Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեին հարող հատվածում կառուցված շենքի շինարարությունը, որն իրականացնում է «Ռատկո» ընկերությունը, եւ որի շուրջ 2 քրեական վարույթ կա ներկայում, ավարտվել է:
Հրապարակ թերթը գրել է․ ՄՆացել են ներքին աշխատանքները: Տարածքի բնակիչները մեզ հայտնեցին, որ չնայած ընթացող վարույթներին, որոշ բնակիչներ արդեն մտել են իրենց տները եւ բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ են իրականացնում` կառուցապատողի թույլտվությամբ:
Հիշեցնենք․ «Ռատկոյի» վերաբերյալ երկու քրեական վարույթ կա: Մեկը հարուցվել է 2023-ի մարտին, այն բանից հետո, երբ ՊՎԾ-ն՝ բնակիչների պահանջով, ուսումնասիրություն սկսեց: Հանրային քրեական հետապնդում հարուցվեց Կադաստրի կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ. Հ․-ի՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ: Երկրորդ վարույթը հարուցվել է վերջերս, դատախազության նախաձեռնությամբ, քանի որ այդ տարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տարածք է, այսինքն՝ չի կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց:
«Դա ապօրինի կառույց է, ինքնակամ շինություն ֆիզիկայի գիտավանում, որն օրենքով քանդման ենթակա է, քրեական վարույթներ են ընթանում, բայց հիմա ներսի գործերն են անում, բնակիչներին ասել են՝ եկեք, ռեմոնտ արեք»,- ասում է ֆիզիկայի գիտավանի բնակիչ, ֆիզիկոս Վահրամ Ասատրյանը:
2021 թվականին, նրա դիմումի համաձայն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ուսումնասիրություն է իրականացրել ֆիզիկայի ինստիտուտի տարածքում եւ ֆիզիկայի գիտավանն ընդգրկել է հուշարձանային տարածքների ցանկում: «Այսօր, իմ տեղեկություններով, նախարարությունն այն ընդգրկել է 107 պետական հուշարձանների ցանկում: Շուտով այն հրապարակվելու է: Ֆիզիկայի գիտավանը հուշարձանային համալիր էր, բայց հետո ներդրողները դիմում էին, ասում էին՝ մենք այստեղ պետք է ներդրում անենք, եւ որոշում ընդունեցին, որ երեք հեկտար հանվի գիտավանի տարածքից, որ համայնքը կարողանա շինթույլտվություններ տալ: Սա անթույլատրելի էր: Այստեղ, այս թաղամասում 12 ակադեմիկոս է ապրել, սա մեր մշակույթի, մեր գիտության պատմության մասն է»,- ասում է Վահրամ Ասատրյանը:
Հիմա այս 3 հեկտարով հանդե՞րձ է ճանաչվել հուշարձանային տարածք, թե՞ «Ռատկոյի» շենքը հանած: Մեր հարցին ֆիզիկոսը պատասխանում է. «Իսկ, օրինակ, Գառնիի տաճարի մի սյունը որ չլինի, մի դետալը, ըստ ձեզ, ի՞նչն է խանգարելու որ: Թող չլինի, էլի: Գնում՝ Հռոմում նկարվում են, ասում են՝ մենք գնացինք Հռոմ, բայց դուք Շենգավիթում հուշարձանային տարածք ունեք, որտեղ 4-րդ դարում դեռ մեր պապերը գինի են ամբարել: Կարծում եմ՝ գիտավանի տարածքից 3 հեկտար հանելը ոչ ճիշտ որոշում է եղել»: Նա վստահեցնում է, որ գիտավանի բնակիչները կպայքարեն, մինչեւ չստանան ապօրինի շինությունը քանդելու որոշումը:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է