16/07/2025

Ռուսաստանին ու Թուրքիային այստեղից դուրս են մղել Միացյալ նահանգները. Սարգսյան

Հայաստանը 2020 թվականից սկսած երբեք այսքան անվտանգ չի եղել:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի դիտարկամանը՝ թե ասում են Հայաստանը տարածաշրջանից դուրս է մղում Ռուսաստանից, Սարգսյանը նկատեց.

«Ռուսաստանին դուրս է մղում ԱՄՆ-ն, եթե դուրս է մղում: Եթե մենք, Հայաստանի Հանրապետությունը, կարողանում ենք այս տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, ուրեմն հարգանք ու պատիվ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ այսքան փոքր լինելով այդ ահռելի Ռուսաստանին այսքան տնտեսական կախվածությամբ հանդերձ կարողանում ենք դուրս մղել, ապրեն իրենք, ճիշտ են անում:

Ռուսաստանը խոստացել էր մեզ, որ Լեռնային Ղարաբաղում պիտի մեր հայ քույրերի ու եղբայրների անվտանգությունն ապահովեր, ապահովե՞ց: Լեռնային Ղարաբաղի մեր իշխանությունները Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը ռուսական ուղղեծրում չէի՞ն, բա ուր են էդ մարդիկ: Հիմա Ռուսաստանը էն Ռուսաստանի չէ՞, որ մեզանից փողը վերցրել էր զենքի դիմաց ու մինչև այսօր չի տալիս, ասում է չգիտեմ գազով կփակեմ, Ռուսաստանը էն Ռուսաստանը չէ՞, որ այսօր ծաղիկներ չի թողնում իր երկիր գնա, որ հեղուկ գազն է արգելում Հայաստան մտնի: Էդ չէ՞ Ռուսաստանը:

Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ մնանք, որ ինքը ինչ ուզենա մեզ թելադրի ու ցանկացած պահի մեր ճանապարհները փակի, ասի իմ ուզածով չեք անում այսպես պիտի լինի՞: Եւ եթե այդ Ռուսաստանի ճանապարհը Հայաստանի իշխանությունները կարողացել են փակել ու դուրս վռնդել, նորից եմ ասում հարգանք ու պատիվ իրենց, բայց Ռուսաստանին ու Թուրքիային այստեղից դուրս են մղել Միացյալ նահանգները։ Մենք այսօր բանակցային երկու թև ունենք։ Մի թևը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ, մյուս թևը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան, որոնք Մեղրի իններորդ կետի կողմնակիցներ են եղել»,- ասաց Արամ Սարգսյանը: