15/10/2025

Թուրքիայում Ֆիդանից անգամ վախենում են, համարում գործակալ, ինչ սպասել ․․․

Turkiye իշխանամետ պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի «ֆենոմենին»: Ընդհանուր գնահատականն այն է, որ նա տասներեք տարի գլխավորել է MIT-ը և «այժմ դիվանագիտական լուսավոր սրահներում նույնն է անում, ինչ՝ հետախուզության մութ միջանցքներում, նա ծրագրավորում է Թուրքիայի ապագան, որ կայանում է տարածաշրջանայինից միջազգային տերության կարգավիճակի հասնելու նպատակի իրացման մեջ»:

Սա շատ նման է թուրքական եւ միջազգային հանրությանը հղած հստակ ուղերձի, թե ում է իրեն քաղաքական ժառանգորդ տեսնում Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ դեմ է Թուրքիայում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացմանը և պատրաստվում է 2028 թվականի էլեկտորալ ցիկլին:

Թուրքական լրատվամիջոցն, ի հավելումն Ֆիդանի «ֆենոմենի» իր ընկալմանը, վկայակոչել է տարածաշրջանի երկու մրցակից երկրների՝ Հունաստանի և Իսրայելի, անհանգստություններն այն իրավիճակի դեպքում, երբ Թուրքիայի պետական կառավարման ղեկը կանցնի նախկին հետախույզ և ներկայիս դիվանագետ Հաքանին:

Հունական ազդեցիկ Kathimerini-նը Ֆիդանի մասին այսպիսի տեսակետ է հայտնել. «Նա բարեհամբույր ժպտում է, երբ սեղմում եք նրա ձեռքը, բայց դուք, հավանաբար, այդ ընթացքում մի քանի մատ եք կորցնում՝ անգամ չնկատելով դա»:

Խոստովանենք, որ սա չափազանց ենթատեքստային, բազմանշանակ և խորհրդապաշտական ձևակերպում է, ինչից հասկացվում է, որ հունական կողմը Թուրքիայի արտաքին գործերի նախարարից, մեղմ ասած՝ «վառված է»:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Israel Hayom թերթը Թուրքիայի նախագահի պաշտոնում Ֆիդանի հավանական ընտրությունը հրեական պետության համար գնահատել է որպես «ռազմավարական ռիսկ»:

Իսրայելական հատուկ ծառայություններն իրենց հերթին խիստ անհանգստացած են տարածաշրջանում Ֆիդանի ծավալած գործունեությամբ և հատկանշում են նրա դերակատարությունը «նոր» Սիրիայում և Կատարում:

«Ֆիդանը դասական քաղաքական գործիչ չէ, նա Թուրքիայի տարածաշրջանային տեսլականի ճարտարապետն է»,- ամփոփել է իսրայելական լրատվամիջոցը և հավելել, որ Թել-Ավիվում «ուշի-ուշով հետևում են Սիրիայում թուրք-կատարյան համագործակցությանը»:

Հարկ է, թերևս, նկատել, որ իսրայելական պարբերականն այս դեպքում կամ «մոռացել է» Սիրիայում Ադրբեջանի ներգրավվածությունը, կամ համարում է, որ Իլհամ Ալիևն ինքնուրույն դերակատար չէ, ենթարկվում է Անկարայի հրահանգներին:

Անշուշտ, թուրքական մամուլի ներկայացրած «ֆենոմենը», նրա շուրջ հունական և իսրայելական մամուլի արձագանքները չեն կանխորոշում Ֆիդանի քաղաքական ապագան, բայց նա այս փուլում Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, վերահսկում է նաև հետախուզությունը, հետևաբար՝ նաև Անկարայի տեղեկատվա-քարոզչական քաղաքականությունը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի համար չափազանց կարևոր խնդիր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Անկարա պաշտոնական այցը հայ-թուրքական կարգավորման գործընթացի ֆորմալ մակարդակը կտրուկ բարձրացրել է: Փաշինյանն Էրդողանին հաջորդ տարի Հայաստան այցի հրավեր է արել:

Դա նշանակում է, որ կողմերը կամ սկսել են, կամ մոտ ապագայում պետք է սկսեն այդ այցի կազմակերպման նախապատրաստումը, որ թուրքական կողմից, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է Հաքան Ֆիդանի վերահսկողությամբ:

Հայաստանին, ըստ այդմ, սպասվում են «բարեհամբույր ժպիտներ և ձեռքսեղմումներ», բայց Երևանը պետք է այնպես անի, որ այդ ընթացքում «ոչ մի մատ չկորցնի»: