Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և հուշամատյանում հետևյալ գրառումը կատարել. «Երկրի ապագան ապահովելու համար Թուրքիան ամենատարբեր բնագավառներում, ներառյալ անվտանգությունը, ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսությունը, տեխնոլոգիաները, ռազմական արդյունաբերությունը և արտաքին քաղաքականությունը,- ձեռնարկում է պատմական քայլեր»:
Այդ մասին հայտնում է «Անադոլուն» և հավելում Թուրքիայի նախագահի միտքն այն մասին, որ «չնայած ծուղակներին, ներքին և արտաքին քննադատությանը» իր կառավարությունը շարունակում է պայքարել, որպեսզի երկիրը «փոխվող աշխարհում դառնա բեւեռներից մեկի առաջնորդը»:
Աթաթուրքի դամբարան այցից անմիջապես հետո Էրդողանն Անկարայի նախագահական նստավայրում հրավիրել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ, որին ներկա են գտնվել փոխնախագահ Յըլմազը, արդարադատության, արտաքին գործերի, ֆինանսների և գանձապետության, ներքին գործերի, ազգային կրթության, պաշտպանության նախարարները, ԶՈՒ ԳՇ պետը, ցամաքային և ռազամօդային ուժերի հրամանատարները:
Բարձրագույն ռազմական խորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ Էրդողանը տեղում կարգադրություն է ստորագրել և պաշտոնանկել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակին: Վերջինիս փոխարինել է ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքտարօղլուն:
Բարձրագույն ռազմական խորհրդի նիստից առաջ Մուստաֆա Քեմալի դամբարան Էրդողանի այցը, հուշամատյանում թողած իր գրառման բարձրաձայն ընթերցումն, անկասկած, խորհրդանշական արարողություն է, իսկ եթե նկատի ունենանք, որ երկրի ռազմա-քաղաքական էլիտայի հետ քննարկումներն ավարտվել են ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկությամբ, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիան նախապատրաստվում է միջազգային նշանակության չափազանց կարևոր իրադարձության:
Դառնալ փոխվող աշխարհում առանձին բեւեռի առաջնորդ, մի նպատակ, որ հռչակել է Էդողանը, նշանակում է ձգտել ոչ միայն թուրքական, այլև իսլամական աշխարհի առաջատար: Նման դերակատարություն Թուրքիան ինչպե՞ս կարող է ճանաչելի դարձնել:
Չնայած գործադրած իրոք ահռելի ջանքերին և ցուցաբերած նկատելիորեն զգալի քաղաքական զսպվածությանը, Թուրքիայի նախագահին, կարծես, չի հաջողվում դիվանագիտական ճանապարհով մտնել «աշխարհաքաղաքականության բարձրագույն լիգա»:
Տարածաշրջանում Թուրքիայի «գերագահությունը» առերեւույթ վիճարկում է միայն Իսրայելը, բայց Անկարան լրջագույն խնդիրներ ունի նաև Պարսից ծոցի արաբական երկրների հետ:
Ուկրաինական և իսրայելա-իրանական պատերազմներն զգալիորեն թուլացրել են նրա մյուս երկու մրցակիցների՝ Ռուսասստանի և Իրանի դիրքերը, բայց այդ «վակուումը» լրացնելու համար Անկարան բավարար խաղաքարտեր ունի՞:
Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը գումարվել է Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի մասին տարածված տեղեկության ֆոնին: ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ենթադրաբար կընդունի օգոստոսի 8-ին:
Եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին, ապա այդ մասին նախօրեին թուրք պաշտոնակից Ֆիդանին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը: Դա շատ կարևոր «նյուանս» է:
Ինչու՞ չի կայացել Ալիև-Էրդողան հեռախոսազրույց: Մինչև օգոստոսի 8-ը նման կոմունիկացիա կհաստատվի՞: Թուրքիան պատերազմի է նախապատրաստվում:
Բաց մի թողեք
Ինչ է շահում Հայաստանը խաղաղությունից բացի և ինչ բաց հարցեր կան
Մենք չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի ԱԳ նախարար
Թրամփը կխնդրի Ալիևին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին