Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետը, ապա և կառավարությունը հաստատել են Գազայում ռազմական գործողությունները շարունակելու, ՀԱՄԱՍ-ի զինաթափման և պատանդների վերադարձի ծրագիրը:
Այն առաջարկել է վարչապետ Նաթանյահուն: Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ Գլխավոր շտաբի պետ Զամիրն ունեցել է սկզբունքային առարկություններ, անգամ «բարձր տոնով» բանավիճել է Նաթանյահուի հետ, բայց ի վերջո հայտարարել, որ բանակը պատրաստ է կատարել քաղաքական ղեկավարության ցանկացած որոշում:
Գազան ամբողջովին գրավելու իսրայելական պլանը խիստ քննադատության է արժանացել Թուրքիայում և արաբական աշխարհում: Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ կառույցում նախագահողի իրավունքով Թուրքիան ամենամոտ ապագայում կհրավիրի Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդաժողով, որպեսզի Իսրայելի «նվաճողական և ցեղասպան քաղաքականությունը կանխելուն ուղղված գործնական քայլեր մշակվեն»:
Գազայում պատերազմը շարունակելու մասին Նաթանյահուի որոշումը շատ մեկնաբաններ համարում են «քարոզչական հնարք, որի նպատակը ՀԱՄԱՍ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է»:
Իսրայելական աղբյուրները հայտնում են երկրի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թել-Ավիվում և Երուսաղեմում, բազմամարդ բողոքի ցույցերի մասին, որոնց մասնակիցները պահանջում են ավարտել պատերազմը և վերադարձնել պատանդներին:
Պատերազմը ևս մի քանի ամիս շարունակելու օգտակարությանը կասկածում են նաև Իսրայելի ֆինանսների նախարարությունում և գործարար շրջանակներում: Ynet-ի ֆինանսական մեկնաբան Գադ Լիորի կարծիքով, «պաղեստինյան անկլավի օկուպացիան բյուջեին կբերի շատ ծանր ծախսեր եւ տնտեսական վնասներ կպատճառի բոլոր քաղաքացիներին, տասնյակ հազարավոր ձեռնարկությունների և ընկերությունների»:
Նա արձանագրել է, որ դժվարություններն արդեն իսկ ակնառու են. կառավարությանը չի հաջողվում և հազիվ թե հաջողվի մինչև տարեվերջ կազմել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը և ներկայացնել խորհրդարանին:
Իսրայելի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աղբյուրներից ունեցած Լիորի տեղեկություններով, պահեստազորայինների լայնածավալ զորահավաքը և մեկ օրվա ռազմամթերքի ծախսը գնահատվում են 350 միլիոն շեկել:
Այդ հաշվարկով, մեկամսյա ռազմական գործողությունների ծախսը կազմում է 10-11 միլիարդ շեկել: Իսկ եթե Իսրայելը լիովին գրավի Գազան և հարկադրված լինի հոգալ ավելի քան երկու միլիոն մարդու բնակարանային և սոցիալական նվազագույն ապահովության ծախսերը, ապա տարեկան ծախսը կկազմի մոտ 120-180 միլիարդ շեկել:
Իսրայելական 3,33 նոր շեկելն արժե մեկ ԱՄՆ դոլար: Այս հաշվարկով Գազայի օկուպացիան միայն ֆինանսական առումով Իսրայելին կարժենա տարեկան մոտ 40-60 միլիարդ դոլարի հավելյալ ծախս, որից հրեական պետությունը ոչ քաղաքական շահ կունենա, ոչ էլ կբարելավի անվտանգությունը:
Նաթանյահուն հայտարարել է, որ Գազայում իսրայելական օկուպացիոն ռեժիմ չի հաստատվի, ՀԱՄԱՍ-ին զինաթափելուց հետո ակնկալվի կառավարումը կանցնի արաբական երկրներին: Ըստ վերջին տեղեկությունների, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը դարձյալ մեկնում է Մերձավոր Արևելք՝ ներկայացնելու իսրայելա-պաղեստինյան «նոր գործարքի պլան»:
Բաց մի թողեք
Էրդողանը շատ կոշտ, գրեթե վերջնագրային պահանջով Ալիեւին «բերման է ենթարկել»
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին
Երևանի հասցեին դրվատանքի որևէ արտահայտություն տեղ չի գտնում ․․․