17/09/2025

Քանի դեռ Դոգը բանտում է, իշխանությունն ու ընդդիմությունը պայքարում է նրա քվեների համար

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են մեր ժողովրդին զարմացնել քաղաքական բանավեճի նշաձողը գետնին հավասարեցնելու հարցում:

Մեր իշխանությունները տանը առյուծ են, դրսում, դժբախտաբար, աքլոր: Վարչապետն ու նրա մոլեռանդ աջակիցները՝ լինի հրապարակային խոսքը, խորհրդարանը կամ փողոցը, պատրաստ են ամենաստոր վիրավորանքները հասցնել մեր ընդդիմությանը, եթե պետք լինի՝ խորհրդարանում ուղղակի ծեծել ընդդիմադիրներին և դա անել հրապարակային:

Դրսում, նույն այդ մարդիկ, պատրաստ են ամիսներով ու տարիներով ուտել մեր հարևան երկրի ու նրա առաջնորդի նվաստացումները:

Գռեհկության իմաստով, մեր ընդդիմությունը ոչ միայն հետ չի մնում իշխանություններից, այլ մի բան էլ առաջ է:

Քանի դեռ Դոգը բանտում է, իշխանությունն ու ընդդիմությունը պայքարում է նրա քվեների համար:

Եվ զարմանալի է, երբ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, խոսում են կրթության, կրթված լինելու կարևորության ու նորաձևության մասին:

Մեր ժողովուրդը, անշուշտ, կրթության կարիք ունի, բայց առաջին հերթին պետք է կրթվեն.

ա/ վարչապետն ու նրա թիմակիցները,

բ/ նախկին նախագահներն ու նրանց աջակիցները»: