16/10/2025

«Երևանի ավտոբուս»-ի խոսնակը՝ ավտոբուսի վրա կրակոց արձակելու լուրի մասին

Երևանի ավտոբուսի մամուլի խոսնակ Գեղամ Ասատյանն անդրադարձել է համացանցում տարածված տեղեկատվությանը, թե ավտուբուսի ուղղությամբ կրակոց է արձակվել։

«Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

«Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից»,- գրել է Ասատրյանը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի վրա, որի մեջ ուղևորներ են եղել։

Միջոցառումներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։

Այս մասին ՆԳՆ-ից հայտնեցին՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց է արձակվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Վլադ Վերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Գրիգորյանն ու Զարուհի Հունանյանը։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ ավտոբուսը ընթանում էր, և դրա մեջ գտնվել են մի քանի ուղևորներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ քննիչը։

Էրեբունու ոստիկանները պարզում են ավտոբուսի վարորդի ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։