Թուրքիայի, Սիրիայի, Կատարի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ և մեծ հանդիսավորությամբ գործարկվել է թուրքական Քիլիս-սիրիական Հալեպ խողովակաշարը, որով սկսվել է տեղաշրջանի ամենախոշոր ջերմաէլեկտրակայանին «ադրբեջանական գազի» մատակարարումը, թեև ոչ ոք չի կարող ասել, թե իրականում ո՞ր երկրի «կապույտ վառելիքն» է հասնում Սիրիա, որովհետև Բաքուն այլ աղբյուրներին գազ է գնում, որպեսզի հասցնի կատարել ԵՄ հանդեպ պարտավորությունները, ուստի կասկածելի է, թե որտեղի՞ց են հայթայթել տարեկան ավելի քան 1,2 միլիարդ խորանարդ մետր պաշարները:
Դա, ամենայն հավանականությամբ, ոչ միայն կոմերցիոն, այլև աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական գաղտնիք է, որ տեւական ժամանակ այդպիսին էլ կմնա: Առավել ուշագրավ է թուրքական մամուլի հաղորդած տեղեկությունը, ըստ որի՝ նույն օրվա վերջին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինված խմբավորումները Հալեպից հյուսիս ընկած գյուղական բնակավայրում հարձակվել են սիրիական բանակի ստորաբաժանումների դեմ»:
Turkiye պարբերականը, հղելով սիրիական SANA գործակալությանը, գրում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ռազմականացված ջոկատներից մեկը «հրթիռակոծել է սիրիական բանակի դիրքերը, որի հետևանքով չորս զինվորական և երեք քաղաքացիական անձ վիրավորում են ստացել»:
Մարտ ամսին Սիրիայի անցումային կառավարության և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջև ստորագրվել է ութ կետից բաղկացած համաձայնագիր, որ մնում են չկատարված: Նախապես համաձայնելով «ինտեգրվել Սիրիայի պետական և քաղաքական համակարգին ու զինաթափվել»՝ տեղաշրջանի քրդական կազմավորումները վերջին շրջանում առաջադրել են արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ փաստացի գոյություն ունեցող քրդական ինքնավարության ֆորմալ ճանաչում:
Թուրքիան կտրուկ դեմ է Սիրիայում քրդական գործոնի իրավա-քաղաքական լեգիտիմացմանը և քրդերի «սադրիչ գործողությունների» հովանավոր է տեսնում Իսրայելին: Թուրքիայի տարածքից Հալեպի ջերմաէլեկտրակայանին գազի մատակարարումը Սիրիայի հյուսիսում ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև առաջին հերթին քաղաքական խնդիր է լուծում՝ ամրապնդելով այնտեղ Անկարայի «մարդասիրական» ներկայությունը:
Հալեպի մերձակայքում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ռազմական թևի գործողությունների մասին տեղեկությունը, բացառված չէ, հերյուրել են թուրքական հատուկ ծառայությունները, որպեսզի այդ կերպ նույն տարածքներում Թուրքիայի ռազմական ներկայությունը հիմնավորեն «ռազմավարական նշանակության գազատարի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»:
Էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որ Սիրիան կարող է պատվիրակել Թուրքիային և պատճառաբանել, որ սեփական միջոցները բավարար չեն:
Սիրիայի այդ շրջանը հայտնի է որպես թուրքմենաբնակ՝ Մանջիբ կենտրոնով, որը Թուրքիան համարում է «օսմանական ժառանգության մաս»:
Իրականում Թուրքիայի նպատակը քրդական ինքնավարության կազմացրումը և այդպիսով Սիրիայի ներքին գործերին Իսրայելի միջամտության կանխումն է, չեզոացումը:
Ինտրիգային է, թե Ադրբեջանն ի՞նչ կեցվածք կորդեգրի, եթե ծագի Քիլիս-Հալեպ խողովակաշարի անվտանգության ապահովման անհրաժեշտություն: Պաշտոնապես այդ խողովակաշարը փոխադրում է ադրբեջանական գազ և ֆորս-մաժորի դեպքում կորուստներ կունենա առաջին հերթին ադրբեջանական Socar-ը:
Բաքուն Սիրիա զորքեր կուղարկի՞, թե «ադրբեջանական գազի» մատակարարման պաշտպանությունը կպատվիրակի Թուրքիայի՞ն:
Բաց մի թողեք
Ինչ է շահում Հայաստանը խաղաղությունից բացի և ինչ բաց հարցեր կան
Մենք չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի ԱԳ նախարար
Դոլարն ու ռուբլին էժանացել են. օգոստոսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են