Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, ինչպես նաև մի քանի հայտնի այլախոհներ մամուլում և սոցիալական ցանցերում տագնապ են հնչեցրել, որ Բաքվի մերձակա Նարդարան ավանում «այգիները հատվել են, իսկ տեղում խաղատուն է կառուցվել»:
Նրանք հասցեական նշել են, որ «այդ բարբարոսությունը սեփականատերերին վճարած չնչին գումարի դիմաց իրականացրել է Իլհամ Ալիևի նախկին փեսա շոումեն Էմին Աղալարովը, որ վերջերս արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման»:
Ավելի քան երկու տասնյակ հրապարակումների անխտիր բոլոր հեղինակները միանշանակ պնդել են, որ «խաղատնային բիզնեսի իրական սեփականատերն Իլհամ Ալիևն է, որ հետքեր քողարկելու համար նախկին փեսային մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկեր է տրամադրել»:
Քննադատությունը, երևում է, բավական ցավոտ է: Էմին Աղալարովն ինստագրամյան գրառում է կատարել և Նարդարանում խաղատուն բացելու ամբողջ պատասխանատվությունը վերցրել իր վրա:
«Քսանմեկ տարեկանից ցածր տարիքի ոչ ոքի թույլ չի տրվելու խաղատուն մտնել: Վրաստանի խաղատներում գումար խաղացողների տասնյոթ տոկոսն ադրբեջանցիներ են, մենք ցանկանում ենք այդ բիզնեսը վերադարձնել մեր երկիր»,- գրել է Իլհամ Ալիևի երկվորյակ թոռների հայրը:
Նրա ասելով, իր ցանկությունն է, որ իր մոտ «խաղան օտարերկրացիները, որ այլ դեպքերում Ադրբեջան այցելելու ոչ մի ցանկություն չէին ունենա»: Աղալարովը Նարդարանում «փոկերի միջազգային մրցույթներ կազմակերպելու» ցանկություն ունի:
Նա երազում է Նարդարանի խաղատունը դարձնել համաշխարհային կարևորության հինգերորդը՝ «Մոնակոյից, Մակաոյից, «Հյուսիսային Կիպրոսից» և Լաս-Վեգասից հետո»: Աղալարովի կանխատեսմամբ, իրեն կհաջողվի մինչև տարեվերջ պայմանագրեր կնքել հյուրանոցային համաշխարհային տասներկու օպերատորների հետ, որոնցից շատերը Բաքվում դեռ ներկայացված չեն:
Նա համոզված է, որ խաղատնային և հյուրանոցային բիզնեսը Բաքվի մերձակա ավանների բնակչության համար «կստեղծի հազարավոր աշխատատեղեր»:
Որ այդ հավակնոտ ծրագրի հովանավորն իրոք Իլհամ Ալիևն է, անկասկած է, բայց ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Օրերս Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսաստանցի միլիարդատեր, Ալիևի նախկին խնամի, Էմինի հայր Արազ Աղալարովը «գտնվում է Բաքվում»:
Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները համոզված են, որ նա «խուսափել է Ռուսաստանի իշխանությունների հետապնդումներից»:
Էմին Աղալարովն անձնական գրառմամբ հաստատել է, որ հայրը տեղափոխվել է Բաքու և «թեթեւակի» ակնարկել, որ «Կրոկուսի» ահաբեկչությունից իրենք մոտ երեք հարյուր միլիոն դոլարի վնաս են կրել, իսկ Մոսկվայի իշխանությունները որոշել են տեղում «ահաբեկչության զոհերի հիշատակին պուրակ հիմնադրել»:
Ավելի վաղ վարկած էր շրջանառվել, որ Արազ Աղալարովը «կրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալու ակնկալիքներ է ունեցել, բայց Ռուսաստանի կառավարությունը մերժել է»:
«Կրոկուսի» և առհասարակ Արազ Աղալարովի «ֆինասա-տնտեսական կայսրության» բաժնետեր է նաև Իլհամ Ալիևի ավագ դուստրը՝ Լեյլան: Ըստ տեղեկությունների, այդ գործարքը կնքվել է նրա և Էմինի ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպելու ընթացքում:
Եթե Աղալարովները երեք հարյուր միլիոն դոլարի վնաս են կրել, նշանակում է «ինչ-որ բան» կորցրել է նաև Լեյլա Ալիևան: Նարդարանի խաղատունը կարող է արագորեն վերականգնել կորուստները:
Բայց Ալիևը, հավանաբար, ծրագրում է Նարդարանը վերածել «միլիարդատերերի ժամադրավայրի»: Ավելի քան երկու տասնամյակ է՝ Ադրբեջանը Պարսից ծոցի արաբական միապետությունների մեծահարուստների համար էկզոտիկ որսավայր է:
Նարդարանի խաղատունը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով և ավելի հարուստ մարդիկ հրապուրվեն Ադրբեջան այցելությամբ: Իսկ դա ոչ միայն արդյունավետ բիզնես, այլև քաղաքական գործարքներ կնքելու հնարավորություն է:
Ալիևի նարդարանյան «Լաս-Վեգասը» ծրագրված է, ամենայն հավանականությամբ, որպես Բաքուն տարածաշրջանի գործարար և քաղաքական կենտրոն «շնորհանդեսի ներկայացնելու» միջոց:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»