24/08/2025

Ինչու չեն կարգավորվում Վրաստան – ԵՄ հարաբերությունները

Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները նախկինի նման շարունակում են մնալ խորը ճգնաժամի վիճակում։ Եւ ինչպես Բրյուսելից են քննադատություններ հնչում Թբիլիսիի հասցեին, այնպես էլ Թբիլիսիից են սկսել համարժեք քննադատություններ հնչել Եվրամիության հասցեին։

Վրացական կառավարության ներկայացուցիչների կարծիքով, Բրյուսելն ամեն կերպ փորձում է խուսափել առողջ երկխոսությունից՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծականում փորձել է հասկանալ, թե ինչու ԵՄ-Վրաստան վեճը չի հանդարտվում, այլ ամեն անգամ նոր թափով է ծավալվում։

Բանն այն է, որ այս տարվա հոկտեմբերի չորսին Վրաստանում տեղի են ունենալու մունիցիպալ ընտրություններ։ Ընտրողները որոշելու են, թե ովքեր են լինելու քաղաքների ղեկավարները, ներառյալ՝ թե ով է ղեկավարելու մայրաքաղաք Թբիլիսին եւ մյուս մեծ քաաքները։ Ընտրվելու են նաեւ ռեգիոնալ օրենսդիր մարմինների անդամները։

Սակայն փաստացի դրանք համապետական նշանակություն ու հնչեղություն ունեն։ Ներկա դրությամբ ընդդիմության մեծ մասը հրաժարվել է մասնակցել այդ ընտրություններին։ «Ազգային միասնական շարժումը», «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների», «Ֆեդերալիստներ» եւ մի շարք այլ կուսակցություններ եւ քաղաքական ուժեր տեղական այդ ընտրությունները համարում են անլեգալ եւ պնդում, որ դրանք հիմնված են անօրինական պառլամենտական ընտրությունների հենքի վրա, որոնք տեղի ունեցան անցյալ տարի։

Սակայն, ըստ Մարկեդոնովի, ընդդիմադիր բոլոր ուժերը չէ, որ միացան այդ համատարած բոյկոտին։ Նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի եւ «Գործեր՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները արդեն մտել են նախընտրական արշավի մեջ։ Նրանք միասնական թեկնածու են առաջարկել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։ Վերջինս Իրակլի Կուպրաձեն է։

Կառուցողական ընդդիմությունը պնդում է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր ունեցած հնարավորությունները, մինչդեռ արմատական ընդդիմությունը գալիք ընտրությունները համարում է «Իվանիշվիլու սարքած ֆարսը»։

Իշխող ուժն էլ թեկնածուների հարցում կարծես թե արդեն որոշակիացել է։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար արդեն երրորդ անգամ կառաջադրվի Կախա Կալաձեի թեկնածությունը, թեեւ մինչեւ վերջերս կար ակտիվ բանավեճ, թե արդյոք «Վրացական երազանքը» կշարունակի խաղադրույք կատարել Կալաձեի վրա։ ԵՄ այս ամենին հետեւում է մեծ հետաքրքրությամբ։

Միության որոշ անդամ երկրները առավել խիստ մոտեցում են հանդես բերում «Վրացական երազանքի» հանդեպ։ Արմատական մոտեցման ջատագովները Բալթյան եռյակն է, որը հայտնվեց ինֆորմացիոն սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը բացահայտեց չափազանց տագնապալի մի իրականություն․ բրիտանացիների կողմից Բալթյան երկրներում իրականացվում է վրաստանցի քաղաքացիական ակտիվիստների ուսուցում։

Եթե հավատանք որոշ վրացական լրատվամիջոցների եւ բլոգերների հայտարարություններին, նրանց պատրաստում են հատուկ այն բանի համար, որպեսզի այս տարվա աշնանը՝ ընտրական շրջանում Վրաստանում փողոցային պայքար հրահրեն։ Այս ամենն էլ հենց, ըստ Մարկեդոնովի, թույլ չի տալիս, որպեսզի Բրյուսելն ու Թբիլիսին ի վերջո կարողանան իրար հետ լեզու գտնել։ Ուշագրավ է այստեղ մի նրբերանգ եւս։

Թբիլիսին քննադատում է Եվրոպային հետընթացի համար, իհարկե, սակայն չափազանց մեծ հարգանք է ցուցաբերում եւ զգուշավորություն Միացյալ Նահանգների եւ անձամբ Դոնալդ Թրամփի հանդեպ։ Միաժամանակ՝ քննադատելով եվրապաշտոնյաներին եւ նրանց որդեգրած գիծը՝ վրացի իշխանականները շարունակում են հավատարիմ մնալ Վրաստանի ընտրած արտաքին քաղաքական կողմնորոշմանը։