26/07/2025

Ձերբակալվածը մեղադրվում է Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի սպանությունը կազմակերպելու մեջ

Նախօրեին գրել էինք, որ Արարատի բնակիչ Ստեփան Սամվելյանին ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով, իսկ այսօր` հուլիսի 24-ին նրան 2 ամսով կալանավորել են։

Սամվելյանն, ով թունդ ընդդիմադիր է եւ մամուլի ակումբներում հաճախ է ելույթ ունենում, հատկապես խոսում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դեմ, նրան մեղադրելով իրենից բիզնես խլելու համար։

Քննչական կոմիտեից հաստատել էին մեր տեղեկությունը՝ նշելով, որ նշված անձն ունի մեղադրյալի կարգավիճակ, քրեական գործ է հարուցվել․

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի (սպանության կազմակերպում) եւ 335-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Հայտնաբերվել է նռնակ»:

Իրավապահ համակարգից մեզ այսօր փոխանցեցին, որ Սամվելյանին նախաքննական մարմինը մեղադրում է ոչ միայն Արամ Սարգսյանի, այլ նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Արամ Սարգսյանի մտերիմ, այժմ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի սպանությունը կազմակերպելու մեջ։

Նա մի հեռախոսազրույցում տաքացել է եւ ասել` սպանելու եմ դրանց, այդ զրույցը գաղտնալսվել է եւ դրվել մեղադրանքի հիմքում: Դատարանը հաշվի չի առել նրա առողջական եւ էմոցիոնալ վիճակը: