26/07/2025

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում. Լուսանկարներ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։

May be an illustration of text

Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին շարունակական և հետևողական աշխատանքի համար:

May be art

Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին:

«Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը:

520972509_1067800022208878_8451184203766827159_n.jpg (413 KB)

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը. «Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքեր համար:

523950558_1067799775542236_8455532270812766064_n.jpg (488 KB)

«Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը:

523421858_1067799648875582_9137495857480210472_n.jpg (257 KB)

Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված են Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը:

522967095_1067799885542225_6192784220206645884_n.jpg (213 KB)

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։

524052015_1067799762208904_826162093320826187_n.jpg (256 KB)