Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում հեքիաթներից անդին միակ կոնկրետ թեզն այն էր, որ մենք ստորագրեցինք խաղաղություն, որը չի ապահովի ցեղասպանության հետեւանքով տեղահանված Արցախի բնիկ բնակչության վերադարձը, իրավունքները եւ անվտանգությունը, եւ որ վաշինգտոնյան համաձայնագրով մենք խփել ենք Ղարաբաղի հարցի դագաղի վերջին մեխը։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը բացատրել է, թե ինչու չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, եւ կրկնել՝ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել՝ հեղափոխություն անել․ «Ժողովուրդը, այսինքն՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Ինչ վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, Փաշինյանը հիշեցրել է՝ մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չի համարում։ «Ու, ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ, այո, դա վտանգավոր եւ վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»,- ասել է նա եւ սպառնալից ուղերձ հղել նաեւ․ «․․․բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա, հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»։ Ուստի հորդորել է տեղահանված արցախցիներին՝ ապրել ու ստեղծագործել Հայաստանում ՝ դառնալով ՀՀ լիարժեք քաղաքացիներ։
Հիշեցնենք․ երբ Ղարաբաղը հանձնվում էր, Լաչինի միջանցքն ամիսներ շարունակ շրջափակված էր, իշխանական պաշտոնյաները շրջանառում էին մի թեզ, որ Հայաստանը չի պնդում Լաչինի ապաշրջափակում, որ Բաքուն չպահանջի Զանգեզուրի միջանցք։ Անգամ Արցախը հանձնվեց, բայց Նիկոլ Փաշինյանը տարիուկես անց Ադրբեջանին հանձնեց նաեւ Զանգեզուրի միջանցքը, թեպետ հիմա էլ պնդում են, թե միջանցք չէ, բայց չեն հստակեցնում ճանապարհի ռեժիմի եւ այլնի հետ կապված հարցեր, որոնք կփարատեն այդ կասկածները։
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ուղերձը համատեղ է՝ ոչ միայն Փաշինյանինը, այլեւ Բաքվի բռնապետինը՝ Ալիեւինը։ Անիմաստ, անհիմն բառերի կույտի տակ, Հակոբյանի խոսքով, Փաշինյանը մի նպատակ ունի՝ շանտաժ անել սեփական ժողովրդին․ «Նախ՝ եթե ինձ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք, շատ լավ հասկանալով, որ առնվազն հինգ տարի ժողովուրդը պարբերաբար հայտնել է իր անհամաձայնությունը, ցավոք, իրենից բացի որեւէ երկրորդ ուժ չի կարողացել տիրապետել փողոցի տեխնոլոգիաներին, այդ պատճառով էլ հեղափոխություն չի եղել։ Շանտաժ էր նաեւ այն, որ, ինչպես ինքն ասաց, Արցախի մասին խոսելը կվնասի ՀՀ-ին, հարատեւ խաղաղությանը։ Մինչդեռ մարդն ունի բնական իրավունք՝ ապրել իր բնօրրանում, այցելել նախնյաց շիրիմներին, ապրել բնականոն կյանքով»։
Եթե Հայաստանի ղեկավարն է այսպես մտածում, ապա ի՞նչ ակնկալել այլ պետություններից։ «Աշխարհի նման պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է դառնում, բայց միեւնույն ժամանակ աշխարհը չի կարող մերժել, չընդունել քո բնական իրավունքը, մենք էլ չենք կարող հետ կանգնել մեր բնական իրավունքներից, ինչն առնվազն ինքնաոչնչացում կնշանակի։ Մյուս կողմից՝ ունես երկրի ղեկավար, որը բացահայտ հայտարարում է, որ բռնաճնշումների կարող են ենթարկվել այն անձինք, ովքեր կխոսեն իրենց բնական իրավունքների մասին»։
Հարցրինք՝ արցախցիներին այդ բռնաճնշումների վա՞խն է հիմա հետ պահում բնական իրավունքների համար պայքարից, որովհետեւ ամիսներ առաջ իրենց վարկերի համար Արցախի ներկայացուցչության դռները կոտրող մարդիկ հիմա կառավարության դռան մոտ անգամ չեն կանգնում։ «Ինձ պես մտածող մարդիկ քիչ չեն, բայց, ցավոք սրտի, այլ ձեւաչափերով են պայքարում, ինչու ոչ՝ մի մասն անհասկանալի վիճակում է, դուրս չի գալիս շոկից, մի մասը վախենում է այսպիսի սպառնալիքներից, ոմանք տեղավորվել են իշխանությունների հովանու ներքո, իսկ այս իշխանությունների եւ նրանց մերձավորների կողմից ուղղորդված արցախցիների գործողությունները, որոնք, ինչպես Դուք նշեցիք, ներկայացուցչության դարպասներն էին կոտրում, կապ չունեն արցախցու իրավունքների համար պայքարի հետ, դրանք ցուցադրական քայլեր են՝ հօգուտ իշխանությունների, որով փորձում են տպավորություն ստեղծել, թե արցախցին վերադարձի նպատակ չունի, իր խնդիրը Հայաստանում մեծ փորով կուշտ ապրելն է։ Բայց ես վստահեցնում եմ՝ արցախցիների մեծ մասն անհաշտ է այս իրողության հետ, եւ դրսեւորումը վաղ թե ուշ լինելու է, մենք գնալու ենք մեր իրավունքների հետեւից, եւ եթե այդ ճանապարհին կան խոչընդոտներ, ապա դրանք անպայման վերացվելու են, եթե այդ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, իրենք պետք է հեռանան։ Դավիթ Գալստյանն ու մեր մյուս ընկերները դատվում են նրա համար, որ գնացել են իրենց իրավունքների հետեւից եւ չեն համաձայնել առանց հայրենիք ապրել»։
Փաշինյանն ասում է, որ եթե բարձրացվի արցախցիների եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների վերադառնալու հարցը, անմիջապես կծագի խորհրդային ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու հարցը։ Հիշենք, որ մի քանի տարի է՝ Ալիեւը վախեցնում է հայերին 300 հազար ադրբեջանցիներով․ «Դրանով միայն վախի մեջ են փորձում պահել մեր հայրենակիցներին, բոլորը լավ գիտեն, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը ոչ մի կապ չունի 300 հազար ադրբեջանցիների եւ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» հետ, Արցախը հայկական է, հայ ժողովուրդ է ապրել, որը ժամանակ առ ժամանակ քոչվոր ցեղի կողմից ասպատակության է ենթարկվել, դրանք ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում ապրող հայերն են»։
Բաց մի թողեք
Արդար և օրինական ընտրություններ․ Ինչ է դա
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա