«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գործով այսօր նախնական նիստին ԱԳՆ-ից ոչ մեկը չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ հ/կ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ ԱԳՆ-ի՝ խաղաղության համաձայնագրի տեքստը պահանջելու եւ չստանալու համար: «Մարտի 13-ին, երբ պաշտոնապես հրապարակվեց տեղեկություն, որ խաղաղության համաձայնագիրը արդեն վերջնականացվել է ու կողմերը պատրաստ են ստորագրության, դիմեցինք ԱԳՆ ՝ խնդրելով տրամադրել մեզ այդ համաձայնագրի տեքստը, հաշվի առնելով, որ համաձայնագրի դրույթներն ամբողջությամբ երբեւէ չեն հրապարակվել եւ հանրությունը տեքստին ծանոթ չէ:
Այդ հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել դիտել վարչապետի ելույթը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի համատեքստում: ԱԺ-ի յութուբյան ալիքի հղումն էին տվել՝ նշելով, որ մեր բոլոր հարցերի պատասխանը կարող ենք գտնել այդ ելույթում: Մենք դա դիտարկեցինք որպես տեղեկատվության տրամադրման մերժում ու դիմեցինք դատարան: Այդ ընթացքում դիմել էինք նաեւ կառավարություն համանման հարցմամբ:
Մեր հարցը վերահասցեավորվել էր կրկին ԱԳՆ, որին ի պատասխան՝ երկրորդ պատասխանն ենք ստացել, որ նշված տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետին՝ առանց նշելու, թե ինչ տեսակի գաղտնիք է, որի շրջանակներում տեղեկությունը պաշտպանվում է եւ հնարավոր չէ տրամադրել»,- Aravot.am-ին ասաց հ/կ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ վերջին տարիներին ակնհայտորեն ավելի վատ է իրավիճակը տեղեկատվության տրամադրման առումով. «Տեղեկատվությունը կամ չի տրամադրվում կամ նմանատիպ պատասխաններ ենք ստանում՝ ինչ-որ ելույթները դիտեք, որից կարող եք ստանալ տեղեկատվություն կամ թերի են պատասխանում հարցումներին: Մեր հարցումներին ոչ մի պետական մարմին 5 օրում չի պատասխանում, նույնիսկ չի ծանուցում, որ հավելյալ ժամանակ է անհրաժեշտ, որ 30 օրում կպատասխանեն եւ այլն, ժամկետներն ու ընթացակարգը չեն պահպանում: Իսկ որոշ դեպքերում նույնիսկ չեն պատասխանում:
Ավելին՝ այս դեպքում հայցադիմումի պատասխան ԱԳՆ-ն չէր ներկայացրել ու չէր էլ ներկայացել: Այսինքն՝ այնքան, կարծես թե, չունեն տեղեկատվություն տրամադրելու ցանկություն, որ դատարան էլ չեն գալիս պատշաճ ծանուցված լինելով: Իսկ պատճառներից մեկը՝ ինչու էինք հայցում համաձայնագրի տեքստը այն է, որ մենք ներկայացնում ենք պատերազմական հանցագործություններից տուժած անձանց շահեր, այդ թվում նաեւ միջազգային ատյաններում:
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր վրա էր վերցրել միջպետական գանգատի շրջանակներում հազարավոր անձանց իրավունքների պաշտպանությունը եւ ինչպես հայտնի դարձավ որոշ ելույթներից, կետերից մեկը այդ հայցերից հրաժարվելն էր, մեզ դա լրջորեն մտահոգեց: Որովհետեւ որեւէ տեղեկատվություն առկա չէ, որ այդ տեքստը պարունակում է որեւէ դրույթ, որը նախատեսում է այլընտրանքային բողոք ներկայացնելու ու խնդիրները լուծելու մեխանիզմ: Դրա համար մենք ուզում ենք ամբողջ տեքստն ունենալ, որ հասկանանք՝ իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի տեսանկյունից արդյո՞ք այն խնդիրները, որ անհրաժեշտ են հարատեւ խաղաղության ապահովման համար, ներառվա՞ծ են, թե՞ ոչ»:
Բաց մի թողեք
Իրանում արձագանքը շատ մեծ է, իրենց դավաճանված են համարում. Բեգիջանյան
Ոչինչ հստակեցված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ թղթին հանձնել
Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են