1920 թվականի այս օրերին Հայաստանի զինված ուժերը փորձ արեցին, ինչպես մեր պատմագիտության մեջ ընդունված է ասել, «ազատագրել պատմական Օլթի գավառը», որ իրավական առումով անկախ Վրաստանի մաս էր կազմում, բայց փաստացի գտնվում էր տեղական մուսուլմանական ուժերի վերահսկողության տակ, իհարկե՝ քեմալական Թուրքիայի հովանու ներքո: Հունիսին հայկական ուժերին հաջողվել էր մտնել Օլթի-Արդահան:
Թուրքական պատմագիտությունը 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի պատճառ է համարում Օլթիի ուղղությամբ «զինադադարի գծի խախտումը», ինչին ի պատասխան 1920 թվականի սեպտեմբերի 3-ին Քյազիմ Կարաբեքիրի զորքերն անցնում են հարձակման և գրավում Օլթին ու Արդահանը:
Թուրքերն ասում են, որ Օլթի-Արդահան ռազմագործողությանը Հայաստանին դրդել է Մեծ Բրիտանիան: «Հիմնավորումն» այն է, որ Սևրի պայմանագրով Հայաստանին «տրված» տարածքների մի շատ զգալի մասը հայկական վերահսկողությունից դուրս էր, և «իմպերիալիստները» Երևանի Բյուրո կառավարությանը դրդել են «զենքի ուժով այնտեղ իր ինքնիշխանությունը հաստատել»:
Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրներն իրոք Հայաստանին մղե՞լ են գրավել նոր տարածքներ՝ չափազանց վիճելի է, բայց դրանից պատմական փաստը չի փոխվում, 1920 թվականի հունիս-հուլիս ամիսներին, օգոստոսի առաջին օրերին Հայաստանը փորձել է ինքնիշխանություն հաստատել Օլթի-Արդահան շրջանում, որ, կրկնենք, իրավական առումով Վրաստանի մասն էին կազմում:
Կարելի՞ է ասել, որ 1920 թվականի մայիսին Հայաստանում տեղի է ունեցել «պետական հեղաշրջում, խորհրդարանական կառավարման համակարգը տապալվել է, հաստատվել բռնապետություն՝ ի դեմս ՀՅԴ Բյուրո կառավարության»:
Ալեքսանդր Խատիսովին վարչապետի պաշտոնից հեռացնելու, նրա կոալիցիոն կաբինետը ցրելու և բժիշկ Համո Օհանջանյանի գլխավորությամբ միակուսակցական նոր կառավարություն ձևավորելու ի՞նչ անհրաժեշտություն կար:
Խատիսովը հակված էր ընդունելու բոլշևիկյան Ռուսաստանի առաջարկած կարգավորո՞ւմը, ՀՅԴ-ն դե՞մ էր, ուստի նրան պաշտոնանկեց, փոխարենը վարչապետ կարգեց երբեք քաղաքականությամբ չզբաղված Համո Օհանջանյանին, բայց փաստացի՝ ռազմական նախարար Ռուբենի՞ն: Այդ ժամանակ էլ ծրագրվել է «պատմական Օլթի-Արդահանի ազատագրման ռազմագործողությու՞նը»:
Այսինքն, ուղիղ 105 տարի առաջ Մուստաֆա Քեմալի հետ պատերազմից խուսափելու, բոլշևիկյան Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն անհամեմատ նպաստավոր պայմաններով կարգավորելու հնարավորության կար, բայց չօգտագործվե՞ց:
Սա չափազանց կարևոր խնդիր է, որ լրջագույն, սառը, անաչառ հայացքով գնահատման կարիք ունի, որովհետև այսօրվա Հայաստանի «անիծյալ հարցը» մեկն է՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու հնարավորություն կա՞ր:
Ինստիտուցիոնալ ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից» 2019 թվականին ներկայացված «պաշտոնական առաջարկությունը, դրան Հայաստանի պատասխանը»:
Ընդդիմությունը խնդիր ունի հիմնավորել, որ Փաշինյանը «փչացրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, մերժել «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայանպաստ առաջարկությունը», Ստեփանակերտում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ» և Ադրբեջանին պատերազմի դավագրգռել»:
Իսկ դրանից հարյուր տարի առաջ, երբ Հայաստանում ՀՅԴ Բյուրո կառավարություն էր, ինչո՞ւ տեղի ունեցավ Օլթի-Արդահան ռազմագործողությունը, մերժվեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման «լենինյան պլանը»:
Մենք գործ ունենք «անհատական ավանտյուրայի՞», թե՞ աշխարհաքաղաքական նախագծումների նույնականության հետ: Հեռավոր կամ մոտ անցյալի իրողությունների թվարկումը խնդիր չէ, Հայաստանը պետք է գտնի «ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ է այսպես լինում» հարցի պատասխանը:
Բաց մի թողեք
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին
Երևանի հասցեին դրվատանքի որևէ արտահայտություն տեղ չի գտնում ․․․
Պարզվում է, ՌԴ-ն լրացուցիչ կվերլուծի Վաշինգթոնի հայտարարությունները