Կարելի՞ է արդյոք հավատալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա նկարագրած «պայծառ ապագային», եթե մինչ օրս իր ասած ոչ մի խոսք իրականություն չի դարձել, եւ մենք բազմիցս համոզվել ենք, որ մարդը չի կարողանում ճիշտ խոսել, չի կարողանում կանխատեսել, նաեւ չի կարողանում կառավարել, ճկուն եւ խելացի որոշումներ կայացնել, ուստի ամբողջ 7 տարի զբաղված է ինքն իրեն արդարացնելով, բացատրություններ մոգոնելով, մեր կորուստների ու զրկանքների պատճառներն ուրիշ տեղ եւ ուրիշների մեջ փնտրելով:
Հրապարակ թերթը գրել է․ Կարո՞ղ ենք արդյոք վստահել մի մարդու, որը հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ չի կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրադրությունում, չի կարողանում լեզու գտնել ո՛չ բարեկամների, ո՛չ թշնամիների հետ: Վստահաբար` չենք կարող:
Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ սա էն գլխից մշակված ծրագիր չէ` դավաճանության կոմպոնենտով, ապա առնվազն գործ ունենք քաղաքական անմեղսունակության եւ անկարողության հետ:
Ուստի միամտություն կլինի հույս փայփայել, որ իր կառավարման 8-րդ տարում նա գիտակցելու է պետություն ղեկավարելու պատասխանատվությունը եւ կարողանալու է մեր երկրի համար գոնե ոչ շատ վնասաբեր լուծումներ գտնել:
Հարց է ծագում` այսպիսի խոր եւ անելանելի փակուղում հայտնված իշխանությունն ինչո՞ւ է նման գերմարդկային ճիգերով պահում իշխանական լծակները եւ պատրաստվում 2026-ին էլ վերարտադրվել:
Ո՞րն է նպատակը` Հայաստանի վերջնական կործանո՞ւմը, թուրք-ադրբեջանական վաղեմի ծրագրերի իրականացո՞ւմը, թե՞ կարծում է, որ մի կերպ կպլստան ու երկրից ինչ-որ մաս կպահպանեն այդ տարածքում, ասենք` Երեւանի խանությունում իշխելու հեռանկարով:
Պարզ է, որ եթե մարդն ասում է` «պարտության շնորհիվ մենք ինքնիշխանություն ձեռք բերեցինք», եթե ասում է` «Արցախը կորցրինք, բայց Հայաստանը գտանք», եթե հայտարարում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, հայտարարում է ԵՄ-ին անդամագրվելու մեկնարկի մասին եւ անգամ օրենք է ընդունում` առանց ԵՄ-ից հրավեր ստանալու ու այդ գործընթացի հետ կապված չնչին ճշգրտումներ անելու… նման մարդն ինչպե՞ս կարող է գլուխ հանել այս բարդ վիճակից, որը հենց ինքն է ստեղծել:
Ինչպե՞ս կարող է պարտված ու ծնկած վիճակից գլուխը բարձրացնել եւ հին գայլերին` Ալիեւին ու Էրդողանին, որեւէ հարցում առարկել:
Նա՝ ինքը պետք է հասկանար, որ 2018 թվականին ինքն իր ուժից շատ վեր բեռ է ստանձնել եւ որքան շուտ հրաժարվի այդ բեռից, այնքան լավ կլինի ե՛ւ իր համար, ե՛ւ երկրի համար: Չէր հասկանում 2019-ին, չէր հասկանում 2020-ին ու 2021-ին, չի հասկանում նաեւ 2025-ին…
Եվ ստացվում է` ինչպես 2018-ին էր ասում. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», հիմա էլ ասում է․ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի»:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է