատճառով, այլ Մերձավոր Արևելքում «նոր աշխարհագրություն» ձևավորելու խաղաղ հնարավորությունը վերջին անգամ ներկայացնելու հաշվարկով: Եվ եթե չստացվի, տարածաշրջանային լայնածավալ պատերազմն անխուսափելի է դառնալու:
Բավական է հետևել մամուլի հրապարակումներին, որպեսզի դիտարկվի, որ համաշխարհային ուժային կենտրոնների մրցակցությունը տեղափոխվել է Մերձավոր Արևելք: «Նավթի դարաշրջանի ավարտի», «կանաչ էներգիայի» և «գլոբալ տաքացման դեմ պայքարի» մասին բամբառակությունների սնանկությունը կամ միտումնավորությունը մնացել են անցյալում:
Իսկ էներգակիրների համաշխարհային պաշարների առյուծի բաժինը Մերձավոր Արևելքում է, Կասպյան ավազանում և Կենտրոնական Ասիայում: «Երրորդ համաշխարհային պատերազմն» ընթանում է այս հիպերտարածաշրջանում «պահնորդության» համար:
Ոչ մի երաշխիք չկա, որ Մերձավոր Արևելքը և հարակից տարածաշրջաններն «ապագաղափարականացնելու» Թրամփի ծրագիրը կհաջողվի իրականացնել, բայց, որքանով հասկացվում է, միտումը դա է, որ փաթեթավորվում է իսրայելա-արաբական «պատմական հաշտեցման» քարոզչությամբ:
Ըստ էության, դա սիոնիզմը և իսլամական արմատականությունը տնտեսական և կոմունիկացիոն մեգա-նախագծերի «գայթակղությամ» խաղաղ համակեցության բերելու ծրագրավորում է, որ, հավանաբար, ուղղված է նաև պանթուրանականությանը «զսպաշապիկ հագցնելու» նպատակին:
Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ը էներգակիրների համաշխարհային «գանձարանի» տարածաշրջանում փորձում է ապամոնտաժել «գաղափարական պետության» մոդելը՝ անկախ այն բանից՝ քաղաքական իսլա՞մն է հիմքում, սիոնի՞զմը, թուրանականությու՞նը, թե՞ որևէ այլ գաղափարախոսություն:
Կարելի է ասել, որ դա արկածախնդրություն է, որի դեմ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների երկրները պայքարելու են, որպեսզի պահպանեն ինքնությունը:
Շատ հնարավոր է՝ այդպես էլ լինի: Բայց դա ոչ Թրամփին է հուզում, ոչ՝ Եվրամիությանը կամ Ռուսաստանին և Չինաստանին: Երբ «բոլորը բոլորի դեմ են»՝ տուժում են թույլերը: Ինչպես քառասունչորսօրյա պատերազմում՝ Հայաստանը: Բայց այդ պատերազմը, ցավոք, չի ավարտվել:
Չի ավարտվելու, եթե անգամ Հայաստանը և Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» ստորագրեն: Այդ իսկ պատճառով Հայաստանը պարտադրված է «զգույշ խոսել»: Հայաստանում պետք է առհասարակ «զգույշ խոսել»: Որովհետև Մերձավոր Արևելքում «պատմական հաշտության» հանդեպ հայկական ինքնությունը, դժբախտաբար, հիմնակազմիչ գործոն չէ:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել