Հաղթանակ ձեռք բերելու մի ձև կա։ Որտեղ կա միաբանություն, այնտեղ է հաղթանակը։ Այն իշխանությունները, որոնք հաղթանակներ են գրանցել, առաջին հերթին միաբանել, համախմբել են ժողովրդին։
Հրապարակ թերթը գրել է․ Միասին ուժեղ են, անպարտելի։ Ութ տարի այս իշխանությունը խոսում է հաղթելուց, բայց պառակտում է ժողովրդին։ Հիշու՞մ եք Արծրունին, ականջը կանչի, ո՜նց էր ասում՝ հաղթում ենք, հաղթելու ենք։
Եվ ընդհանրապես, ինչ Փաշինյանը եկել՝ մենք հաղթում ու հաղթում ենք։ Հաղթում ենք, երբ կորցնում ենք Արցախը, հաղթում ենք, երբ Հայաստանի սուվերեն տարածքներն ենք կորցնում, հաղթում ենք, երբ Թրամփին 100 տարվա վարձակալությամբ Զանգեզուրի միջանքն ենք նվիրաբերում․․․
Ժողովուրդն արդեն չի պատկերացնում հաղթանակի ու պարտության տարբերությունը, քանի որ Փաշինյանն ասում է, մենք պարտվել, բայց հաղթել ենք։ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի փառահեղ հաղթանակն ավետեց Արարատ Միրզոյանը։
Հինգ տարի ընդմիջումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց․
«Հայաստանի Հանրապետության համար։
Ներկայի ու ապագայի համար։
Ձե՛ր համար, երեխե՛ք»։
Փաշինյանի թիմակիցները մի մարդու պես ավետեցին վաշինգտոնյան հաղթանակը։ Բառե՜ր էր , որ կտի պես թափում էին ժողովրդի առաջ։ Փաշինյանի մասին էլ չխոսեմ։ Հաղթանակներ շատ է տեսել մեր ժողովուրդը, բայց դրանք այս «հաղթանակի» նման չէին։ Այս հաղթանակը ողբի վերածվեց։ Հաղթանակի ժամանակ ժողովուրդը ցնծում է հաղթություն բերած իշխանության հետ։ Հաղթողին օդ են թռցնում, մեծարում, բայց նայում էի Արարատ Միրզոյանի փախուստը լրագրողից և մտածում․ «հաղթողներ», ինչո՞ւ չեք կանգնում ժողովրդի առաջ, որ ճակատներդ պաչեն, օդ թռցնեն։ Ո՞վ է տեսել որ հաղթողը խուճապահար փախչի լրագրողից կամ ժողովրդից և գնա ու մի ապահով անկյունում ասուլիս տա։ Հաղթողը չի թաքնվում, չի փախչում։ 2018-ի ձեր «հաղթանակը» հիշու՞մ եք, որ տոն էիք դարձրել, բոլորն իրար շնորհավորում, ուրախանում էին։ Այսօր տեր կանգնեք «ձեր հաղթանակին»։ Մարդամեջ դուրս եկեք, առաջվա նման խորովածի շշեր առեք ու տոնե՜ք․․․
Խոստովանեք, որ հաղթանակի շունչ չկա և ասեք, որ պարտված իշխանությանը ուղղակի անհրաժեշտ է ժամանակավոր խաղաղություն՝ գոյությունը մի քիչ էլ երկարաձգելու համար։
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը