11/08/2025

Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ․ Քոչարյանը խոսել է ամենատարբեր թեմաների մասին

«Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,– TV 5-ին տված տեսահարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է նշանակում նախաստորագրություն. ես 10 տարի նախագահ եմ եղել, ստորագրել եմ բազմաթիվ պայմանագրեր, երբեք չի եղել նախաստորագրելու տարբերակը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր նախաստորագրմանը. «Եթե տարաձայնությունները շատ են, չկա ստորագրելու պայմանագիր։ Եթե խոսում են նախաստորագրման մասին, ապա ենթադրաբար մինչեւ ընտրությունները մի թուղթ են տալու, որը որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ եւ որեւէ պարտավորություն չի նշանակում։ Նախաստորագրելը հերթական գլուխ հարդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա։ Իրեն հարգող մարդը չի կարող այդ տերմինաբանությունը լուրջ ընդունել»։

Հարցին՝ այս պահին իևր կարծիքով բանակցություններում ինչ է քննարկվում, նա պատասխանեց. «Քննարկվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է դեռ մի քանի պայմանների կատարում, որը Ադրբեջանի ասելով ամենաբարձր մակարդակով ասել են, որ չեն անելու մինչեւ չլինեն սահմանադրության փոփոխություն, մինչեւ չլուծարվի Մինսկի խումբը, բայց ենթադրում եմ՝ կապված որոշակի ընտրական պրոցեսների հետ կարող է նախաստորագրվող մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար»։

Քոչարյանը հարց բարձրացրեց, թե ինչու է խաղաղության օրակարգի դրոշը կրողը դարձել Նիկոլ Փաշինյանը. «2018–ի հեղափոխությունը ի՞նչ կարգախոսներով էր։ Երեք հիմանական թեմա էր՝ սոցիալական արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդավարություն։ Չի եղել խաղաղության օրակարգ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմ, նրա երկու տարվա ելույթները ոչմիթիզական, ազգայնական առաջնորդի ելույթներ էին։ Պատերազմի պարտությունից վախեցած ժողովրդի համար օրակարգային դարձավ խաղաղության թեման։ Ինքը բերեց այդ պարտությունը եւ այդ պարտությունից առաջացրած խաղաղության օրակարգի դրոշը վերցրեց։ Ինքը ձախողել է եւ սոցիալական արդարությունը, և կոռուպցիայի դեմ պայքարը, և ժողովրդավարությունը։ Ես համարում եմ, որ ինքը դավաճանել է բոլոր այն գաղափարներին, ինչի ազդեցության տակ 2018 թվականին եղավ իշխանափոխություն։ Ինքը բերեց պարտություն և ինքը այդ պարտությունը սարքեց իրեն հետագա իշխանության մնալու դրոշակը»։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ սոցիոլոգների, 2021 թվականին իր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը քարոզում էր խաղաղություն, իսկ իր անունը կապվում էր հնարավոր նոր ազատագրական մարտերի հետ, երկրորդ նախագահն ասաց. «ճիշտ եք ասում։ Հենց ամբողջ պարադոքսը դրա մեջ է։

100 հազարավոր մարդիկ դուրս գան փողոց երեք հիմնական հարցերից ոգևորված, այդ երեք հարցերում իշխանությունն ամբողջությամբ ձախողման, և իշխանության անվտանգային հարցման մեջ ձախողումը բերեց իրեն համար նոր օրակարգ։ Դրանով դա վերընտրվեց 21 թվականին, ինը  իսկապես աբսուրդ է»։

Ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ. խոսքը միջանցքի մասին է։ Այս մասին նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու– Դաբիում։ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո հետ է քաշվում։Ալիևը համոզված է, որ այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկացիների կողմից վերահսկվող ճանապարհ, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե մենք ոչ թե կորցրել ենք Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը, Քոչարյանը դա համեմատեց նրա հետ, որ մարդը վթարի հետեւանքով կորցնի ոտքը, հետո ասի, ոչ թե կորցրել եմ ոտքս, այլ քաշ եմ գցել. «Նիկոլ Փաշինյանն այդ մանիպուլյատիվ բացատրությունների մեջ ուղղակի չեմպիոն է։ Ստախոսության բիոսարք է»։

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոստովանեց, որ շատ կոնկրետ թեմա է Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցը, ինչ–որ ժամանակ արդեն քննարկման սեղանին է դրված․ «Այստեղ իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ եւ դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի  միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել։ Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9–րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում։ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետեւեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։ Այս ամենը մի կողմ դնել, ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքն» առանձին թեմա որպես ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է»։

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է, սա փաստ է և բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս դա․ «Ինքը փորձում է միշտ նոր ինչ-որ տարբերակներ գտնել, ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար՝ հեծանիվներ, հայհոյախառն ֆեյսբուքյան գրառումներ, ընտանեկան պոդքասթներ, «կրթությունը նորաձև է» ինչ-որ հանդիպումներ և այլն։ Սրանք բոլորը փորձեր են,  նոր դիրքավորվելու և ինչ-որ մի անկյան տակ փորձել վերանորոգել այն կորուստները, որը ինքը ունեցել է։ Բայց կորուստները ֆունդամենտալ են և կապված են հենց այն հանգամանքի հետ, որ հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են։

Օրինակ, երբ նախագահ էի ես 98 թվականին աղքատությունը եղել է 56%։ 2008 թվականի սկզբին աղքատության տոկոսը եղել է մոտ 25 տոկոս, ավելի քան երկու անգամ նվազել է, իսկ ծայրահեղ աղքատությունը նվազել է 21%-ից մինչև 4%։ Հիմա մոտավորապես 24% աղքատության ցուցանիշ կա, իսկ դա ամենից ամփոփիչ ցուցանիշն է սոցիալական արդարությանը։ Ըստ էության, այս հարցում որևէ առաջխաղացում Նիկոլ Փաշինյանը չի կարող արձանագրել։ Բևեռացումն է խորացել, աղքատը ավելի աղքատ է դարձել։

Երկրորդ հանգամանքը կոռուպցիայի դեմ պայքարն է, իրենք կոռուպցիայի դեմ պայքարը շուռ են տվել կոռուպցիան գլխավորելու նպատակին և հաջողության փայլուն ձևով անում են։ Իրականում եթե անցյալում կոռուպցիա էր, այն, ինչ կատարվում է այսօր, թալան է։ Օրինակ, ԱՆԻՖ–ի տարբերակը կամ 65 միլիոն դոլարի անհետացումը կամ համահայկական հիմնադրամից 100 միլիոն դրամի ուղղակի անհետացումը, այ սա թալան է, սա նույնիսկ կոռուպցիա չի, սա կոռուպցիոն գլուխգործոց է։

Հիմա ինքը փորձում է նոր մոդուսներ գտնել իր հարաբերությունները վերանորոգելու համար ժողովրդի հետ, ու տարբեր ինչ-որ բաներ մտածելով կրեատիվ ինչ-որ բաներ է գտնում։ Մեղավորներ պետք է փնտրի, ինքը փայլուն է այդ առումով»։

Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցն արդեն քննարկման սեղանին է դրված. «Այստեղ իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կմ–ոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ: Դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել»:

Նիկոլ Փաշինյանը միշտ փնտրում է մեղավորներ, հիմա մեղավորներից մեկը եկեղեցին է.«Ես ճիշտ է, շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը։ Ես ինքս լավ չեմ հասկանում, թե ինչի համար է դա։ Այսպես ասած, իր շահը որտե՞ղ է։ Եթե դուք հասկանում եք, օգնեք ինձ հասկանալ սա։

Ըստ էության, դա հարձակում է եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի վրա։ Հիշենք, թե 2018 թվականին ինչպիսի հարձակում եղավ բանակի հրամանատարության վրա, բոլորը հայտնվեցին քրեական գործերի տակ, բոլորը թալանչիներ են, բանակ թալանեցին, էս արեցին, էն արեցին։ Ինքը հո չէր ասում, որ հայկական բանակն է վատ բանակ, ինքը ասում էր՝ այս գեներալիտետը, այս  հրամանատարական կազմը գող ու ավազակ են և քանդում են մեր բանակը։ Վերջում մենք ի՞նչ ստացանք, ստացանք այն, որ հրամանատարության նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց այնպես, որ մենք ունեցանք խայտառակ պարտություն պատերազմի ժամանակ։

Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Ինքը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ։ Ասում է՝ հա, ես հավատացյալ եմ, մեջբերումներ է անում Ավետարանից,  տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է, բայց նույնը մոդելով, ինչպես քանդել է բանակը, հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և վեհափառի նկատմամբ, դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Այդ առումով շատ կանխատեսելի է ինքը։ Սա արշավ է եկեղեցու դեմ»։

Հարցին՝ կհաջողի՞ Փաշինյանը, երկրորդ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, բայց փորձեմ մի թեթև այլ անկյան տակ այս հարցին նայել։ Մենք շատ դեպքում չենք հասկանում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, կամ ինչի է սա անում, որովհետև մենք հարցին նայում ենք հայերի աչքերով։ Փորձեք այս նույն եկեղեցու վրա հարձակման թեմային նայել ադրբեջանցու աչքերով, անմիջապես հասկանալի է դառնում, թե ինչ է կատարվում։

Ես մեկ անգամ, մի քանի տարի առաջ մի բան եմ ասել, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, ապա կաներ ճիշտ այն քայլերը, որ այսօր անում է Հայաստանի իշխանությունը»։

Իսկ եկեղեցին ի՞նչ գործիքակազմ ունի պայքարելու համար, ունի, թե՞ չունի։ Եկեղեցին բանակ չունի, ոստիկանություն չունի, պարզ է, որ պետությունը կարող է ինչ-որ չափով ճնշել։ Ի՞նչ կարող է անել եկեղեցին, առաջին հերթին եկեղեցուց օտարել այն մարդկանց, որոնք այդ արշավը եկեղեցու դեմ սկսել են․ «Հայտարարել, որ այդ մարդիկ չեն պատկանում Հայ առաքելական եկեղեցուն։ Վերջերս Ռուսաստանում մի քահանա մի հետաքրքիր բան արեց,  մերժեց ՔՊ–ականին կնքահայր կանգնելու դեպքում կնքել։ Եկեղեցու գործիքներից մեկը սա է, պետք է այդ գործիքը կիրառի։

Իրենք պետք է ընկալեն որ հարձակումը եկեղեցու վրա դա ոչ թե զուտ Նիկոլ Փաշինյանի կապրիզներն են։ Ես համոզված եմ, որ և ժողովրդի աջակցությունը կստանա, և քաղաքական ուժերի, բայց եկեղեցին այս կոնֆլիկտից խուսափելու տարբերակ չունի։ Չի նշանակում որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնալու է հարձակվի վեհարանի վրա։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ իրեն պետք է երկարատև եկեղեցուն վարկաբեկելու պրոցես։ Նպատակը սա է։ Շատ հավանական է, որ անոնսված հանրահավաքը տեղի չի ունենալու Էջմիածնի հրապարակում»։

Քոչարյանը նշեց, որ չի ընդունում վարկածը, թե Փաշինյանը աղանդավորներին է համախմբելու, որ արշավեն վեհարանի վրա. «Աղանդավորներն ընդհանրապես անտարբեր են, թե վեհափառը կամ սրբազանները ինչ կյանքով են ապրում, Այնպես չէ, որ աղանդավորները ատելությամբ են լցված հայ եկեղեցու նկատմամբ, իրենք ուղղակի անտարբեր են, և եթե մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանը կարող է կոչով հավաքել աղանդավորներին, չի լինելու նման բան։

Այսօր Նիկոլ Փաշինյանը չունի մոբիլիզացիոն ռեսուրս, փողոց մոբիլիզացնելու համար, չի կարող բավարար մարդ հավաքել այդ օպերացիան իրականացնելու համար։ Սա ավելի շատ իմ տպավորությամբ, ավելի շատ երկարատև ժամանակ եկեղեցին վարկաբեկելու գործիքակազմ է կիրառում, և եկեղեցին պետք է պաշտպանվի, դիմի ժողովրդին։ Եկեղեցին երբեք ընդհարումների հրահրողը, հեղինակը չի լինելու։ Ուրեմն պետք է այդ խուժանությունը պետք է կատարի Հայաստանի իշխանությունը։ Հավատը այնքան խորն է նստած մարդկանց մոտ, որ իշխանության համար սա կրակի հետ խաղալ է, և չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է, դրա համար դոզավորված փորձելու է շարունակել եկեղեցին վարկաբեկելու պրոցեսը,  բայց չի հատելու այն գիծը, որը իսկապես կարթնացնի եկեղեցու մոբիլիզացիոն ռեսուրսը»։