16/10/2025

Թուրքիայում կանխատեսելի ներքաղաքական իրավիճակը նախընտրելի է նաև Հայաստանի համար

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ երկրի նոր սահմանադրության անհրաժեշտություն կա: Նա հիմնավորել է, որ թեև անցած քառասուներեք տարիներին սահմանադրության տասնյակ հոդվածներ փոփոխության են ենթարկվել, միևնույն է՝ երկրի հիմնական օրենքի վրա «ծանրացած է մնում 1982 թվականի ռազմական հեղաշրջման ստվերը»:

2016 թվականի «ռազմական հեղաշրջման փորձից» հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի բանակի հարյուրավոր բարձրաստիճան սպաների ձերբակալել կամ պաշտոնանկ է արել, ոմանց հաջողվել է հետապնդումներից խուսափել և ապաստանել արտերկրում: Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում գրեթե ամեն շաբաթ զանգվածային ձերբակալություններ են իրականացվում:

Սահմանադրության վրա 1982 թվականի ռազմական հեղաշրջման «ստվերի առկայության» մասին Էրդողանի խորհրդականի դիտարկումը կարելի է հասկանալ ոչ այնքան երկրի հիմնական օրենքը ժողովրդավարացնելու մտադրության, որքան՝ բանակի կողմից քաղաքականությանը միջամտելու հավանականությունը լիովին զրոյացնելու անհրաժեշտության իմաստով:

Անցած օրերին Էրդողանը մի քանի կադրային փոփոխություններ է կատարել: Այդ թվում նաև պաշտոնից ազատել է իր աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության վարչության պետ Ֆահրադին Ալթունին, փոխվել է TRT հեռուստաընկերության խորհրդի և գործադիր տնօրենների կազմը:

Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ դա «կառավարության կազմի էական փոփոխության նախանշան է»: Այդ մասին ուղիղ հայտարարել է լրագրող Սյոզջանը: Նա ասել է, որ «կուլիսային տեղեկություն ունի, որ առաջիկա չորեքշաբթի կառավարության կազմի փոփոխություն կլինի», բայց հավելել է, թե «կուլիսային տեղեկությունները միշտ չէ, որ հաստատվում են, որոշում ընդունում է նախագահ Էրդողանը»:

Թուրքիայում սահմանադրական հանրաքվե և կառավարության կազմի փոփոխություն իրականացնելու մասին մամուլում տեղեկություններ տարածվել են նաև տարեսզբին, բայց այս փուլում, կարծես, դրանց հավաստիությունը բավական բարձր է: Էրդողանը հայտարարել է Թուրքիայի «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին: Ըստ տեղեկությունների՝ Իրաքյան Քրդստանի տարածքում «սկսվել է PKK-ի ռազմական խմբավորումների զինաթափումը»:

Զուգահեռաբար խորանում է իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների դիմակայությունը: Մեկնաբաններից շատերն այն կարծիքին են, որ Էրդողանը «ԺՀԿ-ն վերջնականապես մարգինալացնելու նպատակ է հետապնդում»: Ավելի խորքային գնահատմամբ՝ Թուրքիան անցումային շրջան է ապրում, քեմալական-աշխարհիկ հանրապետությունը փոխակերպվում է ազգանյնական-իսլամական «տարածաշրջանային տերության»:

Թուրքիայի ներքին կյանքի այս բարդ փուլը համընկնում է հայ-ադրբեջանական կարգավորման «որոշակի առաջընթացին», որտեղ Թուրքիայի դերը շատ կարևոր է: Էրդողանին կհաջողվի՞ երկիրը հեռու պահել ներքին ցնցումներից և միաժամանակ չներքաշվել տարածաշրջանային հակամարտություններում:

Սա, երևի, այն դեպքն է, որ գոնե տակտիկական նկատառումներից ելնելով՝ Թուրքիայում կանխատեսելի ներքաղաքական իրավիճակը նախընտրելի է նաև Հայաստանի համար: