Բաքվի իշխանամերձ haqqin.az-ը հրապարակել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Գուսևի բավական ծավալուն հոդվածը, որի քաղաքական բովանդակությունը կարելի է գնահատել երեք սկզբունքային նշանակության հաստատգրումով:
Անդրադառնալով նախօրեին կայացած Զելենսկի-Ալիև հեռախոսազրույցին, Գուսևը բացահայտել է, որ Ուկրաինայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի ուշադրությունը հրավիրել է իրողությանը, որ «միջազգային հանրությունը ծայրահեղ դրական է գնահատել Վաշինգտոնի եռակողմ (Թրամփ-Փաշինյան-Ալիև) հանդիպումը» և հույս է հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և հուսալի անվտանգության»:
Երկրորդ սկզբունքային հաստատագրումն այն է, որ Ուկրաինայի նախագահն Ադրբեջանի պաշտոնակցին տեղեկացրել է ուկրաինական կարգավորման հարցով «գործընկերների հետ ունեցած շփումների մասին» և ասել, որ նրանք «բոլորը միասնական են տրամդրված, որպեսզի պատերազմն Ուկրաինայում իրապես ավարտվի և արդյունավեր դիվանագիտության միջոցով միջազգային հանրությունն Ռուսաստանին պարտադրի վերջ տալու մարտական գործողություններին և ագրեսիային»:
Ընդսմին, դեսպանը կարևոր է, որ կողմերը «քննարկել են Միացյալ Նահանգների հետ կոմունիկացիան»: «Հարավային Կովկասն այսօր բացում է իր պատմության նոր էջը»- ձևակերպել է Բաքվում Ուկրաինայի դեսպանը և «այդ հաղթանակի կապվածությամբ անկեղծորեն շնորհավորել բարեկամներին եւ գործընկերներն»:
Սա, թերևս, ամենաէական հավաստագրումն է: Գուսևը փաստացի Վաշնգտոնում հայ-ադրբեջանական «ճեղքումը» գնահատում է որպես ուկրաինական կարգավորման նախադեպ. «Չէ որ խաղաղությունն այն է, երբ ապրում են ոչ թե հարկադրանքի, այլ իրավունքի գերակայությամբ»,- եզրափակել է ուկրաինացի դիվանագետը:
Եթե ամփոփելու լինենք այս հավաստագրումները, ապա, թերևս, կարող ենք ասել, որ Զելենսկի-Ալիև հեռախոսազրույցն ու դրան հաջորդած՝ Բաքվի իշխանամերձ հարթակում Ուկրաինայի դեսպանի կոնցեպտուալ հոդվածի հրապարակումն ուղերձ են Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան համաձայնությունների ուժով և Միացյալ Նահանգների քաղաքական ու, մանավանդ, անվտանգային երաշխիքներով հաղթահարում է 2022 թվականի փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական «Ռազմավարական դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրով կաշկանդվածությունը:
Ավելի պարզ ասած, Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին ակնհայտորեն հասկացնում է, որ ինքն այլևս նրա «սրտագին բարեկամը չէ»:
Ընդ որում, դա տեղի է ունենում մի փուլում, երբ միջազգային քաղաքականության հիմնական դերակատարները «շունչները պահած» սպասում են առաջիկա ուրբաթ կայանալիք Թրամփ-Պուտին գագաթաժողովին:
Վաշինգտոնում Ալիևը Միացյալ Նահանգների նախագահից ի՞նչ երաշխիքներ է ստացել նման չափազանց լուրջ որոշում կայացնելու համար: «Թրամփի կամուրջ» նախագծի վերաբերյալ Իրանի նախագահ Փեզեշքիանի օգոստոսի 10-ին արված մեկնաբանությունը վկայում է, որ Իսլամական հանրապետությունը Սյունիքում իրավիճակ սրելու մտադրություն չունի:
Բայց դրանից պարտադիր չի հետևում, թե նույն գծի մեջ է նաև Մոսկվան: Ըստ երևույթին, այնտեղ սպասում են, թե Միացյալ Նահանգների նախագահը որքանո՞վ է պատրաստ Ուկրաինան «հանձնելուն»:
Փորձագետների գերակշիռ մեծամասնությունը, մինչդեռ, կայուն համոզմունք ունի, որ «Ալյասկայում ճեղքում չի լինի»: Մոսկվան կփորձի՞ «չեղարկել» իրավունքի ուժով խնդիրների կարգավորման վաշինգտոնյան նախադեպը:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է