Երեկ ՔՊ-ական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամաբ ներգործության հերթական դրսեւորմանը ականատես եղանք:
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը իրեն իրավունք էր վերապահել գնահատել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կայացրած դատական ակտն ու բարոյախրատական գրառում անել այն մասին, թե ինչպես կարող էր նման որոշում կայացվել:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։
Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը… »,-գրել էր ՔՊ-ականը՝ անդրադառնալով այսպես կոչված «հեղաշրջման» գործով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի փոփոխությանը:
Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինեց վարչական հսկողությամբ:
«Հրապարակ»-ը դատավոր Վազգեն Ռշտունուն խնդրել է մեկնաբանել Արման Եղոյանի գրառումը: «Ինձ մոտ գտնվող բողոքի վարույթում իրենց բարձրացրած հարցի՝ պաշտոնատար անձանց սպանելու ցանկություն հայտնելու վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չկա»,- «Հրապարակ»-ին ասել է Վազգեն Ռշտունին՝ հավելելով, որ դատական նիստում անգամ այդ հարցը չի բարձրացվել:
Նշենք, որ Վազգեն Ռշտունին բարձր հեղեինակություն ու վարկանիշ ունեցող քիչ դատավորներից է: «HelpCourt» համակարգում, որտեղ փաստաբանները դատավորներին գնահատում են, նրա վարկանիշը մշտապես բարձր է եղել թե՛ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո:
Երբ հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին Հրայր սարկավագին բաց թողնելու որոշում է կայացրել, իշխանական շրջանակները՝ պատգամավորական մակարդակով, ֆեյքերով, մերձիշխանական բլոգերներով, «գրոհեցին» դատավորի վրա։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն առաջիններից էր, որ թիրախավորեց Ռշտունուն՝ սարգավագի խափանման միջոցը փոխելու համար։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։
Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։
Հիշեցնեմ, որ նման ծրագիր ունենալը հիմնավորվում է դատարանի թույլտվությամբ ձեռք բերված և մինչ օրս չհերքված գաղտնալսումներով։
Իսկ մինչ այդ, ոչ միայն դատավորին սպանելու ծրագիր կազմելը, այլ նույնիսկ դատավորին վիրավորելն է քրեականացված։ Հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի դատավոր Ռշտունին, օրինակ, դատավորին վիրավորելն ապաքրեականացնելու գաղափարին»,-գրել է Եղոյանը։
Փաստացի իշխանությունը չի թաքցնում, որ Վազգեն Ռշտունին, կայացրած այս որոշման համար, «չի մարսելու»։
Հրայր սարկավագը Բագրատ Սրբազանի հետ կալանավորվել էր հունիսի վերջին։ Նրանք, եւ «Սրբազան պայքարի» եւս 14 աջակից մեղադրվում են իբր «ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեջ»։
Հատկանշական է, որ մեղադրյալներից որեւէ մեկի մեղավորությունը դատարանով ապացուցված չէ, սակայն ՔՊ-ականները՝ խախտելով անմեղության կանխավարկածը, բոլորին անվանում են ահաբեկիչներ, մարդասպաններ։
Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործում առկա նյութերում չկա այնպիսի տվյալ, որտեղ Հրայր սարկավագը ինչ-որ մեկին սպանելու ցանկություն է հայտնել, այդպիսի պնդումներ է արել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Գործում չկա այնպիսի տվյալ, որ Հրայր սարկավագը սպառնացել է, թե ինչ-որ մեկին սպանելու է, քրեական վարույթի նյութերում նման բան չկա, կալանքի նյութերում բացակայում է, թե իրենք որտեղից են նման տվյալներ վերցնում, չգիտեմ։ Հրայր սարկավագը հստակ նշել է, որ նման արտահայտություններ չի արել»,-ասաց նա։ Փաստաբանը կարծում է, որ նախաքննական մարմինը ինֆորմացիայի արտահոսք է անում, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։
«Նախաքննական գաղտնիքը պահելու վերաբերյալ մենք՝ փաստաբաններս, ստորագրություն ենք տալիս, բայց ստացվում է որոշ քաղաքական շրջանակներ տիրապետում են նախաքննական տվյալների»,-ասաց Սարգսյանը։
Սարգսյանը շեշտում է՝ հանրային կարծիքի «բռնաբարություն» է տեղի ունենում։ Իշխանականների վերաբերմունքը Վազգեն Ռշտունու նկատմամբ փաստաբանը անվանում է՝ հիստերիա։ «Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք, արդեն դիրքորոշում են հայտնում, նույնիսկ սպառնում են դատավորին՝ դատել, կալանավորել, քանի որ դատավորն, ըստ իրենց, անհիմն որոշում է կայացրել։ Այսինքն՝ իրենք են որոշում։ Դատական համակարգն անկախ է, եւ դատավորը պարտավոր է ղեկավարվել օրենքի տառով եւ արդարադատության շահով, հենց այդպես էլ Ռշտունին վարվել է»,- ասաց նա։
ՔՊ-ականների վարքագիծը դատավորի նկատմամբ ճնշման դասական օրինակ է համարում։ «Դատավորը թիրախավորվել է, նրա նկատմամաբ անձնավորված ճնշում է իրականացվում։ Սա նաեւ նպատակ ունի մյուս դատավորներին ցույց տալ, որ եթե որեւէ մեկը բողոք կբավարարի՝ հանրային հետապնդում կսկսեն նրա նկատմամբ։ Սա միանշանակ պետք է գնահատել ճնշում, թե՛ դատարանի, թե՛ դատավորի նկատմամբ։ Ես ճանաչում եմ Վազգեն Ռշտունուն, նա չի տրվում այդպիսի սադրանքների»,- շեշտեց Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ Հրայր սարկավագի մասով Վերքաննիչ դատարանի քննարկումը եղել է իր բողոքի հիման վրա՝ գրավոր ընթացակարգով։ Փաստաբանը երկու հիմնավորում է ներկայացրել դատարան՝ հիմնավոր կասկածի հիմքով եւ պայմանների մասով, թե դրանցից որ մեկն է դատարանը բավարարել, դեռեւս չգիտի, պատասխանը չի ստացել։ «Ենթադրում եմ, որ հիմքերի մասով է բավարարվել»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ նախնական խափանման միջոցի կիրառումը այլեւս վերածվել է պատժի, անձին պատժում են, որովհետեւ ինքը Հրայր սարգավագ Հակոբյանն էր, ասում է՝ սա նույնն բանն է, որ հայ լինելու համար մարդուն սպանեն։
«Խափանման միջոցի նպատակն այլ է, այն կանխարգելիչ նշանակություն ունի»,-հավելեց նա։
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից