Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» («Գորշ գայլեր» ռազմական խմբավորման քաղաքական թև) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի օգոստոսի 11-ին հանդես է եկել ընդարձակ գրավոր հայտարարությամբ, որի մի առանձին բաժին նվիրված է Գազային:
«Մահացած և սպանված նորածիններ, երեխաներ, կանայք, մի խոսքով՝ անմեղ թաղվածներ,- նրանք ոչ թե ակենդան մարմիններ են, այլև՝ սպանված մարդկություն»,- իրավիճակը բնութագրել է ազգայնական թուրք գործիչը:
«Նաթանյահուն՝ ցեղասպանության մեղավորը, դա մարդկության ամոթն է, աննախադեպ դաժանության մարմնացումը: Նա ծրագրում է օկուպացնել, ապա և անեքսիայի ենթարկել Գազան: Դա նողկալի հավակնոտություն է, որ պետք է ցնցի աշխարհը»,- հայտարարել է Բահչելին և հավելել, որ Գազան «այժմ Միավորված ազգերի կազմակերպության համար կենաց-մահու հարց է:
Նա գտնում է, որ ՄԱԿ-ը «պետք է կենդանության նշաններ ցույց տա և շարունակվող սպանդին և Գազայում սինոնիստական նախագծին հարված հասցնի «Խաղաղության ուժի» միջոցով, որ նա պետք է տրամադրի»:
Այնուհետև նա անուղղակի քննադատել է մուսուլմանական երկրներին և կոչ արել, որ նրանք «վերջապես լսեն Գազայից մինչև երկինք բարձրացող աղաղակները, տեսնեն զոհերի նվաղող ձայները, օգնություն հայցող նրանց հոգեցունց ճիչերը, սովից մեռնող նորածիններին և կատարեն իրենց իսլամական և մարդասիրական պարտքը»:
Բահչելիի այս հայտարարությունն այլ կերպ, քան Գազայի հարցում Էրդողանի նահանջի «մարշ» դժվար է անվանել:
Իսլամական սրբությունների եւ սրբավայրերի միստիկ ձևակերպումներով, մուսուլման աստվածաբաններից մեջբերումներով խճողված տեքստում ոչ մի խոսք չկա Թուրքիայի կողմից Գազային գործնական աջակցություն ցուցաբերելու կամ Իսրայելի նկատմամբ որևէ կանխարգելիչ, զսպող քայլ ձեռնարկելու անհրաժեշտության, առավել ևս պատրաստակամության մասին ոչ մի խոսք չկա, բացի ընդհանուր ձևակերպումից, որ «Իսրայելի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ճիշտ է»:
Այս ֆոնին Սիրիայի SANA պետական գործակալությունը հայտնել է երկրի հարավի տասնյակ բնակավայրերում իսրայելական բանակի անցկացրած «պատժիչ գործողությունների» մասին:
Ըստ հաղորդագրության, իսրայելցի զինվորները «մոտ մեկ տասնյակ տանկերի և զրահամեքենաների կրակային աջակցությամբ օկուպացված Գոլանի բարձունքներից իջել են» և սիրիական բնակավայրերում «ձերբակալություններ իրականացրել, ապա վերադարձել իրենց մշտական դիրքեր»:
Իրադարձությունների կուլիսներում ի՞նչ է տեղի ունենում: Թուրքիան բացահայտ խուսափում է Գազայի և Սիրիայի հարցերում Իսրայելի հետ ոչ միայն առճակատումից, այլև՝ դիմակայությունից: Հաքան Ֆիդանը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների արտահերթ խորհրդաժողով գումարելու մասին, Բահչելին Գազայում իրավիճակի պատասխանատվությունը հասցեագրում է Միավորված ազգերի կազմակերպությանը:
Թուրք ազգայնական գործչի համար, որ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է, գաղտնիք չպետք է լինի, որ ներկայումս ՄԱԿ-ը չի կարող «Խաղաղության ուժ» մտցնել Գազա: Դրա համար հարկ է Անվտանգության խորհրդի բանաձեւ, իսկ ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է և ցանկացած պահի պատրաստ է «վետո» կիրառել:
Ինչ վերաբերում է իսլամական աշխարհին, ապա տասնյակ երկրներ մի քանի անգամ նախարարական խորհրդաժողով են անցկացրել, ընդունել բանաձևեր, բայց ոչ ոք Իսրայելի դեմ ուժ կիրառելու մտադրություն չունի:
Ստեղծված իրավիճակում Թուրքիան կամ պետք է ուժով ճեղքեր Գազայի պաշարումը և բախվել իսրայելական բանակի հետ, կամ գտնել «դեմք փրկելու» ձև: Էրդողանը, հավանաբար, Գազայից իր ձեռնալվայի մասին հայտարարել է ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդի անունից:
Բաց մի թողեք
Պապոյանի հերթական ստերը․ Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 20%-ով. Պապոյան
Ոսկորը կմնա Թրամփի կոկորդում՝ ով գիտե ․․․ մոտեցումներում գերիշխում է «գործարարական ջիղը»
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․