23/07/2025

Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատավարությունից

2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառք տալու գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նիստի ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Եղել է դեպք Եղեգնաձորում, հանդիպման ժամանակ տատիկ է դիմել, ոտքը կոտրած յոթ օր, որ հիվանդանոցում գիպսի մեջ չեն դրել, տղաներն էլ այստեղ չէին։ Ես ռիսկ չեմ արել գումարը հանեմ, 100,000-ը տամ, ասեմ գնա, ոտքդ գիպսի մեջ դիր։ Հետո մարդ եմ զանգել, ասել եմ` այդ տատիկին օգնեք, գնացել է»։

Նա վստահեցրել է, որ ձայների խնդիր չունի, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինքը կաշառք է տվել, որովհետև այդպիսի բան չկա. «2,700 հոգու քննություն է կատարվել, բայց ուղարկել են մի փոքր մաս, որտեղ կա հինգ վկա, բայց այդ մարդկանցից որևէ մեկը տառ ու բառ չի կարում ասի, որովհետև չկա այդպիսի բան, որ ասենք»: