24/08/2025

Թրամփը Պուտինի հետ «այլ բան է պայմանավորվե՞լ» հայ – ադրբեջանականի մասով

Փորձագիտական տեսակետ է տարածվում, որ Վաշինգտոն հայ-ադրբեջանական նախնական համաձայնություններն «ամուր չեն», որովհետև սկզբունքային պայմանավորվածությունը կայացել է Ալյասկայում:

Առերևույթ կարելի է վարկածել, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի համաձայնության ոչինչ չի անի: Աշխարհաքաղաքական «վերադասավորումների» իմաստով այս գնահատականը հիմնավոր կլիներ, եթե բացառեինք երկու շատ էական հանգամանք:

Նախ՝ Ալյասկային հաջորդել է նոր Վաշինգտոն, Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը հյուրընկալել է ոչ միայն Ուկրաինայի նախագահին, այլև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի առաջնորդներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և Եվրահանձնաժողովի նախագահին:

Միջազգային մամուլի արձագանքներից դատելով՝ եվրոպական առաջնորդներին հաջողվել է Դոնալդ Թրամփին համոզել, որ Ռուսաստանի նախագահի հետ «սեպարատ գործարքը» Եվրոպայի անվտանգությանը ծանր հարված կլինի:

Չափազանցություն կլինի ասել, որ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում Ալյասկայի պայմանավորվածությունները չեղարկվել են, բայց որ ուկրաինական կարգավորման գործընթացում նոր սկզբունքներ և տարրեր են հայտնվել, ակնհայտ է:

Կարելի՞ է համադրել հայ-ադրբեջանական և ուկրաինական կարգավորման գործընթացները: Ոչ: Որովհետև այն, ինչ ծրագրվում է Ուկրաինայի դեպքում, իսկ դա Պուտին-Զելենսկի համաձայնությունն է, Հայաստանի դեպքում արդեն կատարված փաստ է:

Գուցե հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի մշակմանը Վաշինգտոնը կամ Փարիզը մասնակցություն ունեցել են, բայց տեքստի վերջնական համաձայնեցումը տեղի է ունեցել երկկողմ ձևաչափում:

Այսինքն՝ կողմերն այլևս նախաստորագրված համաձայնագրի տեքստի վերաբերյալ որևէ վերապահում չունեն: Իսկ դրանից հետևում է, որ շահագրգիռ ուժային կենտրոնները չեն կարող Բաքվի և Երևանի վրա ֆորմալ ազդեցություն գործել:

Իհարկե, չի բացառվում, որ նրանցից մեկը կարող է կոշտ միջամտությամբ առհասարակ ձախողել հայ-ադրբեջանական կարգավորումը, բայց դա, հաստատ, չի լինի Ալյասկայում Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների շրջանակում:

Գուցե ԱՄՆ նախագահն օգոստոսի 8-ին վկայել է հայ-ադրբեջանական համաձայնությունը, իսկ 15-ին Պուտինի հետ «այլ բան պայմանավորվել»: