15/12/2025

«Ազատազէնը» Հայաստանում զբաղվում է զենքի մշակույթի տարածմամբ եւ զարգացմամբ, քաղաքացիական հրաձգարանների կառուցմամբ». Նաղաշ Բաղդասարյան

Կայացավ «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության տարեկան համագումարը, որի ընթացքում ներկայացվեց նախորդ տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, ապա փակ քվեարկությունով ընտրվեց կազմակերպության կառավարման նոր խորհուրդ:

Մինչ կամփոփվեին քվեարկության արդյունքները, «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց կազմակերպության չորրորդ համագումարն է, որի ընթացքում կազմակերպության անդամները խոսեցին անցած տարի կատարված աշխատանքների մասին, եղան կանոնադրական որոշակի փոփոխություններ:

Նաեւ ընտրվում են կազմակերպության կառավարման մարմինները, այսինքն, լիիրավ անդամները ձեւավորում են նոր խորհուրդ, անվանակարգային հանձնաժողով եւ ստուգող մարմին: -«Ազատազէնը» գլխավորապես ինչո՞վ է զբաղվում:

-Որպես ՀԿ մեր կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է զենքի մշակույթի տարածմամբ եւ զարգացմամբ, քաղաքացիական հրաձգարանների կառուցմամբ, կրթական ծրագրերի իրագործմամբ:

-Այսօր երկրում տեղի ունեցող իրադարձությունները հաշվի առնելով մտավախություն չունե՞ք, որ զենքի հետ կապված մշակույթը տարածելով կարող եք խնդիրների առաջ կանգնել:

-Զենքը մենք միայն որպես սպորտային գործիք չենք դիտարկում:

Նախ եւ առաջ, «Ազատազէնը» մենք հիմնել ենք, որպեսզի կարողանանք երկարաժամկետ առումով պաշտպանել այն, ինչը մեզ է պատկանում: Նաեւ սպորտային ու որսորդական ուղղություններն ենք փորձում զարգացնել:

Այո, հասկանում ենք, որ կարող է որոշակի ռիսկեր լինեն՝ կապված արտաքին ու ներքին որոշակի զարգացումների հետ: Բայց դա մեզ չի անհանգստացնում, որովհետեւ  գործում ենք ՀՀ  օրենքի շրջանակներում եւ եթե ասում ենք զենք, նկատի ունենք օրինական զենքը:

-Ձեր կազմակերպությունը քանի՞ անդամ ունի:

-Այս պահին ունենք 850 աջակից անդամ եւ 98 լիիրավ անդամ: Ունենք նաեւ նվիրատուներ:

-Ձեր ծրագրերը որտե՞ղ եք իրականացնում: Ակտիվորեն Երեւանում եւ Վանաձորում, բայց մեր առաքելությունն իրականացնելու համար ռազմավարությամբ սահմանել ենք, որ Հայաստանի բոլոր մարզերում պետք է ունենանք հրաձգարաններ եւ ուսումնական կենտրոններ:

-Այսօրվա համագումարում նախորդ տարվա աշխատանքներին ի՞նչ գնահատական տրվեց:

-Ընդհանուր առմամբ, լավ: Բայց աշխատանքներ էլի կան անելու:

-Որպես այս կրթական ՀԿ-ի ղեկավար, կասե՞ք, թե նախորդ տարի նախատեսվածից ինչը չեք արել կամ թերի եք կատարել:

-Դասընթացները, որ պլանավորել էինք իրականացնել, ինչպես  նաեւ հրաձգարանների կառուցումը: Քիչ հրաձգարանների ստեղծումը կապված է օրենսդրական որոշ խնդիրների հետ:

Օրինակ, հողային օրենք, կադաստր եւ այլն: Այն շատ մեծ կախում ունի տեղական ինքնակառավարման մարմիններից, թե ով է ղեկավարը: Իսկ դասընթացներ քիչ են կատարվել նյութական ռեսուրսների սղության պատճառով»: