17/10/2025

Երբ մեղադրանք չես գտնում՝ հորինիր …

Հայաստանը ներքաղաքական սրացումների ծանր ժամանակներ է ապրում: Միջանձնային հարաբերությունների, ատելության, չարացածության մթնոլորտը գնալով խտանում է, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ գործադիր իշխանության տգետ (բնորոշումը Փաշինյանինն է) աշխատակազմով:

Անկախությունից ի վեր այդպիսի իրավիճակներ երկիրը շատ է տեսել ու հաղթահարել, բայց այն, ինչ տեղի է ունենում 2018-ից հետո եւ, մասնավորապես, այս վերջին շրջանում՝ աննախադեպ է:

Հասարակությունը երբեք այսքան չարացած, այսքան արմատականացված չի եղել՝ միտումներ, որոնք օր-օրի ավելի են խորանում, դառնում ավելի վտանգավոր ու անկառավարելի:

Արդեն յոթ տարուց ավելի՝ գործող ՔՊ-ական համակարգը շարունակում է ատելության խոսքի եւ փոխադարձ թշնամանքի գեներացմամբ մարդկանց խմբերին հանել մեկմեկու դեմ, պառակտում մտցնել հասարակության մեջ՝ համարելով, որ գտել է հեշտ իշխելու ձեւը:

Սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, «կրակել» է ինքն իր ոտքին, սպառել հանրային վստահության պաշարամիջոցները եւ դեմ առել փակուղու: Դրան են այժմ դրդում նաեւ ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումները, ինչի ականատեսն ենք գրեթե ամեն օր, ներքին ու արտաքին ոլորտներում վարվող փակ քաղաքականությունը, հանրությանը ձանձրացրած ստերն ու ձեռնածությունները եւ, մանավանդ, սովորական դարձած հայհոյախոսությունը:

Ցավալի է, բայց՝ փաստ. գռեհկաբանությունը, մերժելի բառամթերքը, անձնական վիրավորանքը, որ հրահրվում են ոչ առանց սոցցանցերում ակտիվացած «կառավարող ընտանիքի» մասնակցության, հաստատուն կերպով մտել են հասարակության մեջ՝ որպես մեր կյանքի անբաժան ուղեկիցներ, եւ ավերներ են գործում:

Հիշենք Գեւորգ Էմինի անմահ երկտողը. «Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր, երբ խառն է դարը. Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու… տառը»: Ծանոթ լիներ Աննա Հակոբյանը մեծ բանաստեղծի այս զգուշացմանը՝ իրեն չսիրող կամ վիրավորող անձանց դիմելիս չէր գործածի, օրինակ, «էշ», «անուղեղ», «ոջիլ», «ինտելեկտուալ ղզիկ», «տխմար» արտահայտություններ:

Բայց սա չարիքի փոքրագույնն է՝ համեմատած ներքաղաքական այն բուռն դեպքերի ու անօրինականությունների հետ, որ տեղի են ունենում հասարակության աչքի առջեւ: Դրանք զանգվածային բանտարկություններն ու համատարած բռնություններն են այն անձանց նկատմամբ, որոնցից իշխանությունները լուրջ վտանգ են զգում իրենց աթոռների համար:

Ճաղերի ետեւում նրանց չեզոքացնելու հիմունքը ստալինյան՝ շատերին հայտնի ձեւակերպումն է. «Կարեւորը՝ մարդ լինի, իսկ հոդված միշտ կգտնվի»: Եվ իսկապես, փաշինյանական իրավակարգի ներկայացուցիչները ցանկացածի նկատմամբ մեղադրանք կամ հանցակազմ գտնում են, իսկ երբ չի հաջողվում գտնել՝ հորինում են:

Այդպիսի հորինվածք է, մասնավորապես, Բագրատ սրբազանի մեղադրանքը հիմնավորող ձայնագրությունների այն հատվածը, որտեղ նա ասում է. «Երկու հոգու գյուլլում ես պատի տակ, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»:

Այս հատվածն ընդհանուր խոսակցությունից կտրված մաս է: Կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ Քննչականն այն չի ներկայացրել դատարան, այլապես կպարզվեր, որ խոսքը թմրամոլների ու թմրանյութեր վաճառողների մասին է, որոնք ոչնչացնում են ազգը: Սրբազանը նրանց մասին է ասում՝ «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»:

Այստեղ ակնհայտորեն գործ ունենք ապացույց կեղծելու դեպքի հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է: Եթե մեր իրավապահների համարձակությունը ների ընթացք տալ այս տեղեկությանը, որն ի դեպ, թերթերից մեկը ճշտել է երկու տարբեր աղբյուրից ու վերահաստատել լրատվության իսկությունը, ապա չի բացառվում, որ գործը կարող է գլխիվայր շուռ գալ իրավական զեղծարարությամբ զբաղվող իրական հանցագործների եւ նրանց հովանավորող ստահակների դեմ:

Թե նման «ապացույցների» հիմքով դեռ որքան մարդ է Փաշինյանը մտադիր փակել բանտերում՝ դժվար է ասել, բայց մի բան հաստատ է՝ մինչեւ 2026-ի հունիսյան ընտրություններ բոլոր հավանական մրցակիցները մեկուսացված կլինեն: