Հնգօրյա ոչ պաշտոնական այցով Շոտլանդիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եվրամիության հետ «հաջող գործարքի» հասնելու մասին: Նա հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Մամուլի հրապարակումներից դատելով՝ Միացյալ Նահանգների նախագահին հաջողվել է «կոտրել» Եվրահանձնաժողովի դիմադրությունը, ամերիկյան ապրանքները ԵՄ շուկա կմտնեն «զրոյական մաքսատուրքով», Եվրամիությունը պարտավորվել է 700 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրներ գնել, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության մեջ կատարել 600 միլիարդ դոլարի ներդրումներ:
Առանձին քննարկվել է ԵՄ կողմից ամերիկյան «մեծաքանակ սպառազինությունների» գնման հարցը, ձեռք են բերվել «երաշխիքային պայմանավորվածություններ», բայց թե խոսք ի՞նչ զինատեսակների և գնման ծավալների մասին է, տեղեկությունները չեն բացահայտվում գոնե առայժմ:
Հայտնի չէ նաև, թե ձեռք բերված երաշխիքային պայմանավորվածությունները փաստաթղթավորվե՞լ են, թե խոսքը դեռևս բանավոր համաձայնությունների մասին է: Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է «գործնական երկխոսության մեկնարկը»:
Կարելի է հասկանալ, որ «առևտրային պատերազմին» վերջ տալու համար կողմերը դեռ անցնելիք ճանապարհ ունեն:
Դոնալդ Թրամփի շոտլանդական ուղևորության ամենակարևոր և տհաճ անակնկալը, թերևս, Գազայի մասին նրա հայտարարությունն է: Նա խոստովանել է, թե չգիտի «փոխանակման գործարքին» ինչ ճակատագիր է սպասվում և առհասարակ ինչպես է կարգավորվելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
«Թող Իսրայելն ինքը որոշի անելիքը, ես կասեի, թե նման իրավիճակում ինքս ինչ կձեռնարկեի, բայց այդ մասին խոսելը նպատակահարմար չէ»,- ասել է Թրամփը և թեման փակել:
Ավելի վաղ Թրամփն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը գործարք չի ցանկանում, մահվան է ձգտում և նրանք պետք է ոչնչացնել: Գազայի հարցում վերջնական որոշումը վերապահելով Իսրայելին, ԱՄՆ նախագահը փաստացի հուշում է, որ պատերազմը պետք է շարունակել, և պաղեստինյան խմբավորման ջախջախումը հասցնել ավարտին:
Իրադարձություններն, ըստ երևույթին, հենց այդ սցենարով էլ կընթանան: Վարչապետ Նաթանյահուն արտոնել է Գազա հումանիտար օգնության ծավալների մեծացումը, որպեսզի, ինչպես ինքն էլ խոստովանել է, «փակի շահարկումները»:
Ի՞նչ զարգացումներ են սպասվում Մերձավոր Արևելքում, ինքնին կարևոր է, որովհետև այնտեղ աշխարհաքաղաքական փոփոխությունները չեն կարող չշոշափել նաև Հարավային Կովկասը և Իրանը:
Իրավիճակը հատկապես ինտրիգային է նրանով, որ վերջին երկու-երեք շաբաթներին թե՛ նախագահ Թրամփը, թե՛ վարչակազմի ներկայացուցիչները և հատկապես Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-ադրբեջանական կարգավորումը նույնպես դիտարկել են որպես Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ:
Գազայի և իսրայելա-պաղեստինյան կարգավորումից Դոնալդ Թրամփի հրապարակային «ձեռնալվան» խիստ զգուշացնող է: ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական կարգավորման ֆորմալ միջնորդություն չի իրականացնում:
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումը, որ տևել է հինգ ժամ, կայացել է Արաբական միացյալ էմիրություններում: ԱՄԷ-ն ներգրավված է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի բանակցություններին, հանդես է գալիս որպես Գազայի պաղեստինապատկանության երաշխավոր:
Որքանո՞վ է ԱՄԷ-ն ներգրավված հայ-ադրբեջանական բանակցություններում, Փաշինյան-Ալիև Աբու Դաբիի հանդիպումը համաձայնեցված էր նաև Միացյալ Նահանգների՞ հետ, Սյունիքի «անցուղու» մասին տեղեկատվական արտահոսքն ինչո՞ւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակն է բավական անհաջող ձեւակերպումներով թույլ տվել՝ այս և բազմաթիվ այլ հարցեր խորքային և ամենաբծախնդիր վերլուծության կարիք ունեն:
Այդ «անկանխատեսելի» Թրամփը մի օր էլ կարող է «ձեռքերը լվանալ» Հայաստան-Ադրբեջան կարգավորումից: Իսկ ամենակարևորն այն է, թե Եվրահանձնաժողովի նախագահ Լայենը Թրամփի հետ քննարկե՞լ է Հարավային Կովկասի կամ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի հաղորդուղիների հարցը: Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոր տերմին է շրջանառության դրել՝ «Տրանսկովկասյան միջազգային տրանսպորտային միջանցք»:






Բաց մի թողեք
Պուտինը Ալիևին նոր արտոնություն կշնորհի
Ադրբեջանն էլ «կկրճատի պարտադիր զինծառայության ժամեկտը»
ԱՄՆ ամբողջությամբ իր հովանու ներքո է վերցնում Ադրբեջանը