Մոսկվա է ուղևորվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը: Նրան, ինչպես մի քանի աղբյուրներ են միաժամանակ փոխանցում, կընդունեն «բարձրաստիճան պաշտոնյաներ»: Կարծիք կա, որ Մոսկվան Վաշինգտոնին կառաջարկի Ուկրաինայում «ժամանակավոր օդային հրադադար հաստատել»:
Ուիթկովը Մոսկվա է մեկնել մի քանի օր Իսրայելում և Գազայում գտնվելուց հետո, բայց՝ առանց դիվանագիտական որեւէ հաջողության: Ավելին, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը նրա Գազա այցը գնահատել է «քարոզչական շոու, սիոնիստական ռեժիմի հանցանքները կոծկելու փորձ»:
Օգոստոսի հինգին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ռազմական կաբինետի անդամների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Ըստ տեղեկությունների, Գլխավոր շտաբի պետ Զամիրին «չի հաջողվել նախարարներին համոզել, որ Գազայի լիակատար օկուպացիան խնդրահարույց է»: Օգոստոսի վեցին Նաթանյահուն պատրաստվում է կառավարության նիստ գումարել:
Ըստ երևույթին, կհաստատվի Գազայում պատերազմը շարունակելու և պատանդներին ազատ արձակելու ծրագիրը: Կառավարության աջ ուժերը, սակայն, ավելին են պահանջում՝ անկլավից պաղեստինցիների տեղահանում և տարածքի հրեական վերաբնակեցում:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է գումարել, որից հետո հայտնի է դարձել, որ ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնանկ է արվել, նրա փոխարեն նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքտարօղլուն:
ԱՄՆ ներկայացրած «փոխանակման գործարքի» մերժումից երկու օր առաջ ՀԱՄԱՍ-ի պատվիրակություն այցելել է Անկարա, հանդիպման ընթացքում արտգործնախարար Ֆիդանը հավաստիացրել է, որ «Թուրքիան եղել և մնում է Պաղեստինի և նրա ժողովրդի կողքին»:
Եթե Իսրայելի կառավարությունն ընդունի Գազան օկուպացնելու և էթնիկ զտում իրականացնելու որոշում, իսկ դրա հավանականությունը բավական մեծ է, ի՞նչ քայլերի կդիմի Թուրքիան: Մոտ մեկ տարի առաջ Անկարայից սպառնալիք է հնչել, որ թուրքական «բանակը քսանչորս ժամում կարող է մտնել Ալ-Ղուդս (Երուսաղեմ)»:
Գազայի նախորդ շրջափակման փուլում Թուրքիան «Մավի Մարմարա» նավ էր ուղարկել, որ իսրայելական ուժերի կողմից կալանվել է, այդ ընթացքում թուրք նավաստիներ են զոհվել: Թուրք-իսրայելական լարվածություն լարվածությունն, այդիսով, նաև ռազմական դիմակայության նախադեպ ունի:
Բայց ներկա իրավիճակն ավլի սուր է: Գազայում և Պղեստինի պետության ճանաչման հարցում Թուրքիայի նախագահը փորձության է դրել իր ամբողջ ռեսուրսները և հեղինակությունը և, կարծես, նահանջի տեղ չունի:
Նախօրեին նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է գլխավորի «փոխվող աշխարհում առանձին բևեռ»:
ԱՄՆ հատուկ բանագնացի Մոսկվա այցից և Գազայի հարցում Իսրայելի կառավարության շատ հավանական որոշումից երկու օր հետո Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նախ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետի, ապա՝ Ադրբեջանի նախագահի հետ, որից հետո նախատաեսվում է եռակողմ գագաթաժողով:
Մոսկվայում ռուս-ամերիկյան բանակցությունները, Գազայի վերաբերյալ Իսրայելի կառավարության ենթադրվող որոշումը չեն կարող չազդել Վաշինգտոնի հայ-ադրբեջանական կարգավոման թեմայով քննարկումների ընդհանուր մթնոլորտի, համատեքստի և հնարավոր համաձայնությունների մակարդակի և որակի վրա:
Ռուս-ամերիկյան, իսրայելա-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերն ուղղակի կամ միջնորդավորված, բայց հարավ-կովկասյան գործընթացների էական դերակատարներ են:
Անիրատեսական կլիներ պատկերացնել, թե աշխարհաքաղաքական այդ «ճարտարապետությունից» հայ-ադրբեջանական կարգավորումն առանձնացվելու է որպես «կցակառույց»:
Իսկ եթե անգամ այդպիսի մտադրություն կա, ապա ավելի շուտ «կցակառույցը» կարող է հարմարեցվել մերձավորարևելյան և արևելաեվրոպական «Խաղաղության տաճարի» մտահղացմանը, քան՝ ընդհակառակը: Թև, գուցե, բացառված չէ, որ «մանրակերտը տաճարի նախահիմք լինի»:
Բաց մի թողեք
Ստորագրված եռակողմ համատեղ Հռչակագրի տեքստը
Սյունիքի կարգավիճակի «վիճելիության» խնդիրը լուծվո՞ւմ է
Ինչ է ակնկալում ԱՄՆ-ն Հայաստանից․ Ռուբիոն փակագծեր է բացել