18/08/2025

Պիտի պարզեին դատարանում խոստովանած ու փախած երիտասարդն է կատարել սպանությունը, թե՝ ոչ

Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի պաշտպանները՝ Նարեկ Վարդանյանն ու Աննա Ծառուկյանը, մամուլի ասուլիսում ներկայացրել են փաստեր, որոնք, ըստ իրենց, ապացուցում են, որ Սարգսյանը կապ չունի իր կնոջ սպանության հետ։

Ըստ մեղադրանքի, 2022 թվականի մայիսի 4-ին, երեկոյան ժամը 21:15-ից 23:20 ժամանակահատվածում, Սարգսյանը ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի ներկայությամբ։

Սակայն փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով՝ հեռահաղորդակցության ալեհավաքների տվյալները ցույց են տալիս, որ Սարգսյանը մինչև 22:45 գտնվել է այլ վայրերում, իսկ տուժողը նշված ժամկետի ընթացքում դեռ դուրս է եղել տնից։

Փաստաբանը նաև շեշտել է, որ դատաբժշկական փորձաքննությունների և շտապօգնության բժիշկների ցուցմունքների միջև կան էական հակասություններ։

Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ դատական նիստի ընթացքում դահլիճում գտնվող մի տղամարդ հայտարարեց, թե հենց ինքն է սպանությունը կատարողը, ապա փորձեց փախչել։ Դրան հաջորդած իրադարձություններից հետո պաշտպանական կողմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով հետաքննել այդ անձի հնարավոր կապը գործի հետ։

Սակայն, փաստաբանի պնդմամբ, դատարանը մինչ այժմ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։