Նոր ուսումնական տարին նոր մտահոգություններ է առաջացրել: Շիրակի մարզում էլ մտահոգություններ կան, քանի որ շատ դպրոցներում առաջին դասարանցիների թիվը ցածր է, մասնագետների պակաս կա:
Հրապարակ թերթը գրել է․ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով` մարզում առաջին դասարանցիների թիվը 2 հազար 635-ն է` անցած տարվա համեմատ 164 աշակերտով պակաս, մարզի բոլոր դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը 31 հազար 648-ն է։
Մարզպետարանի տվյալների համաձայն` Ջաջուռի կայարանի տարրական դպրոցը, Գտաշենի, Արդենիսի, Զորակերտի, Շաղիկի եւ Զարիշատի դպրոցներն առաջին դասարանցի չեն ունեցել, իսկ 10 դպրոցում՝ Կառնուտ, Նոր Ախուրյան, Թավշուտ, Սիզավետ, Գոգհովիտ, Կաքավասար, Սարագյուղ, Հարթաշեն, Գառնառիճ եւ Աղվորիկ, գրանցվել է ընդամենը մեկական առաջին դասարանցի։ Առանց այդ էլ այս տխուր պատկերին մեկ այլ խնդիր է ավելացել։
Կառավարության հրամանով միայն Շիրակի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 48 գյուղական դպրոց՝ միավորելով հարեւան դպրոցների հետ։ Մարզի Գետք, Մեղրաշատ եւ այլ սահմանամերձ համայնքների բնակիչները դեմ են իրենց դպրոցները փակելուն եւ երեխաներին հարեւան գյուղ դասի տանելուն։
Չնայած հիմնավորում են, թե նպատակը կրթության որակը բարձրացնելն է, ուսուցիչների արդյունավետ բաշխումն ապահովելը, նյութական եւ տեխնիկական պայմանները բարելավելը, ինչպես նաեւ՝ աշակերտների համար անվտանգ տրանսպորտ կազմակերպելը, ոլորտի պատասխանատուները վստահեցնում են` որոշումը ռիսկային է, եւ բնակիչների կարծիքն է անտեսվում։ Մտահոգիչ է նաեւ այն, որ որոշ գյուղերում` հատկապես սահմանամերձ, փոքր դպրոցների աշակերտների թիվը եւ ուսուցիչների պակասը կարող են զգալի ազդեցություն ունենալ համայնքների կրթական եւ անվտանգության իրավիճակի վրա։
Շատերը հարեւան գյուղ երեխային դպրոց չտանելու համար գերադասում են ընտանիքով քաղաք տեղափոխվել։ Դպրոցների միավորման արդյունքում բազմաթիվ ուսուցիչներ կզրկվեն աշխատանքից։ Ուշագրավ է նաեւ, որ օպտիմալացման գործընթացում որոշ դեպքերում շենքային իդեալական պայմաններով դպրոցները փակվելու են, փոխարենը հարեւան գյուղում դպրոց է կառուցվում։
Օրինակ, Անիի տարածաշրջանում, կառավարության որոշմամբ, 2 դպրոց է կառուցվում, մինչդեռ Գուսանագյուղի դպրոցն իդեալական վիճակում է, բայց պետք է փակվի։
Շիրակի մարզի բազմաթիվ գյուղական դպրոցներում որոշ առարկաներ քաղաքի դպրոցների ուսուցիչների կողմից հեռավար են դասավանդվում, քանի որ դպրոցներում համապատասխան մասնագետներ չկան։ Ի տարբերություն գյուղական համայնքների, մարզկենտրոն Գյումրիում պատկերն այլ է։
Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր դպրոցում մասնագետների պակաս չկա, բոլորն ատեստավորված մասնագետներ են: Աշակերտների թիվն էլ բավարար է` ի տարբերություն գյուղական դպրոցների, որտեղ իրավիճակը տխուր է, բայց դա հասկանալի է՝ դեմոգրաֆիական խնդիր է: Ինձ մի փոքր ուրախացնում է այն, որ դպրոցները պարբերաբար վերանորոգվում են, նույնիսկ հիմնովին են կառուցվում, եւ կարծում եմ, որ այդ պայմանները գոնե կնպաստեն, որպեսզի աշակերտների թիվը գյուղերում աճի»:
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի