24/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը թանկ է նստելու հարկատուներիս վրա՝ 4 մլն դոլար փաստաբանների համար

«Տաշիր գրուպի» սեփականատեր, ավելի քան երկու ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, ինչպես կանխատեսում էինք, թանկ է նստելու հարկատուներիս վրա։

Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի եւ քմահաճույքների համար վճարելու ենք մենք՝ հպարտ քաղաքացիներս։ Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերից մեկը ՀԷՑ-ի դեմ գործընթացին է վերաբերում, մասնավորապես, Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործին։

Ըստ հիմնավորման՝ Ստոկհոլմի արբիտրաժում ՀԷՑ-ի վերաբերյալ քննվող գործով իր շահերը պաշտպանելու համար ՀՀ կառավարությունը 3,250,000 ԱՄՆ դոլար (չի ներառում հարկերը, փորձագիտական, կեցության, տրանսպորտային, թարգմանչական, արբիտրաժային վարույթի ծախսերը) արժեքով պայմանագիր է կնքելու ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ, դրանից զատ՝ վարչապետի աշխատակազմը հիշյալ աշխատանքների իրականացման համար առաջարկում է այս տարվա երկրորդ կիսամյակում իրեն հատկացնել 1,093,750 դոլարին համարժեք դրամ, քանի որ, ըստ նախագծի, «ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար եւս», այսինքն՝ մինչ պայմանագրի կնքումը անհապաղ վճարումների համար։

Հիշեցնենք․ ՀԷՑ-ը պետականացնելու ապօրինի գործընթացի մեկնարկին ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարան, ապա հայտարարել, որ ՀԷՑ-ը պետականացնելուն միտված գործով հաղթել են ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում: «Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի ՀՀ գործողությունները «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»,- ասված է հայտարարության մեջ։

Արբիտրաժային դատարանում պետության շահերը պաշտպանելու գործընթացի համար, այսպիսով, առայժմ ավելի քան 4 միլիոն դոլոր է հատկացվելու, եւ չկա որեւէ երաշխիք, որ այսքանով սահմանափակվելու են։ Կառավարության նախագծի  հիմնավորման համաձայն՝ արբիտրաժային գործով հայցվորները հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։

«Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում»,- պարզաբանում են կառավարությունից։

«Միջազգային արբիտրաժային գործերով նախկինում եւս նման ծավալի հատկացումներ կատարվել են, այլ հարց, որ նման ծավալի եւ նման ինտենսիվության, պետության շահերի տեսանկյունից ռիսկային գործեր քիչ են եղել, ռիսկային՝ ինչ իմաստով եմ ասում, հաջողության հավանականությունը շատ ցածր լինելու, այլ կերպ ասած՝ որքան բարձր է ռիսկը հաջողություն չունենալու, այդքան, հավանաբար, ավելի մեծ ծախսեր են կատարում՝ ներկայացուցչություն ապահովելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը։

Մինչդեռ, փաստաբանի կարծիքով, պետությունը հարկադրված չէր լինի նման ծախս կատարել հարկատուներիս հաշվին, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը հրատապության կարգով քններ իրենց խմբի՝ դեռեւս հուլիսի 11-ին ներկայացրած դիմումը, որով վեճի առարկա նորմը՝ ժամանակավոր կառավարչի նշանակումը,  եւ նման այլ՝  Վարդեւանյանի պնդմամբ, ակնհայտ հակասահմանադրական գործողությունները ճանաչեր հակասահմանադրական, ապա նման ծախսի անհրաժեշտություն չէր լինի․ «Եթե ՍԴ-ն սեղմ ժամկետներում ընդուներ վարույթ եւ բավարարեր դիմում-միջնորդությունը, որ այդ նորմը, որով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել, պետք է ի սկզբանե կասեցվեր, ապա հակված եմ, որ այն ծախսը, որ այս փուլում նախատեսված է կատարել ՀՀ պետական բյուջեով, ընդհանրապես  չէր կատարվի, քանի որ չէր լինի կառավարչի նշանակում, չէր լինի արբիտրաժային վեճ։ Այսօր օգոստոսի 20-ն է, բայց ՍԴ-ն դեռեւս վարույթ ընդունելու կամ որեւէ այլ որոշում չի կայացրել, այն, որ նշվածը քաղաքական որոշում էր, որ պետք է նման հակասահմանադրական օրենքների փաթեթ ընդունվեր, եւ որը պայմանավորված էր գործադիր իշխանության ղեկավարի՝ հունիսի 17-ի ֆեյսբուքյան գրառումներից ակնհայտ էր, բայց ՍԴ-ն ըստ Սահմանադրության պետք է հանդես գա՝ վերիշխանական մարմին»։

Վարդեւանյանի խոսքով՝ քանի դեռ չի հրապարակվել ամերիկյան իրավաբանական ընկերության հետ պայմանագիրը, չենք կարող վստահ լինել, որ կառավարությունը կսահմանափակվի ավելի քան 4 մլն դոլարի հատկացումով․ «Մենք չգիտենք, թե, ի վերջո, ինչ ժամկետներով է այդ պայմանագիրը կնքվում, եւ այդ ծառայությունները մատուցվելու են ինչ պայմաններում, արդյոք կա՞ն դրույթներ, որ, օրինակ, ենթադրելու են լրացուցիչ ծախսերի հնարավորություն, բայց նույնիսկ սրա մասին չխոսելով հանդերձ, ակնհայտ է, որ այս փուլում մենք գործ ունենք մեծ ծախսերի հետ եւ չենք խոսում այն ծախսերի մասին, որ երբ ՀՀ կառավարությունը ձախողվի արբիտրաժային դատարանում եւ չկատարելով արբիտրաժի որոշումը, որը եւս իրենից ենթադրում է հավելյալ փոխհատուցման պարտականություն, չկատարման բացասական հետեւանքներից մեկը լինելու է նյութական, այդ պայմաններում, ի վերջո, ինչի համար է այս ամենը, եւ ինչու պետք է մենք ՀՀ պետական բյուջեից նման ծախսեր կատարենք»։