10/09/2025

Ինչու են Փաշինյանի ու Ալիևի շահերը համընկնում նաև այս հարցում

Նախօրեին Բաքուն հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս լուծարված է` մի բան, որի մասին հայր եւ որդի Ալիեւները երազում էին 3 տասնամյակ շարունակ։

Հրապարակ թերթը գրել է․ Արցախյան հիմնախնդրի հարցով ստեղծված միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը, որտեղ բալանսավորված մոտեցում էր ցուցաբերվում խնդրին, ու առկա էին միջազգային երաշխավորներ՝ ունակ Բաքվին հակակշռելու, ոչնչացվեց։ Իհարկե, դեր խաղացին նաեւ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ ծագած բարդ հարաբերությունները, ուկրաինական կոնֆլիկտը, բայց ՀՀ իշխանությունների ցանկության դեպքում ձեւաչափը կարող էր գործել՝ առնվազն Արցախ հավաքական վերադարձի իրավունքի օրակարգով, ինչի մասին են վկայում Կանադայից ու Շվեյցարիայից ստացված ուղերձները։ Բայց Փաշինյանի պլաններն այլ էին` համահունչ ոչ թե 120 հազար տեղահանված արցախցիների՝ իրենց բնօրրան վերադառնալու հույսերին, այլ՝ Ադրբեջանի շահերին։

«Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը», – օկուպացված Քարվաճառում 2 օր առաջ ցնծում էր Ալիեւը։ Մինսկի խմբի համանախագահությունը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի, ստեղծվել է 1994թ.՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում: Սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից: ԵԱՀԿ ՄԽ լուծարումն Ադրբեջանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված պահանջներից հերթականն էր, որն իրականացվեց Վաշինգտոնում՝ Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տալու հետ միասին։ Բաքվի բռնապետն իր հայաստանցի գործընկերոջը դրա դիմաց նույնիսկ վերջնական ստորագրված խաղաղության համաձայնագիր չշնորհեց, այն դեպքում, երբ Երեւանից հայտարարում էին, որ կստորագրեն ՄԽ լուծարման դիմումը պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։ Փաշինյանը Վաշինգտոնից Երեւան եկավ մի նախաստորագրված թղթով, իսկ Ալիեւը Բաքու գնաց իր համար ատելի ՄԽ-ի «մահախոսականով»՝ գումարած մյուս զիջումները։

Ալիեւը, որը 2016թ․ ապրիլյան քառօրյայից հետո խոստովանել էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սրանով փորձում է միջազգային օրակարգում եւս փակել Արցախի հարցը: Եվ, փաստացի, նրան այդ գործում աջակցում է Նիկոլ Փաշինյանը, որն այդպես էլ չհրապարակեց 2019-ին եռանախագահողների վերջին փաստաթուղթը՝ Լավրովի պլանը, որով հնարավոր կլիներ կանխել այն աղետը, որը Փաշինյանը բերեց հայ ժողովրդի ու Արցախի գլխին։ Փաստաթուղթն առաջարկում էր 5+2 տարբերակով շրջանների վերադարձ՝ ԼՂ կարգավիճակն ազատ կամարտահայտությամբ՝ չսահմանափակված օրակարգով որոշելու դիմաց։ Մի բան, որն այսօր երազանք է թվում։

ԵԱՀԿ ՄԽ-ն կողմերին մի քանի առաջարկ է արել՝ 1997 թ. «փաթեթայինից» մինչեւ «փուլային», 1998-ի «ընդհանուր պետություն», ապա Քի Վեսթ ու 2007-ի Մադրիդյան սկզբունքներ, որոնք հիմնված էին Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար ու հավասարազոր սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման:

Հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացավ հետագա բանակցային գործընթացը՝ մինչեւ Փաշինյանի կողմից դրա տապալումը։ Այն, որ Ալիեւը փափագում էր ազատվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններից, հասկանալի է։ Նա փորձում է ամրացնել զենքով ու ագրեսիայով ձեռք բերածը, բացառել այն երբեւէ կասկածի տակ դնելու հնարավորությունն անգամ։

Փաշինյանն էլ հապշտապ ու ինքնամոռաց գնալով ձեւաչափի լուծարման, թերեւս հույս ունի փակել 2019 թ. փաստաթղթի թեման ու իր պատասխանատվության հարցն այդ մասով։ Այդ առաջարկներից Փաշինյանի հրաժարվելը հայ ժողովրդին պատերազմ, զավակների ու հայրենիքի կորուստ արժեցավ։ Թերեւս սրանով են պայմանավորված նրա ցայտնոտային ջանքերը՝ հայ հասարակությանը համոզելու, թե արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը երբեք, ոչ մի փուլում չի բխել մեր շահերից։ Այստեղ, իհարկե, պարզ հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ի՞նչ է տոնում Ալիեւն այս օրերին։

Փակվո՞ւմ է Արցախի հարցը ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարմամբ։ Միջազգայնագետներն ու դիվանագետները պնդում են՝ ո՛չ։ Հայակենտրոն իշխանության ու աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների պայմաններում դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առնվազն հավաքական վերադարձի իրավունքի արդարացի պահանջը կարելի կլինի բերել օրակարգ՝ գուցե այլ ֆորմատով ու ավելի բարդ ճանապարհով, քան կարող էր լինել տասնամյակներ գործած ձեւաչափը պահպանելու դեպքում։